Հույն Զոռբան (վեպ)
Նիկոս Կազանձակիսի վեպը / From Wikipedia, the free encyclopedia
«Հույն Զոռբան» (հունարեն՝ «Βίος και Πολιτεία του Αλέξη Ζορμπά», «Ալեքսիս Զոռբայի կյանքն ու արկածները»), կրետեացի հույն գրող Նիկոս Կազանձակիսի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1946 թվականին։ 1952 թվականին գրքի անգլերեն թարգմանությունը Zorba The Greek վերնագրով լույս է ընծայվել Մեծ Բրիտանիայում, մեկ տարի անց՝ ԱՄՆ-ում։ Վեպը մի հույն երիտասարդ մտավորականի մասին է, ով իր գրքային կյանքին հրաժեշտ է տալիս եռանդուն ու խորհրդավոր Ալեքսիս Զոռբայի օգնությամբ։
Հույն Զոռբան հուն․՝ Βίος και Πολιτεία του Αλέξη Ζορμπά | |
---|---|
Հեղինակ | Նիկոս Կազանձակիս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էքզիստենցիալ վեպ |
Բնօրինակ լեզու | նոր հունարեն |
Ստեղծման տարեթիվ | 1941 |
Նկարագրում է | Կրետե |
Երկիր | Հունաստան |
Հրատարակման տարեթիվ | 1946 |
ԳՄՍՀ | 0-684-82554-6 |
OCLC | 35223018 |
1916 թվականին Հունաստանով ճամփորդելիս Կազանձակիսը Աֆոնում (Աթոսում) հանդիպել, ծանոթացել ու մտերմացել է հանքագործ բանվոր Յորգիս Զոռբասի հետ (Γιώργης Ζορμπάς, 1867–1941)[1], ում կյանքի պատմությունն ապշեցրել ու հրապուրել է գրողին։ Դրանից երեք տասնամյակ անց նա գիրք է գրել, որի հիմքում դրել է վերոհիշյալ պատմությունը և որպես գլխավոր հերոսի՝ պատկերել է իր ընկերոջը՝ Ալեքսիս Զոռբաս անունով։
1964 թվականին հույն անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Միխալիս Կակոյանիսը «Հույն Զոռբան» վեպի հիման վրա նկարահանել է նույնանուն ֆիլմը, որը հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի է արժանացել երեք անվանակարգում։ Գլխավոր հերոսին այդ կինոնկարում մարմնավորել է նշանավոր կինոդերասան Էնթոնի Քուինը։ Բացի այդ, 1968 թվականին Բրոդվեյում բեմադրվել է Զոռբա մյուզիքլը[2], 1993 թվականին էլ BBC-ն հեռարձակել է «Հույն Զոռբան» երկմասանոց ռադիոբեմադրությունը[3], որտեղ գլխավոր դերերի կատարմամբ հանդես են եկել Ռոբերտ Սթիվենսն ու Մայքլ Մելոնին։ Այս ամենի արդյունքում Զոռբա-ն հատուկ անունից դարձել է բնութագրող հասարակ անուն[4]։
Ի հավելումն վերոնշյալի արժե հիշատակել, որ վեպի գերմաներեն թարգմանության հիման վրա 1972 թվականին հեռուստաֆիլմ է նկարահանվել, 1987–88 թվականներին էլ Verona Arena-ում ներկայացվել է Միկիս Թեոդորակիսի գրած Zorba il Greco բալետի բեմադրությունը։