Տրանսպորտ
From Wikipedia, the free encyclopedia
Տրանսպորտ (լատին․՝ trans - "մեջ", portare - "տանել"), տնտեսության առանձին ճյուղ, որը սպասարկում է զանազան տեսակի փոխադրումներ, հաղորդակցության միջոցների ամբողջություն։ Տրանսպորտ ասելիս հաճախ ի նկատի ունեն նաև առանձին տեսակի փոխադրամիջոցները[1]։ Տրանսպորտի տեսակների թվում են օդային, ցամաքային (երկաթուղային և ճանապարհային), ջրային, մալուխային, տիեզերական փոխադրամիջոցները և խողովակաշարերը։ Ոլորտը ներառում է 3 հիմնական բաղկացուցիչ մաս՝ ենթակառուցվածքները, փոխադրամիջոցները և վերջիններիս շահագործումը։ Տրանսպորտը մեծ նշանակություն ունի, քանի որ թույլ է տալիս զբաղվել առևտրով, ինչը կարևոր է քաղաքակրթությունների զարգացման համար։
Ենթակատեգորիա | կամային քայլ, նյութական հոսքեր | |
---|---|---|
Կիրառությունը | ճանապարհորդություն, լոգիստիկա, փոխադրում | |
Հետևանք | Մթնոլորտի աղտոտում | |
Հետազոտվում է | գիտություն տրանսպորտի մասին | |
Թեմայի աշխարհագրություն | տրանսպորտի աշխարհագրություն | |
Բնութագրվում է | փոխադրամիջոցի տեսակ | |
Ով է կիրառում | բեռնակիր | |
Կազմված է | փոխադրամիջոցի տեսակ, Երկաթուղի |
Տրանսպորտային ենթակառուցվածքը բաղկացած է ֆիքսված համակարգերից՝ ճանապարհներից, երկաթուղիներից, ջրային ուղիներից, ջրանցքներից և խողովակաշարերից, տերմինալներից (օրինակ՝ օդանավակայաններից), երկաթուղային կայաններից, ավտոկայաններից, պահեստներից, բեռնափոխադրման տերմինալներից, լցավորման դեպոներից (այդ թվում նաև լցավորման հարթակներից և լցակայաններից) և նավահանգիստներից։
Այս ցանցերով երթևեկող փոխադրամիջոցների թվում են մեքենաները, հեծանիվները, ավտոբուսերը, գնացքները, մարդիկ, ուղղաթիռները, նավերը, տիեզերանավերը և օդանավերը։
Շահագործում ասելով հասկանում ենք փոխադրամիջոցների կառավարումը, որն իրականացվում է դրա համար նախատեսված ընթացակարգերով՝ ֆինանսավորմամբ, օրինական կարգավորմամբ և տրանսպորտային քաղաքականությամբ։ Տրանսպորտային արդյունաբերության մեջ կառավարումը և ենթակառուցվածքների սեփականությունը, կախված երկրից և տեսակից, կարող է լինել հանրային և մասնավոր։
Ուղևորատրանսպորտը լինում է հասարակական (մատուցող կողմը ժամանակագրված ծառայություններ տրամադրում է) և անձնական։ Բեռնափոխադրող միջոցները մեծ մասամբ զբաղվում են բեռնարկղավորմամբ, չնայած որ մեծածավալ և դիմացկուն իրերը հնարավոր է փոխադրվել նաև ոչ տարային փոխադրամիջոցներով։ Տրանսպորտի դերը մեծ է տնտեսական աճի և գլոբալացման գործում, սակայն փոխադրամիջոցների բազում տեսակներ աղտոտում են օդը և զբաղեցնում մեծ հողատարածքներ։ Կառավարությունները զգալիորեն ֆինանսավորում են տրանսպորտը, ուստի անհրաժեշտ է հնարավորինս արդյունավետ նախագծել տրանսպորտային ենթակառուցվածները՝ երթևեկությունը ճիշտ կազմակերպելու և քաղաքային բնակավայրերի տարածումը սահմանափակելու համար։