Կենսոլորտ
From Wikipedia, the free encyclopedia
Կենսոլորտ (հին հունարեն՝ βιος՝ կյանք և σφαῖρα՝ գունդ), Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկրի[1] մակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։
Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վլադիմիր Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը[2] :
Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։
Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.
- Կենսոլորտ` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ[3], խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ։