Իո (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Իո (հին հունարեն՝ Ἰώ), Յուպիտերի Գալիլեյան արբանյակներից մոլորակին ամենամոտ գտնվող արբանյակն է։ Այն Արեգակնային համակարգի արբանյակների միջև չորրորդն է մեծությամբ, ունի արբանյակների մեջ ամենա մեծ խտության ցուցանիշը, և պարունակում է ջրի ամենափոքր հարաբերական քանակ Արեգակնային համակարգի բոլոր մարմինների միջև։ Հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը՝ 1610 թվականին։ Անունն ստացել է հին հունական առասպելներից մեկի գործող անձ Իոյի պատվին, ով Զևսի սիրուհին էր և ում հետապնդում էր Հերան։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իո (այլ կիրառումներ)
Իո (Յուպիտեր I) Io | |
---|---|
«Գալիլեո» ԱՄԿ-ից ստացված իրական գույներում լուսանկարը | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 8 հունվար 1610[1] թ. (Գալիլեո Գալիլեյի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 5,02[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 421 700 կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 420 000 կմ |
Ապոհելին | 423 400 կմ |
Մեծ կիսաառանցք | 421 700 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,0041 |
Սիդերիկ պարբերություն | 1,769137786 օր |
Ուղեծրային արագություն | 17,334 կմ/վ |
Թեքվածություն | 0,05° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ) 2,213° (խավարածրի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 1821,6 կմ[3] |
Մակերևույթի մակերես | 41,91 միլիոն կմ² |
Ծավալ | 2,53 × 1010 կմ3 |
Զանգված | 8,931938 × 1022 կգ[3] |
Միջին խտություն | 3,528 ± 0,006 գ/սմ3[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 1,796 մ/վ² |
Հասարակածային պտույտի արագություն | 271 կմ/ժ |
2-րդ տիեզերական արագություն | 2,558 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Ալբեդո | 0,63 ± 0,02[3] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | 90% ծծմբի երկօքսիդ |
Մթնոլորտի ջերմաստիճան | 90 |
Արբանյակի վրա կան ավելին քան 400 գործող հրաբուխներ, դրանով իսկ այն համարվում է Արեգակնային համակարգի երկրաբանորեն ամենաակտիվ մարմինը[4][5]։ Այս երկրաբանական ակտիվությունը հանդիսանում է Յուպիտերի, Իոյի և մյուս Գալիլեյան արբանյակների միջև գործող մակընթացային փոխազդեցությունների հետևանք, որի արդյունքում արբանյակի ընդերքում գոյանում է զգալի ջերմություն։ Արբանյակի որոշ հրոբուխներ արտանետում են ծծումբի և ծծմբի երկօքսիդի շիթեր, որոնք հասնում են մակերևույթից 500 կմ բարձրության։ Իոյի մակերևույթի վրա նկատվում են նաև ավելին քան 100 լեռներ, որոնք հանդիսանում են արբանյակի սիլիկատե կեղևի դեֆորմացման։ Այս պիկերից որոշները ավելի բարձր են քան Էվերեստ լեռն է[6]։ Ի տարբերություն Արեգակնային համակարգի արբանյակների մեծամասնության, որոնք հիմնականում կազմված են ջրային սառույցից, Իոն հիմնականում կազմված է սիլիկատե ապարներից, որոնք ծածկում են հալված վիճակում գտնվող երկաթյա և երկաթի սուլֆիդից կազմված միջուկը միջուկը։ Իոյի մակերևույթի մեծ մասը իրենից ներկայացնում է հարթավայրեր, որոնք ծածկված են սառած ծծումբով և ծծմբի երկօքսիդով։
Իոյի հրաբխային ակտիվությունը հանգեցրել է արբանյակի բազմաթիվ յուրօրինակ առանձնահատկությունների առաջացմանը։ Նրա հրաբխային շիթերը և լավայի հոսքերը առաջացնում են մակերևույթի մեծ փոփոխություններ և ներկում են մակերևույթը դեղին, կարմիր, սպիտակ, սև և կանաչ գույների երանգներով, հիմնականում ծծմբի միացությունների և ծծմբի ալոտրոպների պատճառով։ Մակերևույթին առկա են մի քանի լավայի հոսքեր, դրանցից մի որոշները ունեն 500 կմ երկարություն։ Հրաբխային ակտիվության հետևանքով արտանետված նյութերն են կազմում արբանյակի բարակ և նոսր մթնոլորտը, իսկ Յուպիտերի հզոր մագնիսոլորտի պատճառով արտանետված գազերը առաջացնում են Յուպիտերի շուրջ պլազմայի տոր։
Իոն ունեցել է մեծ նշանակություն աստղագիտության զարգացման համար 17-րդ և 18-րդ դարերում։ Այն հայտնաբերվել է 1610 թվականի հունվարին Գալիլեո Գալիլեյի կողմից, մյուս Գալիլեյան արբանյակների հետ մեկտեղ։ Այս հայտնագործությունը բերեց հետագգայում Արեգակնային համակարգի Կոպերնիկոսի մոդելի ընդունմանը, Յոհան Կեպլերի շարժման օրենքների հայտնագործությանը, և Ռյոմերի կողմից լույսի արագության չափմանը։ Երկրից դիտելիս Իոն մնում էր լույսի կետ մինչև ուշ 19-րդ դարը, երբ հնարավոր դարձավ դիտել նրա մակերևույթի խոշոր առանձնահատկությունները, այնպիսիք, ինչես մուգ բևեռային և պայծառ հասարակածային շրջանները։ 1979 թվականին երկու Վոյաջեր կայանները անցնելով Յուպիտերի համակարգով ցույց տվեցին, որ Իոն երկրաբանորեն ակտիվ աշխարհ է, բազմաթիվ հրաբուխներով, հսկայական լեռներով և երիտասարդ մակերևույթով, առանց ակնհայտ հարվածային խառնարանների։ 1990-ականներին և 2000-ականների սկզբում Գալիլեո կայանը կատարեց մի քանի մոտ անցումներ Իոյի մոտով, բացահայտելով արբանյակի ընդերքային կազմության և մակերևույթի առանձնահատկությունների մասին տեղեկություններ։ Տիեզերակայանի միջոցով նաև պարզվել է Իոյի և Յուպիտերի մագնիսոլորտի փոխազդեցությունը և բարձր էներգիայի մասնիկների գոտու առկայությունը Իոյի ուղեծրում։ Իոն մեկ օրվա ընթացքում ստանում է մոտ 36 Sv իոնացնող ճառագայթում[7]։
Հետագա հետազոտությունները կատարվել են Կասինի-Հյուգենս կայանից 2000 թվականին, Նոր հորիզոններ կայանից 2007 թվականին և Ջունո կայանից 2017 և 2018 թվականներին, ինչպես նաև Երկրի վրա տեղակայված և Երկրի ուղեծրում գտնվող (Հաբլ) աստղադիտակներից։