Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին
From Wikipedia, the free encyclopedia
Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին, քաղաքական գործընթաց, որը տեղի ունեցավ 1921 թվականի հուլիսին։ Դրա արդյունքում Մեծ Հայքի պատմական նահանգներից Արցախը անջատվեց նորաստեղծ Խորհրդային Հայաստանից և բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին։ Այդ ժամանակաշրջանում Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 95% կամ ավելի քան 200 000 մարդ, հայեր էին։ 1923 թվականին բռնակցված Արցախի մի հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որը ընդհանուր սահմաններ չուներ Խորհրդային Հայաստանի հետ։ Այդտեղ ապրում էր 125 000 բնակիչ, որոնցից հայեր էին 111 000-ը՝ Շուշիի 35 000-անոց հայ համայնքի ջարդից հետո։ Բռնակցման արդյունքում մոտ 70 տարի անց հայ բնակչությունը ոչ միայն չաճեց, այլև նվազեց՝ 1988 թվականին հասնելով 145 հազարի ու կազմելով ընդհանուր բնակչության 77 տոկոսը։ Փոխարենը կտրուկ ավելացավ ադրբեջանցիների թիվը՝ 12 հազարից հասնելով 40 հազարի, իսկ շրջակա արցախյան մի քանի շրջանների հետ (Աղդամ, Քաշաթաղ, Քարվաճառ և այլն) անցնում էր կես միլիոնից։
Արցախը մինչ այդ մշտապես եղել էր հայկական թագավորություների, անկախ և կիսակախյալ պետական կազմավորումների կազմում։ Երվանդունիների թագավորության (մ.թ.ա. 570-մ.թ.ա. 201) ժամանակաշրջանում[1] երբեմն նվաճվել է հարևան աղվանական ցեղերի կողմից, սակայն կրկին միավորվել հայոց պետությանը[2] և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) ու Արշակունիների թագավորության (54-428) մաս կազմել և եղել Ծավդեաց իշխանների ոստանը[3]։ Հայաստանի առաջին բաժանումից (387) որոշ ժամանակ անց միացվել է Աղվանից մարզպանությանը, սակայն ղեկավարվել է հայկական ծագում ունեցող Եռանշահիկների կողմից[4]։ 7-րդ դարում Աղվանից պետության վերացումից հետո Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Չողա երկիրը (Դերբենդ) միավորվում են վարչաքաղաքական մեկ միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ[5]։ Զարգացած միջնադարում Արցախը կազմել է Բագրատունիների թագավորության (885-1045)[6], ավելի ուշ՝ Զաքարյան իշխանապետության մասը[7]։ Ուշ միջնադարում Արցախում իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك` թագավոր)։ Գյուլիստանի պայմանագրից (1813) հետո Արցախն անցնում է Ռուսական կայսրությանը` հարևան Սյունիքի, Գարդմանի և Տավուշի հետ մտնում էր Ելիզավետպոլի նահանգի կազմ[8]։
1918 թվականի մայիսին Հարավային Կովկասում հայ և վրաց ժողովուրդների պետականության վերականգնումը առիթ է հանդիսանում կովկասաբնակ մուսուլմանների կողմից նոր քաղաքական միավորի` Մուսավաթական Ադրբեջանի ստեղծմանը, որը հովանավորվում էր նախ Օսմանյան կայսրության[9], իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Անգլիայի կողմից։ Մինչև 1918 թվականը տարածաշրջանում «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չէր եղել. Ատրպատական (Ադրբեջան) վարչաքաղաքական կազմավորումը գտնվում էր Արաքս գետից հարավ։ Այս պետության ստեղծումը և կազմավորումը նպատակ ուներ իրեն բռնակցել հայկական, վրացական և իրանական տարածքները, դառնալ Թուրքիայի արևելյան դաշնակիցը և իրագործել երիտթուրքերի պանթյուրքական գաղափարները։
Ռուսաստանյան կայսրության փլուզումից հետո 1918 թ. հուլիսի 22–26–ին Շուշիում հրավիրված երկրամասի հայության 1–ին համագումարում Ղարաբաղը հռչակվեց վարչատարածքային անկախ միավոր և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական օժանդակությամբ 1918–1920 թթ. դիմակայեց Ադրբեջանի ոտնձգություններին։ 1920 թ. ապրիլի վերջին տեղի ունեցած 9–րդ համագումարում Ղարաբաղը հռչակվեց ՀՀ անբաժանելի մաս, իսկ մայիսի 25–ին՝ 10–րդ համագումարում՝ ընդունեց խորհրդայնացումը։ 1920 թ. դեկտեմբերի սկզբին Խորհրդային Ադրբեջանի հեղկոմը «Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն» խորագրով դիմումով ազդարարեց. «Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են ՀՍԽՀ մասեր»[10]։ Անդրկովկասում կուսակցական ղեկավար մարմինը՝ ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոն, 1921 թ. հունիսի 3–ին Խորհրդային Հայաստանի կառավարությանը հանձնարարվում է Հռչակագրով հայտարարել «Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելության մասին»[11]։ Ի կատարումն Կովկասյան բյուրոյի որոշման՝ ՀՍԽՀ ժողկոմխորհը, կառավարության նախագահ Ա. Մյասնիկյանի ստորագրությամբ, 1921 թ. հունիսի 12–ին ընդունեց համապատասխան հայտարարություն. «Ադրբեջանի ՍԽՀ հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի ՍԽՀ–ների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մաս»[12]։ 1921 թ. հուլիսի 2–7–ը Թիֆլիսում գումարված ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումի հուլիսի 4–ի նիստում քվեարկության արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումը. «Լեռնային Ղարաբաղը մտցնել ՀՍԽՀ կազմ»։ Որոշմանը, սակայն, դեմ է արտահայտվում Ադրբեջանի ՍԽՀ հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովը։ Պլենումը ընդունում է նոր որոշում. «Քանի որ Ղարաբաղի մասին հարցն առաջացրել է լուրջ տարաձայնություններ, ՌԿԿ կենտկոմի կովկասյան բյուրոն անհրաժեշտ է համարում այն փոխադրել ՌԿԿ վերջնական որոշմանը»։ Սակայն հաջորդ օրը` հուլիսի 5–ին հրավիրվում է Կովկասյան բյուրոյի պլենումի արտահերթ նիստ, ուր վերանայվում են Ղարաբաղի հարցի վերաբերյալ հուլիսի 4–ի պլենումի որոշումները։ Պլենումը նոր որոշում է ընդունում. «Ելնելով մուսուլմանների ու հայերի միջև ազգային խաղաղության և Վերին ու Ներքին Ղարաբաղների տնտեսական կապի անհրաժեշտությունից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից՝ Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրՍԽՀ սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն, վարչական կենտրոնը` ինքնավար մարզի կազմում գտնվող Շուշի քաղաքն է»[13]։ Այս որոշումն օրինական չէր, այն ընդունվել էր առանց բյուրոյի անդամների անհատական քվեարկության և պարտադրված էր «կուսակցական կարգով»։ Այն հակասում էր միջազգային իրավունքի հիմնարար՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին, ոտնահարվում էին Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմող հայության (շուրջ 95 %) իրավունքները, անտեսվում էին նաև Խորհրդային Հայաստանի շահերը։ ՀԿ(բ)Կ կենտկոմը 1921 թ. հուլիսի 16–ին որոշեց, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ Կովկասյան բյուրոյի պլենումի բանաձևն «իրենց չի բավարարում»[14]։ Արցախի բռնակցումն, այսպիսով, ի կատար չածվեց Մուսավաթական Ադրբեջանի գոյության տարիներին. այն մտավ Խորհրդային Ադրբեջանի կազմ Իոսիֆ Ստալինի միանձնյա միջնորդությամբ։
Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում էին իրագործել Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու մասին 1921 թ. հուլիսի 5–ի որոշումը։ Նրանց նպատակն էր երկրամասը տարալուծել ԱդրՍԽՀ վարչական շրջանների մեջ։ Այդ մասին է վկայում հետևյալ ուշագրավ փաստը. ԱդրԿ(բ)Կ կենտկոմի կազմբյուրոյի և քաղբյուրոյի 1921 թ. սեպտեմբերի 26–ի նիստում որոշվում է. «Խնդրել Կավբյուրոյին, որպեսզի վերանայի Լեռնային Ղարաբաղն առանձնացնելու մասին իր որոշումը, իսկ մինչ այդ ինքնավարություն չառանձնացնել»[15]։ Ադրբեջանական կողմի նենգամիտ այս ծրագիրը խափանվեց Խորհրդային Հայաստանի իշխանությունների և Անդրկովկասյան Դաշնության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի համառ ջանքերի շնորհիվ։ Վերջապես, 1923 թ. հուլիսի 7–ին լույս է տեսնում «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ» (ԼՂԻՄ, ռուսերեն՝ ”Автономная область Нагорного Карабаха” (АОНК), իսկ 1936 թ. ընդունված ԽՍՀՄ նոր Սահմանադրությամբ մարզը վերանվանվեց ”НКАО”–ի՝ ”Нагорно–Карабахская автономная область”) կազմավորելու մասին ԱդրՍԽՀ Կենտգործկոմի դեկրետը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակի շնորհիվ խորհրդային տարիներին արցախահայությանը հաջողվեց դիմակայել Ադրբեջանի սադրանքներին և ազգային խտրականության քաղաքականությանը, Արցախը (ի տարբերություն Նախիջևանի) չհայաթափվեց։ ԽՍՀՄ փլուզման պայմաններում ԼՂԻՄ-ում անկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքում հռչակվեց երկրամասի անկախությունը, որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն։