Հռոմի ֆորում
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմի ֆորում (լատին․՝ Forum Romanum, իտալ.՝ Foro Romano), ուղղանկյուն հրապարակ Հռոմի կենտրոնում՝ շրջապատված որոշ նշանավոր հնադարյան կառավարական շինությունների ավերակներով։ Հին քաղաքի բնակիչներն այս վայրն սկզբում հիշատակում էին որպես առևտրի հրապարակ՝ Forum Magnum կամ պարզապես Forum:
Հռոմի ֆորում | |
---|---|
Տեսակ | հրապարակ, հնագիտական հուշարձան, տեսարժան վայր, forum?, անշարժ գույք և տուրիստական վայր |
Երկիր | Իտալիա[1][2] |
Բնակավայր | Հռոմ[1][2] |
Շինության ձև | համալիր |
Մասն է | Roman Forum and the Palatine? |
Ներկա վիճակ | ավերակ |
կայք | |
Forum Romanum Վիքիպահեստում |
Այն դարեր շարունակ եղել է Հռոմի հասարակական կյանքի՝ Հռոմի հաղթական երթերի և ընտրությունների, հանրային ելույթների, Հռոմի քրեական դատավարությունների, գլադիատորական մրցույթների և առևտրային հարաբերությունների կենտրոնը։ Այստեղ արձաններն ու հուշարձաններն անմահացնում էին քաղաքի անվանի մարդկանց։ Հին Հռոմում այն համարվում էր ամենահայտնի հանդիպման վայրը, ինչպես նաև աշխարհում ողջ պատմության ընթացքում[3]։ Գտնվելով Պալատինում և Կապիտոլիում բլուրների միջև՝ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական բեկորներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք գրավում են տարեկան ավելի քան 4.5 միլիոն այցելուների[4]։
Հին քաղաքի ամենահին և ամենանշանավոր կառույցները գտնվում էին ֆորումի մոտակայքում։ Հռոմի թագավորության առաջին սրբատեղիներն ու տաճարները գտնվում էին հարավարևելյան հատվածում։ Դրանք ներառում էին հնադարյան նախկին թագավորական նստավայրը՝ Ռեգիան (մ.թ.ա. 8-րդ դար), և Վեստայի տաճարը (մ.թ.ա. 7-րդ դար), ինչպես նաև իր շուրջը գտնվող Վեստալուհիների տունը, որոնք բոլորը վերակառուցվել են Հռոմեական կայսրության հզորացումից հետո։
Հյուսիս-արևմուտքում են գտնվում այլ հինավուրց սրբատեղիներ, ինչպիսիք են Ումբիլիկուս Ուրբիսը (լատին․՝ Umbilicus Urbis)` Հռոմի պորտը, և Վուլկանալը (լատին․՝ Vulcanal)՝ Վուլկան աստծո սրբատեղին, որը կառուցվել է Հռոմի հանրապետության նախկին կոմիցիումում (հավաքատեղի, լատին․՝ Comitium)։ Այստեղ է ձևավորվել Հռոմի սենատը, ինչպես նաև հանրապետական կառավարությունը։ Այս տարածքում աստիճանաբար հայտնվել են սենատը, կառավարական գրասենյակներ, տրիբունալներ, տաճարներ, հուշարձաններ և արձաններ։
Ժամանակի ընթացքում հնադարյան կոմիցիումը փոխարինվեց հարակից ավելի մեծ ֆորումով և դատական գործընթացները տեղափոխվեցին նորակառույց Էմիլիայի բազիլիկ (մ.թ.ա. 179 թվական)։ 130 տարի անց Հուլիոս Կեսարը կառուցեց Յուլիայի բազիլիկը, ինչպես նաև Կուրիա Յուլիան, որոնք ընդգրկում էին դատական մարմիններն ու սենատը։ Այս նոր ֆորումն այն ժամանակ ծառայում էր որպես վերակենդանացած քաղաքի հրապարակ, որտեղ ավելի մեծ թվով հռոմեացիներ կարող էին հավաքվել ինչպես առևտրային և քաղաքական, այնպես էլ դատական և կրոնական գործերով։
Ի վերջո, տնտեսական և դատական գործերի մեծ մասը ֆորումից տեղափոխվեց հյուսիսում գտնվող ավելի ընդարձակ և ավելի շքեղ շինություններ՝ Տրայանոսի ֆորում և Ուլպիայի բազիլիկ։ Կոնստանտինոս I-ի կառավարման օրոք կառուցվեց ֆորումի վերջին հսկայական շինությունը՝ Մաքսենտիոսի բազիլիկը (321 թվական)։ Դրանով ֆորումը կրկին դարձավ քաղաքական կենտրոն մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը՝ գրեթե 2 դար անց։