Հրեաներն Իրանում
From Wikipedia, the free encyclopedia
Հրեաներն Իրանում հաստատվել են Աքեմենյան կայսրության հիմնադրման սկզբից. մ.թ.ա. 538 թվականին Աքեմենյան արքա Կյուրոս Մեծը (մ.թ.ա. 559-530) գրավել է Բաբելոնը և հրեաներին ազատել գերությունից[3]։ Իրանի իսլամական հեղափոխությունից և Իրան-Իրաքյան պատերազմից հետո հրեաների բացարձակ մեծամասնությունը տեղափոխվել է Իսրայել (մինչև 250 հազար[4]) և Միացյալ Նահանգներ (մինչև 100 հազար[5]): 21-րդ դարի սկզբին նրանց ընդհանուր քանակն Իրանում չէր անցնում 10.000-ը[6]։ Կենտրոնացած են մասնավորապես քաղաքներում[7]։
Հրեաներն Իրանում یهودیان ایرانی | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
եբրայերեն, պարսկերեն, անգլերեն | |||
Հավատք(ներ) | |||
հուդայականություն |
Իրանում հրեաները խոսում են հիմնականում պարսկերեն, սինագոգներում տարածում է գտել նաև եբրայերենի դասավանդումը։ Իսրայել տեղափոխված իրանցի հրեա ներգաղթյալները կոչվում են Փարսիմ (եբրայերեն՝ פרסים՝ «պարսիկներ»)։ Իրանում հրեաներին անվանակոչում են չորս եզրույթներով՝ «քալիմի» (պարս.՝ کلیمی), առավել տարածված, «յահուդի» (պարս.՝ یهودی), որն առավելի ստույգ է, «Իսրայել» (պարս.՝ اسرائل) տերմինը, որով հրեաները բնութագրում են իրենց, և «ջոհուդ» (պարս.՝ جهود), որն ունի բացասական, նույնիսկ՝ վիրավորական հնչերանգ[8]։
Իրանի հրեական համայնքը պաշտոնապես ճանաչվել է կառավարության կողմից որպես կրոնական փոքրամասնության խումբ, և զրադաշտականների ու քրիստոնյաների նման նրանց մեկ տեղ է հատկացվել Իրանի խորհրդարանում։ 2008 թվականից սկսած՝ հրեա պատգամավորը Սիամաք Մորսադեղն է[9]։ Իրանում պետական պաշտպանության տակ են նրանց մշակութային կոթողները։ Ամբողջ երկրով մեկ գոյություն ունի 65 սինագոգ, որոնցից 40-ը կանգուն կամ գործող են։ Սինագոգներից 36-ը գտնվում են մայրաքաղաք Թեհրանում, 10-ական՝ Շիրազում ու Յազդում, վեցը՝ Սպահանում և այլուր[10]։ Այդուհանդերձ, Իրան-Իսրայել հարաբերությունները 1979 թվականից սկսած լարված են. Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի ամբիոնից հիշեցրել է, որ պարսիկները հրեաներին ազատագրել են Բաբելոնյան գերությունից[11]։