Սելջուկներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սելջուկներ (թուրքերեն՝ Selçuklular, թուրքմ.՝ Seljuklar , պարս.՝ سلجوقیان Saljuqiyân, արաբ․՝ السلاجقة), իսլամացած օղուզների[1] (թուրքոմաններ[2], միջնադարյան օղուզների միավորում[3][4][5][6]) մի ճյուղ, որն ի սկզբանե բնակվում էր Սիրդարյայի շրջանում[1]։

Անունը ստացել է իր ցեղի գլխավոր առաջնորդ Սելջուկից, ով, ըստ լեգենդի, 955 թվականին բնակություն է հաստատել ժամանակակից Ղազախստանի տարածքում, Սիրդարյայի ափին գտնվող Ջենդում. նրա թոռներն էին նվաճողներ Տուղրիլ բեկը և Չաղրի բեկը։ Սելջուկների ինքնակալ սուլթաններ էին Տուղրիլ բեկը (1035, 1058-1063), Չաղրի բեկի որդի Ալփ-Արսլանը (1063-1072), Մելիք շահ I-ը (1072-1092), սուլթան Սանջարը (1118-1157)։
Remove ads
Ծագում
Գոյություն ունի սելջուկների ծագման մի քանի վարկածներ։ Մահմուդ ալ-Քաշգարին թյուրքական լեզվի իր հանրագիտարանային բառարանում «Divan lugat at-Turk», որը գրվել է 1074 թվականին, նշում է, որ սուլթանները (ամենայն հավանականությամբ սելջուկներ[7]) ծագում են օգուզական (թուրքմենական) քընըք ցեղից[8]․
Օգուզը թյուրքական ցեղերից է (կաբիլե), նրանք նույնպես թուրքմեններ են։ Բաղկացած են 22 տոհմից (բատն)։ <…> Դրանց առաջինը և գլխավորը (ցեղը) Քընըքն է։ Մեր ժամանակներում այս տոհմից են սուլթանները։
Խիվայի խան և 17-րդ դարի պատմիչ Աբու ալ-Ղազին իր «Թուրքմենների ծագումնաբանություն» պատմական աշխատության մեջ նույնպես նշում է, որ հարստության հիմնադիր Սելջուկը ծագում է օղուզների քընըք ցեղից[9]։ Նրանց հետ համաձայն է խորհրդային և ռուս հայտնի պատմաբան և արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը[10]․
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե այն ժողովրդի իշխանության ներկայացուցիչները, որտեղից նրանք եկել են, Սելջուկի ժառանգների պետությունում ավելի դժվար է, քան Կարախանների պետությունում։ <…> Եվ այնուամենայնիվ, նրանք իրենց ճանաչում էին ոչ միայն որպես օղուզ կամ թուրքմեն, այլ նաև օղուզական 24 տոհմերից (ըստ Մահմուդ Քաշգարիի՝ 22) մեկից՝ քընըք տոհմից (այդպիսի արտասանություն է ցույց տալիս Մահմուդ Քաշգարին)։
Էդգարդ Բլոշեն և Նեջիպ Ասըմ Յազըքսըզը սելջուկների մոնղոլական ծագման կողմնակիցներ են։ Նրանց կարծիքով սելջուկյան խմբավորումը ձևավորվել է նիրուն-մոնղոլական Սալջիութ ցեղից[11][12]։ Սելջուկները, ըստ Նեջիպ Ասըմի, համարվում են սերված քրիստոնեական կրոն դավանող կերեիտներից կամ նայմաններից։ Այս տոհմի հիմնադիրը եղել է Սելջուկը (Սալջիկ, Սալչիկ), որը, ըստ վարկածներից մեկի, ծառայության մեջ է եղել Միջին Ասիայի թյուրքա-մոնղոլական տիրակալներից մեկի մոտ[13][14]։
Ըստ Զեքի Տողանի և Դուգլաս Դանլոպի՝ սելջուկյան խմբավորումը ծագում է խազարական թյուրքերից։ Այս միավորման գլխին կանգնած հարստությունը, ըստ այս վարկածի, դուրս է եկել օղուզական ցեղերի միջավայրից[13][14][15][16]։
Գուստավ Վեյլը կարծում էր, որ Սելջուկների հարստության հիմնադիրը սկզբում ծառայության մեջ է եղել Բեյգու անունով «ղրղզ» տիրակալի մոտ[17]։ Նմանատիպ տեսակետին կողմնակից է Կարլ Բրոքելմանը, ով սելջուկներին համարում է «ղրղզական» տափաստաններից դուրս եկած[13][14][18]։
Remove ads
Պատմություն
Մոտավորապես 10-րդ դարի կեսերին Սելջուկը «իր ցեղի ու հպատակների» հետ գնում է Մավերաննահրի սահմանները, այնտեղից էլ՝ Սիրդարյայի ստորին հոսանքները, որտեղ էլ ընդունում է իսլամ։ Սելջուկն իր որդու՝ Արսլան Իսրայելի հրամանատարությամբ ռազմական ջոկատ է ուղարկում Բուխարա՝ օգնելու Սամանյան տիրակալ Նուհ իբն Մանսուրին։ Դրա շնորհիվ Սամանիներին հաջողվում է վերադարձնել իրենց պետության մայրաքաղաքը։ 10-րդ դարի վերջում Մավերաննահրը նվաճում են Ժետիսուից և Կաշգարից այստեղ ներխուժած թյուրքերի առաջնորդները՝ Կարախանները։ Հասարակական սուր հակասություններից բզկտված Սամանյան պետությունը փլուզվեց նվաճողների հարվածների տակ։
11-րդ դարի առաջին երրորդում սելջուկների ցեղային միավորումը բաժանվեց մի քանի անկախ խմբավորումների։ Նրանցից առաջինը՝ Մուսայի, Դաուդի և Մուհամմեդի գլխավորությամբ, մնացին Մավերաննահրում։ Նրանք քոչվորություն էին անում Նուրաթաու լեռներից մինչև Խորեզմ։ Երկրորդ խմբավորումը հայտնվեց Բալխանյան լեռներում, արևմտյան Մերձկասպիայում և Հյուսիսային Խորասանում։ Երրորդ խմբավորումն հայտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գուրգանի, Ռեյի և Սպահանի շրջաններ։
1030-ական թվականներին սելջուկները վասալական պայմաններով Ղազնևիներից ստացան հողեր Խորասանում, բայց շուտով ապստամբեցին նրանց դեմ և 1040 թվականին հաղթեցին նրանց ժամանակակից Թուրքմենստանի տարածքում գտնվող Դանդանականում։ 1040-1050 թվականներին սելջուկները Տուղրիլ բեկի (1038-1063) գլխավորությամբ գրավեցին Խորեզմի հողերը, գրեթե ողջ Իրանը և Քուրդիստանը։ 1055 թվականին գրավվեց Բաղդադը և ամբողջ Իրաքը։ Ալփ-Արսլանի (1063-1072) օրոք նվաճվեց Հայաստանը (1064)[19] և 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում հաղթանակ տարավ բյուզանդացիների նկատմամբ։ 1071-1081 թվականներին նվաճվեցին Փոքր Ասիան և որոշ այլ տարածքներ։ Սելջուկյան պետությունն իր ամենամեծ քաղաքական հզորությանը հասավ սուլթան Մելիք շահի օրոք (1072-1092)։ Նրա օրոք կախյալ վիճակում էին Վրաստանը և Կարախանական պետությունը Կենտրոնական Ասիայում[20]։
Վեզիրի՝ միջնադարյան «վարչապետի» պաշտոնը ամենաբարձրն էր Սելջուկյան կայսրությունում։ Վեզիրը կարևոր դեր է խաղացել ոչ միայն ներքին կառավարման, այլև պետության արտաքին քաղաքականության վարման գործում։ Սելջուկյան ամենահայտնի վեզիրը Աբու Ալի ալ-Հասան իբն Ալի իբն Իսհակ ալ-Թուսին էր (1017-1092), որը կրում էր Նիզամ ալ-Մուլքի («Պետության կազմակերպիչ») պատվավոր կոչումը։ Այս կարևորագույն պետակական պաշտոնը նա զբաղեցրել է քսան տարի և Մելիք շահի կառավարման օրոք։ Նիզամ ալ-Մուլքը շատ բան է արել կայսրության բյուրոկրատիան պարզեցնելու և կայունացնելու համար։ Նրա գրեթե երեսուն տարվա պետական գործունեության ավարտին հիմնականում ավարտվեց հսկայական կայսրության կառավարման բարդ և ճյուղավորված համակարգի ձևավորման գործընթացը։
Օգուզա-թուրքմենական և այլ թյուրքական ցեղերի ռազմական քոչվոր ազնվականությունը դրսևորում էր կենտրոնաձիգ ձգտումներ, իսկ իրանական քաղաքացիական բյուրոկրատիան շահագրգռված էր ուժեղ կենտրոնական սուլթանի իշխանության գոյությամբ։ Մելիք շահի օրոք շարունակվեց ֆեոդալական մասնատման գործընթացը։ Ձևավորվեցին սուլթանություններ, որոնցում իշխում էին սելջուկյան դինաստիայի ճյուղերը, որոնք միայն անվանապես էին կախված կենտրոնական իշխանությունից («Մեծ Սելջուկից»).
- Քերմանի սուլթանություն (1041-1187),
- Իկոնիայի սուլթանություն (Ռումի) (1077-1307),
- Սիրիական սուլթանություն (1094-1117)[20]։
Խաչակրաց առաջին արշավանքից հետո (1096-1099) սելջուկները կորցրին Պաղեստինը, Սիրիան, Փոքր Ասիայի առափնյա շրջանները և Վրաստանը։ Մելիք շահի մահից հետո ֆեոդալական կռիվները բարդացան Իսմայիլական շարժման պատճառով։ 1118 թվականին սելջուկյան պետությունը բաժանվեց Մելիք շահի որդիների՝ Սանջարի և Մահմուդի միջև։ Առաջինը ստացավ արևելյան շրջանները՝ մայրաքաղաք Մերվով, իսկ երկրորդը՝ արևմտյան Իրանն ու Իրաքը (այսպես կոչված Իրաքի սելջուկյան սուլթանությունը, 1118-1194)։ Սանջարը (1118–1157) պայքար է մղում անկախության ձգտող խոշոր սահմանամերձ ֆեոդալների դեմ։
1141 թվականին Կատվան տափաստանում տեղի ունեցած ճակատամարտում Կարա խիտայների կողմից սելջուկյանների պարտությունը հանգեցրեց նրանց պետության վերջնական փլուզմանը և Կենտրոնական Ասիայում քաղաքական դիրքերի կորստին։ Պարտվելով Կարախիտայներից՝ Սանջարը կորցրեց իր գերագույն իշխանությունը Միջին Ասիայի վրա (1141)։
1153 թվականին օղուզները կողոպտեցին Մերվը, Նիշապուրը, Տույեն և Խորասանի այլ քաղաքները։ Սանջարի մահից հետո (1157) Խորասանում դադարեց «Մեծ սելջուկների» իշխանությունը։ Խորեզմշահների հետ երեսուն տարվա ֆեոդալական կռիվը հանգեցրեց նրան, որ սելջուկները կորցրին Խորասանը, Քերմանը և արևմտյան Իրանը։ Սելջուկյանները պահպանեցին միայն Իկոնիայի սուլթանությունը[20]։
Remove ads
Սելջուկյան հարստություն
Սելջուկյանները թյուրքական[21][22][23] հարստություն են։
Սելջուկների (կամ սելջուկյանների) ճյուղերը.
- Գլխավորը՝ Մելիք շահի ժառանգները, թագավորել են տերության կենտրոնում և արևելքում, բայց աստիճանաբար նրա տարածքը զիջել են աթաբեկներին։ Սուլթաններ՝ իր մոր՝ Թուրքան-խաթունի կողմից ղեկավարվող Մահմուդը (1092-1094), նրա եղբայր՝ Բերքյարուկը (1092-1104) և նրա որդի՝ Մելիք շահ II-ը (1105), երրորդ եղբայր՝ Մուհամմեդ I-ը (1105-1118) և նրա զավակներ՝ Մահմուդ II-ը (1118—1131), Տուղրիլ II-ը (1131—1134) և Մասուդը (1134—1152), Մելիք շահ I-ի չորրորդ որդի՝ Ահմադ Սանջարը (1097, 1119-1157)․ ապա աթաբեկների կամքով նշանակված մի շարք սուլթաններ՝ Մելիք-շահ III-ը (1152-1153), Մուհամմեդ II-ը (1153-1160), Սոլեյման-շահը (1160), Արսլան իբն-Տուղրիլը (1160-1177), Տուղրիլ III իբն-Արսլանը (1177 -1194), գահընկեց արված Ելտկուզյանների կողմից, Խորասանում Սանջարի եղբորորդին՝ Մահմուդ իբն Մուհամեդը (1157-1162), գահընկեց արվել և կուրացվեց էմիր Մոայադի կողմից։
- Քերմանը՝ Ալփ-Արսլանի եղբոր՝ Քավուրդի (սպանված, ապստամբության համար, 1074 թվականին) և նրա որդու՝ Թուրան-շահ I-ի սերունդները, որը զգալի կախվածությունից օգտվել էր դեռևս Մելիք-շահ I-ի օրոք։ Այս ճյուղի խաղաղասեր տիրակալները խաղաղություն բերեցին Քերմանին մինչև 1170 թվականը, բայց հետո այստեղ սկսվեցին քաղաքացիական կռիվները, և 1198 թվականին Խորեզմշահերը տիրեցին Քերմանին։
- Սիրիա-միջագետքյան` Մելիք շահի հավատարիմ եղբոր, բայց Բերքյարուկի թշնամի Թութուշ Դամասկոսցու (սպանված 1095 թ.) ժառանգները։ Թութուշի երեխաների՝ Ռիդվան Հալեպցու (մահ․ 1114) և Դոկակ Դամասկոսցու (մահ․ 1128) երկպառակտչական պատերազմը կործանեց հարստությանը և թույլ տվեց մանր էմիրներին ձեռք բերել լիակատար անկախություն։
- Փոքրասիական (այլ կերպ՝ Իկոնիական)՝ Քուտալմիշի (Տուղրիլ բեկի եղբորորդի) և նրա որդի Սուլեյմանի (1081-1086) ժառանգները. Կիլիջ-Արսլան Iը (1092-1107), նրա որդին, ով կռվել է Բարբարոսաայի հետ, Քութբադդին (1190), Քեյխոսրով Ա (1164—1211), զոհվել է Թեոդորոս Ա Լասկարիսի հետ պատերազմում, նրան ժամանակավորապես վտարած Ռուքնեդդին Սուլեյման (մինչև 1204), Լասկարիսին և Տրապիզոնի կայսր Ալեքսիոս Ա Մեծ Կոմնենոսին հաղթող Քեյքավուս I (1211-1219), Մելիք Աշրաֆի և Ալ-Կամիլի հակառակորդ Քեյղուբադ Ա (1219—1234), մոնղոլներին ենթարկված Քեյխոսրով Բ (1237-1244)։ Նրա թշնամական զավակները՝ մոնղոլներին ծառայող Քեյքավուս Բ-ին (մինչև 1262) և Կիլիջ-Արսլան Դ-ին (մինչև 1265), մոնղոլները հաստատել են մեկ միաժամանակ, մեկ փոփոխակի։ Կիլիջ-Արսլան Դ-ի որդին՝ Քեյխոսրով Գ-ն (1265-1284) սպանվում է իշխան Արղուն-խանի օրոք, իսկ Քեյքավուս Բ-ի որդին, վերջին Սելջուկյանը՝ Մասուդ Բ-ն, մահանում է աղքատության մեջ մոտավորապես 1309 թվականին։ Ըստ այլ տեղեկությունների, նրան տապալել է Ղազան խանը 1295 թվականին, իսկ 1297 թվականին Իկոնիայի սուլթանությունը փոխանցվել է Ալաեդդին Քեյղուբադ Գ-ին, որի ճակատագիրն ամբողջովին անհայտ է։
Remove ads
Պատկերասրահ
- Տուղրիլի աշտարակ, 12-րդ դարի հուշարձան։
- Սելջուկյան արական թագավորական գործչի գլուխ, 12-13-րդ դարեր, գտնվել է Իրանում։
- Սելջուկյան ժամանակաշրջանի արվեստ. սափոր Հերաթից, թվագրված 1180-1210 թվականներով
Բրիտանական թանգարան - Հավաքածու շատրանջ (ֆրիտային ճենապակի) խաղալու համար։ Իրան, 12-րդ դար։
Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուից
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads