Տայֆա
From Wikipedia, the free encyclopedia
Տայֆա[ն 1] (իսպ.՝ taifa, «տայֆա», վերցված արաբ․՝ طائفة, «տաիֆա», հոգն․՝ طوائف, «տաուաիֆ», հայկական ավանդական համարժեքը՝ «թայֆա»), միջնադարյան ավատատիրական պետության անվանում Պիրենեյան թերակղզու տարածքում 11-13-րդ դարերում[ն 2]։ Հիմնադրվել են Կորդովայի խալիֆայության անկումից հետո՝ զարգացած միջնադարին բնորոշ ավատատիրական մասնատվածության ժամանակ, որը Իսպանիայում հայտնի է «տայֆաների արքաների» (արաբ․՝ ملوك الطوائف, «մուլուք ալ-տաուաիֆ») դարաշրջան։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Լեզու | արաբերեն, մոսարաբերեն | |||
Ազգություն | արաբներ, բերբերներ, հրեաներ, մոսարաբներ | |||
Կրոն | իսլամ, քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Դինաստիա | արաբական ու բերբերական հարստություններ | |||
Պետության գլուխ | ամիրա | |||
Պատմություն | ||||
- Առաջին փուլ | 1009-1106 | |||
- Կորդովայի խալիֆայության կործանում | 1031 | |||
- Ալ-Մորավիների տիրապետության հաստատում | 1085 | |||
- Երկրորդ փուլ | 1140-1203 | |||
- Ալ-Մորավիների պետության հաստատում | 1145 | |||
- Ալ-Մոհադների գերիշխանության հաստատում | 1147 | |||
- Երրորդ փուլ | 1232-1287 | |||
- Ալ-Մոհադների անկում | 1238 | |||
- Գրանադայի ամիրայության հիմնադրում | 1238 |
Տայֆաները երբեք չեն միավորվել մեկ միասնական պետության մեջ. նրանք պարբերաբար նվաճվել են հարևան քրիստոնեադավան պետությունների կամ Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված տերությունների կողմից։ Տայֆաները կոչվում էին ամիրայություններ կամ թագավորություններ՝ ի հակադրություն Պիրենեյան թերակղզու հյուսիսում գոյություն ունեցող Լեոնի, Գալիսիայի, Կաստիլիայի, Նավառայի և Արագոնի թագավորությունների։ Նրանց պատմությունը բաժանվում է երեք շրջափուլի։ Դրանք տարբերվում են փաստացի և իրավաբանորեն թվագրությամբ. փաստացիորեն գոյություն ունեցած տայֆաները լիակատար ինքնիշխանություն չեն ունեցել, իսկ իրավաբանորեն թվագրվածները՝ նշված ժամանակաշրջանում չեն եղել որևէ պետության լծի տակ Կորդովայի խալիֆայության անկումից մինչև Ալ-Մորավիների գերիշխանության հաստատում (փաստացի՝ 1009-1106, իրավաբանորեն՝ 1031-1085), ալ-Մորավիների իշխանության անկումից մինչև Ալ-Մոհադների տիրապետության հաստատում (փաստացի՝ 1140-1203, իրավաբանորեն՝ 1145-1147) և ալ-Մոհադների իշխանության անկումից մինչև Գրանադայի ամիրայության ձևավորում (փաստացի՝ 1232-1287, իրավաբանորեն՝ 1238)։
11-13-րդ դարերում տայֆաները մի քանի անգամ ենթարկվել են հարևան կաթոլիկ պետությունների հարձակումներին, սակայն նրանց դեմ ձեռնարկած արշավանքները հիմնականում մեծ հաջողությունների չեն հասել՝ միասնական հրամանատարության բացակայության պատճառով։ Արդյունքում իսպանական արքաները հետզհետե ընդլայնել են իրենց տիրույթները դեպի հարավ։ Ալ-Անդալուսում հիմնված տայֆաները հաճախ միավորվում կամ նվաճվում էին առավել խոշոր ու կենսունակ տայֆաների կողմից։ Անկախ իշխանություններից ամենաերկարակյացը եղավ Գրանադայի ամիրայությունը, որը գոյատևեց մինչև Ռեկոնկիստայի ավարտը (1492)։
Տայֆաների շրջանը արաբական Իսպանիայի չորրորդ փուլն էր։ Եթե նախորդ երեքը (ալ-Անդալուսի նահանգ՝ 711-756, Կորդովայի ամիրայություն՝ 756-929, Կորդովայի խալիֆայություն՝ 929-1031) մուսուլմանական գերիշխանության զարգացման ու բարգավաճման փուլեր էին, ապա տայֆաների առաջացումն արդեն խորհրդանշում էր նրանց իշխանության մայրամուտը։ Դրանք արաբական Իսպանիայի պետականության մնացորդներն էին, որոնք չկարողացան ինքնուրույն գոյատևել կամ միավորվել։ Ի վերջո Պիրենեյան թերակղզու հարավում գոյություն ունեցող Գրանադան նույնպես հեռացավ պատմության ասպարեզից, երբ Կաստիլիայի ու Արագոնի միացյալ բանակները՝ Իզաբելլա և Ֆերդինանդ միապետերի գլխավորությամբ նվաճեցին այն և ազդարարեցին նորաստեղծ պետության՝ Իսպանիայի թագավորության ստեղծումը՝ պահպանելով սեփական թագերը։