իտալացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբետա Սիրանի (իտալ.՝ Elisabetta Sirani, հունվարի 8, 1638[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ[4] - օգոստոսի 28, 1665[5][4], Բոլոնիա, Պապական մարզ[4]), բարոկկո ոճի իտալացի նկարչուհի, հաջողության հասած առաջին նկարչուհիներից մեկը մի դարաշրջանում, երբ աղջիկներին, կանանց արգելում էին ուսանել կերպարվեստի ակադեմիայում։
Էլիզաբետա Սիրանի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1638[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[4] |
Մահացել է | օգոստոսի 28, 1665[5][4] (27 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ[4] |
Գերեզման | Սուրբ Դոմինիկ տաճար |
Ազգություն | իտալացի |
Երկեր | Portrait of Vincenzo Ferdinando Ranuzzi as Amor? |
Մասնագիտություն | նկարչուհի և նկարիչ-փորագրող |
Ծնողներ | հայր՝ Giovanni Andrea Sirani? |
Elisabetta Sirani Վիքիպահեստում |
Էլիզաբետան դուստրն է կերպարվեստի բոլոնյան դպրոցի ներկայացուցիչ Ջովանի Անդրեա Սիրանիի, ով, նկարչությունից զատ, զբաղվում էր նաև արվեստի գործերի առևտրով և Գվիդո Ռենիի լավագույն աշակերտնրից ու մերձավոր գործընկերներից էր։ Աղջիկը նկարչությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակից, արվեստի երկրպագու և պատմաբան Կառլո Չեզարե Մալվազիայի (Carlo Cesare Malvasia) ազդեցությամբ (ի դեպ, վերջինս հետագայում Էլիզաբետայի կենսագրությունն ընդգրկել է Բոլոնյայի նկարիչների մասին պատմող իր հայտնի աշխատության մեջ, և դա միակ կնոջ կենսագրությունն է 1678 թվականին լույս տեսած այդ գրքում[6]): Հայրը, որ սկզբում թերահավատորեն էր նայում դստեր «վարժանքներին», նկատելով աղջկա մեծ ձգտումն ու ձիրքը՝ մեկ տարի անց նրան ընդունել է իր արվեստանոցը[7]։ Եվ տասնյոթ տարեկանում Էլիզաբետան արդեն միանգամայն ձևավորված գեղանկարիչ ու փորագրանկարիչ էր։ Այդ տարիքից նա սկսել է նոթատետր պահել, որտեղ նշումներ է կատարել իր գործերի և դրանց ստեղծման պատմության մասին։ Նկարելու նրա ոճը մոտ է Գվիդո Ռենիի ոճին, և այդ պատճառով էլ նրանց աշխատանքները հաճախ շփոթել են (օրինակ՝ Բեատրիչե Չենչիի դիմանկարը, որ Էլիզաբետայի գործերից է, երկար ժամանակ վերագրվել է Ռենիին)։
Նկարչուհին շատ է տքնել՝ ջանք չխնայելով ընտանիքն ապահովելու համար։ Բանն այն է, որ արթրոզից ու հոդատապից տառապող հայրն այլևս ի վիճակի չէր նկարելու, և կամա, թե ակամա՝ դստեր ուսերին էր ընկել արվեստանոցը ղեկավարելու, աշխատանքները կազմակերպելու, բնականոն հունով առաջ տանելու գործը[8]։ Նրան օգնում էին Բարբարա և Աննա Մարիա քույրերը։
Էլիզաբետա Սիրանիի՝ որպես շնորհալի նկարչուհու համբավը տարածվել է ոչ միայն հայրենի բնօրրանում (որտեղ հանդուրժողական, մինչև իսկ բարեհաճ մթնոլորտ էր ձևավորվել կին արվեստագետների նկատմամբ[9]), այլև նրա սահմաններից դուրս, հասել է նաև Ֆլորենցիա, Հռոմ... Նրա տաղանդի երկրպագուների թվում էր Կոզիմո Մեդիչին։ Նկարչուհին 1660 թվականին գեղարվեստի դպրոց է բացել աղջիկների ու կանանց համար[10], այդ նույն տարում ընդունվել է Հռոմի Սուրբ Ղուկասի ակադեմիան ([11]): Էլիզաբետայի հետաքրքրությունները չէին սահմանափակվում նկարչությամբ. նա սիրում էր երաժշտություն, քնար էր նվագում, երգում, բանաստեղծություններ գրում...
Մահացել է շատ երիտասարդ՝ 27 տարեկան հասակում[12], ստամոքսի խոցի ծայրահեղ բորբոքումից[13], թեև քաղաքում լուրեր էին տարածվել, որ նրան թունավորել է իր սպասուհին՝ Լյուչիա Տոլոմելլին (այդ կապակցությամբ նույնիսկ հետաքննություն է անցկացվել[14]): Անժամանակ վախճանված կին արվեստագետին հուղարկավորել են Բոլոնյայի Սուրբ Դոմինիկ բազիլիկի Գվիդոտտի մատուռում՝ Գվիդո Ռենիի շիրմի կողքին։ Նրա թողած գեղարվեստական ժառանգությունը կազմում են շուրջ երկու հարյուր գեղանկարներ ու գծանկարներ, որոնք ներկայումս գտնվում են Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների զանազան թանգարաններում։
Էլիզաբետա Սիրանին ստեղծել է աստվածաշնչյան և առասպելաբանական թեմաներով գեղանկարներ ու գծանկարներ, ինչպես նաև ինքնանկարներ ու իր ժամանակակիցների դիմանկարներ։ Նրա ստեղծագործություններում Աստվածամոր կերպարի կողքին ընդգծված կերպով արտահայտվել է հեղինակի հետաքրքրվածությունը վրիժառու կնոջ (Կիրկեա/Ցիրցեա, Հուդիթ և այլն) կերպարի նկատմամբ։ Օգտակար դասեր քաղելով վարպետներից՝ շնորհալի նկարչուհին մշակել է իր ինքնատիպ ոճը։ Հայրը նրան սեր է ներարկել մուգ, հագեցած գույների ու ներկերի նկատմամբ, իսկ Գվիդո Ռենիի ազդեցությունը նկատվում է կոմպոզիցիայի որոշ տարրերում։
Դեռևս 19-րդ դարում հատկապես նկարչուհու հայրենի քաղաքում՝ Բոլոնյայում, գրվել ու լույս են ընծայվել նրա կյանքի վիպականացված պատմություններ։ Վերջերս Էլիզաբետա Սիրանիին նվիրված չափածո դրամա է հրատարակել նաև մեր օրերի իտալացի բանաստեղծ Դավիդե Ռոնդոնին։ «Արվեստը՝ թույն» վերնագիրը կրող այդ թատերգությունը (2004 թվական[16]) 2005 թվականին բեմադրել է ռեժիսոր և դերասանուհի Յայա Ֆորտեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.