Ղազախստան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ղազախստան[1] (ղազ.՝ Қазақстан [qɑzɑqˈstɑn], ռուս․ ՝ Казахстан), եվրասիական պետություն է։ Նախկինում մի տևական ժամանակ, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917 թվական) հետո, մինչև 1936 թվականին Ղազախստանը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում, մինչև անկախացումը (1991 թվական) ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ և մյուս 14 հանրապետությունների հետ միասին ուղղակիորեն ենթարկվել է միութենական կենտրոնական կառավարությանը։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Աստանա։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղազախստան (այլ կիրառումներ)
Ղազախստանը ընդարձակ, բերրի հողերով ծածկված տափաստանների, ինչպես նաև անջուր անապատների երկիր է։ Նրա ընդերքում հայտնաբերված են մարդկությանը հայտնի գրեթե բոլոր օգտակար հանածոները։
Ղազախստանին բնորոշ է տարածքի յուրացվածության ցածր մակարդակը, նոսր բնակեցվածությունը, այն Կենտրոնական Ասիայի՝ տարածքով ամենամեծ պետությունն է[2]։ Ներկայումս տնտեսական զարգացման գլխավոր ուղղվածությունը հումքային բնույթից հրաժարումն է, մշակող ճյուղերի զարգացման խրախուսումը, տեխնոլոգիական հետամնացության հաղթահարումը և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը։
Remove ads
Պատմություն
2018 թվականի հունվարի 1-ին՝ պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսում է նախագահել Ղազախստանը[3]։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ այս կարգավիճակում Աստանայի առաջնահերթություններից են դառնում առանց միջուկային զենքի խաղաղության հաստատումը, համաշխարհային պատերազմի սպառնալիքի վերացումը, տեղական հակամարտությունների կարգավորումը և ահաբեկչության դեմ պայքարը[3]։ Նաև նախատեսված էր Կենտրոնական Ասիայի շահերի առաջմղումը` տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, Աֆրիկայում խաղաղության հաստատման հարցերի լուծման և 21-րդ դարի սպառնալիքներին ու մարտահրավերներին Անվտանգության խորհրդի ու ամբողջ ՄԱԿ-ի համակարգի համապատասխանեցման նպատակներով[3]։ Բացի այդ, Ղազախստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առաջին անգամ այն անցկացնում է երկրների պաշտոնական դրոշի ծածանման արարողությունով, որոնք մինչև 2019 թվականի վերջը ընտրվել են Խորհրդի նոր ոչ մշտական անդամներ՝ Կոտ դ'Իվուար, Քուվեյթ, Նիդեռլանդներ, Պերու, Լեհաստան և Հասարակածային Գվինեա[3]։
Ղազախստանը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 8 ոչ մշտական անդամներից էր։ Անվտանգության խորհրդը Ղազախստանը նախագահում է մինչև 2018 թվականի հունվարի 31-ը[3]։
Remove ads
Աշխարհագրություն
Ղազախստանը դասական հարթավայրային երկիր է, թույլ բլրապատ մակերևույթով։ Միայն հարավարևելյան սահմանների երկայնքով է, որ ձգվում են մինչև 5000 մ բարձրության լեռներ։ Մանղշլաղ թերակղզու մակերևույթը համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր է։
Կլիմա
Կլիման ցամաքային է, միջին հուլիսյան ջերմաստիճանը +19 °C +26 °C է, հունվարյանը՝ -4 °C - 19 °C: Մթնոլորտային տեղումները 200-400 մմ է։
Ջրային ցանց
Գետային ցանցը նոսր է, համեմատաբար խիտ է հյուսիսում և արևելքում։ Ամենամեծ գետը Իրտիշն է, որը նավարկելի է։ Սիրդարյան և Նարին գետերը համեմատաբար սակավաջուր են և օգտագործվում են ոռոգման համար, ամռանը ստորին հոսանքում մինչև Արալի ծովը հասնելը հաճախ ցամաքում են։ Ամենախոշոր լիճը Բալխաշն է։ Լանդշաֆտները հերթափոխվում են հյուսիսից հարավ՝ անտառատափաստաններից մինչև կիսաանապատներն ու անապատները։ Միջին և հարավային գոտու շատ շրջաններում ձյան շերտի փոքր հաստությունը հնարավորություն է տալիս նույնիսկ ձմռանը դրանք օգտագործել որպես արոտավայրեր։ Հարավային շրջաններում գյուղատնտեսությունը կարիք ունի արհեստական ոռոգման։
Remove ads
Բնակչություն
Ղազախստանը բազմազգ պետություն է։ Բնակչության 1/3-ից քիչ ավելին ղազախներ, 30%-ը ռուսներ, 3,7%-ը՝ ուկրաինացիներ, մնացածը ուզբեկներ, գերմանացիներ, թաթարներ և տասնյակ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Այժմ հետխորհրդային տարիներին փոխվում է բնակվության ազգային կազմը։ Երկրից հեռանում է ռուսախոս բնակչությունը( ռուսներ,ուկրաինացիներ,գերմանացիներ)՝ հիմնականում որակյալ աշխատույժը։
Խոշոր քաղաքներն են Ալմա Աթան, Պավլոդարը, Կարագանդան, նոր մայրաքաղաք Աստանան։ Հայտնի է նաև Բայկոնուրը, որը եղել է ԽՍՀՄ խոշորագույն տիեզերանավակայաններից մեկը( գործում է նաև այժմ)։ Այստեղից է արձակվել աշխարհում առաջին արհեստական արբանյակը, տիեզերք է թռել Յուրի Գագարինը։ Առավել խտաբնակ են Կարագանդայի և Ալմա Աթայի մարզերը, թույլ են բնակեցված արևմտյան Կասպից ծովին հարող, ինչպես նաև կենտրոնական շրջանները։
Remove ads
Վարչական բաժանում

Ղազախստանը ունիտար պետություն է։ Ղազախստանի կազմի մեջ մտնում են 14 մարզեր, 86 քաղաքներ, 168 շրջաններ և 174 գյուղեր։
Remove ads
Հայերը Ղազախստանում
Ղազախստանի տարածքում հայերը հաստատվել են դեռևս վաղնջական ժամանակներից։ Հայկական համայնքը Ղազախստանում մեծացել և ձևավորվել է Խորհրդային Միության տարիներին և դրանից հետո[11]։
Տնտեսություն
Ղազախստանը ունի հզոր տնտեսական ներուժ։ Հետ խորհրդային տարիների տնտեսական անկմանը փոխարինել է դանդաղ բայց կայուն աճը։ Նկատվում է արտասահմանյան կապիտալի ներհոսք։ Հիմնական ներդրողները եվրոպական և ճապոնական ընկերություններն են։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որը տալիսէ համախառն ներքին արդյունքի գրեթե 40%-ը։ Զարգացած են լեռնահանքային, վառելիքաէներգետիկ, մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիական, սննդի ճյուղերը։
Վառելիքաէներգետիկ ճյուղ
Վառելիքաէներգետիկ ճյուղում առաջատարը քարածխի հանույթն է։ Գլխավոր հանքավայրերն են Կարագանդան և Էքիբաստուզը։ Մանղշլաղ և Բուզոնչի թերակղզիներում արդյունահանում են նավթ և այրվող գազ, որոնք խողովակաշարերով ուղակվում են երկրի արդյունաբերական կենտրոններ և արտասահման։
Սև մետաղաձուլություն
Սև մետաղաձուլությանը զարգանում է սեփական հումքի և վառելիքի բազայի վրա։ Ամենախոշոր ձեռնարկությունը Կարագանդայի հարևանությամբ գտնվող Տեմիրթաուի մետաղաձուլական կոմբինատն է։ Զարգացած է նաև պղնձաձուլությունը, կապարի, ցինկի, ազնիվ և հազվագյուտ մետաղների ձուլումը։
Քիմիական արդյունաբերություն
Քիմիական արդյունաբերության ձեռնարկություններն աշխատում են նավթ, ֆոսֆորիտների, սև և գունավոր մետաղաձուլության թափոնների բազայի վրա։ Արտադրում են նավթամթերքներ, ֆոսֆորական պարարտանյութեր, թթուներ, դեղորայք։
Մեքենաշինություն
Մեքենաշինությունը արդյունաբերության ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Արտադրում են մեքենաներ և սարքավորումներ լեռնահանքային ու մետաղաձուլական ձեռնրկությունների համար, տրակտորներ, գյուղատնտեսական այլ մեքենաներ։
Թեթև արդյունաբերություն
Թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերն են կաշվի, մորթու, կարի, մետաքսի արդյունաբերությունը։ Զարգացած է բամբակյա գործվածքների և կահույքի արտադրությունը։
Սննդի արդյունաբերություն
Սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղը մսի արտադրությունն է, որի խոշոր կենտրոններն են Պետրոպավլովսկը, Ալմա Աթան։ Զբաղվում են նաև բոուսական հումքի վերամշակմամբ։ Շաքարի գործարաններ կան Ալմա Աթայի, Տալդի Կուրգանի մարզերում։ Կասպից և Արալի ծովերում, Բալխաշ լճում զբաղվում են ձկնորսությամբ։ Ղազախստանի ընդհանուր առմամբ թույլ բնակեցված տարածքում ձևավորվել են մի քանի արդյունաբերական շրջաններ և հանգույցներ։
Կենտրոնական շրջան
Կենտրոնական շրջանը աչքի է ընկնում ծանր արդյունաբերության ճյուղերով՝ ածխարդյունաբերություն, սև և գունավոր մետաղաձուլություն, քիմիական արդյունաբերություն։ Խոշոր կենտրոններն են Կարագանդան և Տեմիրթաուն։
Արևելյան արդյունաբերական շրջան
Արևեկյան արդյունաբերական շրջանի գլխավոր ճյուղերն են մետաղաձուլությունը և՝ լեկտրաէներգետիկան։ Խոշոր Ուստ-Կամենոգորսկը Պավլոդարը։
Հյուսիսային Ղազախստան
Հյուսիսային Ղազախստանում նույնպես ձևավորվել է բազմաճյուղ արդյունաբերություն։ Արդյունահանվում է երկաթաքար, որն արտահանվում է Ռուսաստան, Հարավային Ուրալի մետաղաձուլական գործարաններ։ Պետրոպավլովսկում զարգացած է բազմաճյուղ մեքենաշինությանը, Կուստանայում՝ ավտոմոբիլաշինությունը։
Արևմտյան Ղազախստան
Արևմտյան Ղազախստանում՝ կասպից ծովին հարող շրջաններում ձևավորվքւմ են արդյունաբերական հանգույցներ նավթի և գազի հանույթի վերամշակման բազայի վրա։ Արդյունահանում են նաև քրոմիտ, նիկել, կոբալտ, ֆոսֆորիտներ։ Ղազախստանի գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի կեսից ավելին տալիս է անասնաբուծությունը, որի համար կերային բազա են հանդիսանում ատապատային և կիսաանապատային գոտիների ընդարձակ արոտավայրերը։ Գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է։ Բուսաբուծության ոլորտում գլխավորը հացահատիկի մշակումն է։ Այդպիսին այն դարձավ անցյալ դարի 60-ական թվականներից։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների միասնական ջանքերով հիմնադրվեցին բազմաթիվ խոշոր տնտեսություններ, որոնք մասնագիտացան ցորենի մշակության մեջ։ Հարավային շրջաններում մշակում են նաև բրինձ, կորեկ, շաքարի ճակնդեղ, բամբակ, արևածաղիկ, կարտոֆիլ։ Ոռոգովի (7,3 միլիոն հեկտար) հողահանդերում ստանում են կայուն բերք։
Remove ads
Տրանսպորտ
Երկաթուղային ցանցի երկարությունը գերազանցում է 13 հազար կմ-ը, սակայն դա երկրի հսկայական մակերեսի համար բավարար չէ։ Երկաթուղիների ոչ մեծ խտությունը լռացվում է ավտոճանապարհներով, որոնց մեծ մասը երկրի տարածքը հատող ավտոմայրուղիներն են։ Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 260 հազար կմ է։
Արտաքին տնտեսական կապեր
Ղազախստանը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման համակարգում ավելի հայտնի է արտահանումով, քան ներմուծումով։ Արտահանում է նավթ ու նավթամթերքներ, մետաղներ, քիմիկատներ, հացահատիկ, անասնապահական մթերքներ։ Ներմուծում է մեքենաներ ու սարքավորումներ։ Գլխավոր գործընկերներն են Ռուսաստանը,Գերմանիան, Չինաստանը։
Պատկերասրահ
- Աստանա
- Աստանայի նոր թաղամաս
- Գիշերային Ալմաթին
- Խան-Տենգրի լեռը
- Ղազախստանի ազգային անսամբլը
- Տամգալի-Տաս բնակավայրը
- Կուրդակ-ղազախական ազգային կերակրատեսակ
- Ժայռապատկեր
- «Դրուժբա» գնացքը
- Խոջա Ահմեդ Յասավիի դամբարանը Թուրքեստան քաղաքում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads