Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022
Վիքիմեդիայի նախագծի կատեգորիա / From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022 (արաբ․՝ 2022 كأس العالم لكرة القدم), 22-րդ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է ՖԻՖԱ-ի անդամ ասոցացիաների տղամարդկանց ազգային հավաքականների միջև Կատարում՝ 2022 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում։ ՖԻՖԱ 2022-ը միևնույն ժամանակ առաջին աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է Արաբական աշխարհում և իսլամադավան մեծամասնությամբ երկրում, ինչպես նաև 2002 թվականի Ճապոնիա-Հարավային Կորեա համատեղ հյուրընկալումից ի վեր երկրորդ առաջնությունը, որն անց է կացվում Ասիա աշխարհամասում։ Ավելի քան 220 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ այս մրցաշարը համարվում է երբևէ անցկացված ամենաթանկ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Գործող չեմպիոնի կարգավիճակում հանդես է գալիս Ֆրանսիայի ընտրանին, որը 2018 թվականին Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության մրցաշարի եզրափակչում «4-2» հաշվով հաղթանակ է տոնել Խորվաթիայի ազգային հավաքականի դեմ դիմակայությունում[1]։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022 ՖԻՖԱ 2022 كأس العالم لكرة القدم 2022 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Կատար |
Քաղաքներ | 5 |
Մրցաշրջանի ժամկետ | 2022, նոյեմբերի 20-դեկտեմբերի 18 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Արգենտինա |
Փոխչեմպիոն | Ֆրանսիա |
Երրորդ տեղ | Խորվաթիա |
Չորրորդ տեղ | Մարոկկո |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 3 404 252 (53 191 խաղում) |
Խաղեր | 64 |
Խփված գոլեր | 172 (2.69 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Կիլիան Մբապպե (8 գոլ) |
Լավագույն խաղացող | Լիոնել Մեսսի (7 գոլ) |
← 2018 2026 → |
Ըստ էության, այս մրցաշարը վերջինն է իր ֆորմատում՝ 32 մասնակից թիմերով, քանի որ 2026 թվականից նախատեսվում է աշխարհի ատաջնությանը մասնակցելու հնարավորություն ընձեռել 48 հավաքականների 5 գործող կոնֆեդերացիաներից։ Կատարում ամառային սաստիկ շոգի և բավականին բարձր խոնավության պատճառով[2][3] առաջնությունն առաջին անգամ անցկացվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին[2]՝ ավանդաբար ընդունված մայիս-հունիսի փոխարեն՝ 29 օր ընդհանուր տևողությամբ[4]։ Առաջնության մեկնարկային խաղը տեղի ունեցավ Կատարի և Էկվադորի հավաքականների միջև՝ «Ալ-Բայթ» մարզադաշտում։ Խմբային փուլի երկու անընդմեջ հանդիպումներում պարտություն կրելուց հետո[5] Կատարի ընտրանին դարձավ աշխարհի առաջնության պատմության մրցապայքարից ամենավաղ դուրս մնացած հյուրընկալող թիմը[6][7]։ Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 18-ին «Լուսայիլ» մարզադաշտում։ Այդ ամսաթիվը համընկնում է Կատարի ազգային օրվա հետ[8]։
Աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու որոշումը բազմաթիվ քննադատությունների է արժանացել, առավելապես՝ արևմտյան աշխարհում[9]։ Քննադատության հիմքում Կատարում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն էր, ներառյալ այդ պետության վերաբերմունքը ներգաղթյալ աշխատողների[10], կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների հանդեպ, որը տարածված է զարգացող աշխարհի մեծ մասում և գրեթե բոլոր իսլամադավան պետություններում։ Այս կապակցությամբ ՖԻՖԱ-ն հայտնվել է կոռուպցիոն մեղադրանքներով սկանդալի թիրախում[9][11][11]։