Օվկիանոս (դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Օվկիանոս (հին հունարեն՝ Ὠκεανός), հունական դիցարանի արգասավորության, համաշխարհային մեծ գետի, հողերի ջրարբիացման, բոլոր գետերի, ակունքների, ծովային հոսանքների, արևին, լուսնին, աստղերին[11][12] ապաստան տվող աստվածը։ Ըստ Հոմերոսի՝ Օվկիանոսը ոչ միայն աստված է, այլ ամեն ինչի սկիզբը[13][14]։ Ըստ Հեսիոդի՝ Օվկիանոսը տիտան է, Գեայի և Ուրանոսի (Երկնքի և Երկրի) որդին, Կրոնի, Հիպերիոնի և Թեայի եղբայրը, Թետիս աստվածուհու եղբայրն ու ամուսինը։ Օվկիանոսն ու Թետիսը լույս աշխարհ բերեցին երեք հարյուր որդի-գետեր (հին հունական գետերի աստվածներ), նույնքան էլ դուստրեր՝ օվկիանիդներ[12][14][15][16]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օվկիանոս (այլ կիրառումներ)
Օվկիանոսը չմասնակցեց տիտանների հարձակմանը իր հոր վրա, ինչպես նաև տիտանների և Զևսի ճակատամարտին, դրա համար էլ կարողացավ պահպանել իր բարձր դիրքը[12][15][16][17][18]։
Ըստ Ապոլլոդրոսի՝ Օվկիանոսը Զևսի[12][16] առաջին կնոջ՝ Մետիսի[16] և Պրոմեթևսի հայրն է։ Աստվածները նրան համարում են իրենց ծերացած ծնողը, հոգ են տանում նրա մասին՝ չնայած որ նա ապրում է առանձնության մեջ։
Հեռավոր արևմուտքում Օվկիանոսը գծում է կյանքի և մահվան սահմանը[12][16], այդտեղ էր գտնվում անդրերկրային թագավորությունը[19]։.
Նրա ջրերից ծնվում է Պեգասը[20]։ Էսքիլեսը թևավոր ձիուն[21] համարում էր Օվկիանոսի սեփականությունը։
Որոշ այլ աղբյուրների համաձայն՝ Օվկիանոսի զավակներն են համարվում Տրիպտոլեմոսը և Կերկոպսը, ինչպես նաև Ստիքսը՝ Եքիդնայի[22] մայրը։
Օվկիանոսին է նվիրված 83-րդ օրփեոսյան հիմնը։ Օվկիանոսը Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված»[12] ողբեգության գործող անձանցից մեկն է։
Ըստ Անդրոն Հալիկառնասցու՝ Օվկիանոսի կանայք են համարվել նաև Պարֆենոպան և Պոմֆոլիգան։
Հունական դիցարանում, ի տարբերություն Պոսեյդոնի, Օվկիանոսի կերպարն[12] ամբողջական չէ։