Ֆիզիկայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Մինչև 17-րդ դարը մեխանիկան, ֆիզիկան, Երկրի մասին գիտությունները, աստղագիտությունը, նույնիսկ ֆիզիոլոգիան «բնական փիլիսոփայություն» կոչված գիտելիքների հավաքածուի մի մաս են կազմել, որը համատեղում էր բնության երևույթների մասին տեղեկությունները և այդ երևույթների պատճառների մասին արված սխալ եզրակացությունները մտահայեցողական ֆանտազիաների հետ[1]։ Ֆիզիկայի պատմությունը որպես ինքնուրույն գիտություն սկսել է 17-րդ դարից՝ Գալիլեյի և իր աշակերտների փորձերից։ Դասական ֆիզիկայի տեսական հիմքերը ստեղծել է Նյուտոնը 17-րդ դարի վերջում։ Արագ տեխնոլոգիական զարգացման համադրությունը և դրա տեսական ըմբռնումը 18-19-րդ դարերում հանգեցրել է ֆիզիկայի էական հասկացությունների առաջացմանը (զանգված, էներգիա, իմպուլս, ատոմ և այլն) և հիմնարար օրենքների բացահայտմանը, որոնք ապացուցվել են փորձերով։
20-րդ դարի սկզբին միանգամից մի քանի բնագավառներում նկատվեց դասական ֆիզիկայի կիրառման ոլորտի սահմանափակ լինելը։ Ի հայտ եկան հարաբերականության տեսությունը, քվանտային ֆիզիկան, ստանդարտ մոդելը։ Սակայն մի քանի դեռևս չլուծված խնդիրներ շարունակում են մնալ ասպարեզում և խթանել ֆիզիկոսների՝ գիտության հետագա զարգացմանն ուղղված գործունեությանը։