For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Աղձնիք.

Աղձնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղձնիք
Երկիր
Մեծ Հայք
 
Մեծ Հայք
Մեծ Հայք
Ներառում է10 գավառ
Գլխավոր քաղաքՏիգրանակերտ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ներկայիս երկրներ
Թուրքիա
 
Թուրքիա
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
ՆերկաՔրդեր, թուրքեր, ազերիներ, պարսիկներ, փոքրաթիվ հայեր
Կրոնական կազմ
Պատմական
Հայ Առաքելական եկեղեցի
 
Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաԻսլամ
Աղձնիքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Աղձնիք, «Աշխարհացոյց»-ում հիշատակվող Մեծ Հայքի երրորդ աշխարհը[1]։ Ի տարբերություն նախորդող երկու նահանգների (Բարձր Հայքի ու Ծոփքի) Աղձնիքի տարածքը քանիցս ենթարկվել է տարածքային վերափոխումների։ Այն հյուսիսում սահմանակից է Ծոփքին և Տուրուբերանին, արևելքում Մոկքին և Կորճայքին, իսկ հարավում Հյուսիսայնի Միջագետքում գտնվող՝ Հայոց Միջագետքին[2]։ Նահանգը գտնվում էր Տիգրիսի ավազանում, որն էլ կազմում էր նրա հարավային եզրագիծը։ Աղձնիքի հյուսիս-արևելյան հատվածը Հայկական Տավրոսի լեռնաբազուկների վրա էր և ցրտաշունչ ձմեռներ էր ունենում։ Իսկ հարավ-արևմտյան հատվածը հարթավայրային էր և կիսաանապատային կլիմա ուներ։

Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան
Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան

«Աշխարհացոյց»-ում խոսվում է Աղձնիքի բնական հարստությունների և կենդանական աշխարհի մասին։ Մասնավորապես խոսք է գնում՝ նավթի, երկաթի, պղնձի պաշարների մասին, որոնք ըստ այլ աղբյուրների գտնվում են գերազանցապես Արղանայի շրջանում։ Առհասարակ սկսած հնագույն սկզբնաղբյուրներից Աղձնիքը եղել է պղնձագործության և երկաթի բարձր մշակման կարևոր կենտրոն[3]։

Աղձնիքի տարածքում դեռևս Ք․ ա․ 2-րդ հազարամյակից հիշատակվում են վաղ պետական կազմավորումներ, իսկ հունահռոմեական սկզբնաղբյուրներում Անձիտ գավառի անվան մասին խոսում են ավելի մեծ վարչական միավորի մասին։ Ինչպես նշված է «Աշխարհացոյց»-ում Անձիտը Ծոփքի մեծագուն գավառն էր, մինչդեռ Պտղեոմոսի ժամանակ «Աշխարհացոյց»-յան Աղձնիքը և Մոկքը Անձիտ գավառի հետ կազմել են մեկ նահանգ՝ Անձիտենե անունով[4]։

3-րդ դարում Սասանյանների վարած քաղաքականությամբ սկսվել է Աղձնիքի քայքայումը։ Իսկ 387 թվականի բաժանումից հետո Աղձնիքի մի մասը անցել է Հռոմին, իսկ գերակշիռ մասը անցել է Սասանյաններին, որոնք էլ վերացրել են Աղձնիքում եղած հայկական բդեշխությունը և դուրս բերել այն Արշակունիների Մեծ Հայքի թագավորությունից։ Հետագայում 7-րդ դարում աշխարհը նվաճվել է արաբների կողմից և այստեղ սկսել է որոշակի մաս կազմել օտար բնակչությունը։ Դարեր շարունակ հայերից բացի այստեղ բնակվող ասորիների կողքին նկատելի է դարձել մահմեդական տարրը, և ձևավորվել են երկու ամիրայություններ։ Որոնց գոյությունն էլ հետագայում խանգարել է բագրատունիներին իրենց թագավորության մեջ ընդգրկելու նահանգի հարթավայրային շրջանը[3]։

16-րդ դարի սկզբին Աղձնիքի տարածքը ամբողջությամբ նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից։ Այստեղից ձևաորվել է Դիարբեքիրի նահանգը, իսկ հյուսիս-արևելյան մի փոքր հատվածը նախ ընդգրկվել է Վանի նահանգի մեջ, այնուհետև մտցվել է նորաստեղծ Բիթլիսի նահանգի մեջ։ Օսմանյան տիրապետության հենց սկզբից նկատելի է դարձել նահանգի տարածքում քրդական տարրի ավելացումը, իսկ հայ բնակչությունը վերջնականապես բնաջնջվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։

«Աշխարհացոյց»-ում հիշատակվում է Աղձնիքի տարածքում թվով տաս գավառ։ Աղձնիքի գավառների մեջ անհամեմատ ավելի նշանավոր են Նփրկերտը, Արզնը, Սանասուն(ք)ը և Երխեթքը[4]։

Անվանում

Աղձնիք[5] անունը նախահայկական ծագում ունի։ Ուրարտական ժամանակաշրջանում Աղձնիքը մտնում էր Նաիրյան երկրի մեջ և հայտնի էր Ալզի[5] (ըստ ասորեստանյան արձանագրությունների) անունով։ Հենց այդ անունն էլ ժամանակի ընթացքում հնչյունափոխվելով և ձևափոխվելով դարձել է Աղձնիք։

Պատմություն

Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան
Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան

Աղձնիքը սեպագիր շրջանում

Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան հատվածը, որ ամփոփվում է Հայկական Տավրոսի և Արևմտյան Տիգրիսի միջև, խեթական աղբյուրներում կոչվում է Alse կամ Alsija, ասորեստանյան աղբյուրներում՝ Alze, ուրարտականներում՝ նույնպես Alze կամ Alzine, որը թէ՛ անվամբ և թէ՛ զբաղեցրած տարածությամբ փաստորեն համապատասխանում է հետագայի Մեծ Հայքի Աղձնիք նահանգի[6]։

Աղձնիքը առաջին անգամ հիշատակվում է խեթական արձանագրություններում։ Այսպես, խեթական արքա Սուպպիլուլիումա 1-ի (Ք․ ա․ 14-րդ դար) աքքադերեն արձանագրություններից մեկում այն հիշատակվում է որպես Ալսե երկիր, որը տարածվում է Արածանիի ստորին հոսանքներում գտնվող Իսուվա երկրի և Արևմտյան Տիգրիսից հարավ գտնվող Միտաննի պետության միջև։ Ինչ վերաբերում է Աղձնիքի զուտ խեթական անվանը, ապա այն արձանագրություններում հանդիպում է Ալծիյա ձևով, որտեղ վերջին «յա»-ն խեթերենի պատկանելիություն ցույց տվող ածանցներից մեկն է։ Աքքադական արձանագրություններում Աղձնիքի տարածքը (առանց անունը նշելու), որպես շուբարիական երկիր, հիշատակվում է Ադադներարի 1-ի ( Ք․ ա․1307-1275 թվականներին) մոտ, կապված է Աշուրբալլիտ 1-ի (Ք․ ա․1365-1330 թվականներին) և Ալիշեի տիրակալի միասնական ուժերով Միտաննի պետության կործանման հետ, որը տեղի է ունեցել Սուպպիլուլիումա 1-ի ժամանակ[6]։

Սալմանասար  3–րդ
Սալմանասար 3–րդ

Աքքադական արձանագրություններում Աղձնիքը (Ալզե ձևով) առաջին անգամ հիշատակվում է Թուկուլթի-Նինուրթա 1-ի (Ք․ ա․ 1244-1208 թվականներ) արձանագրություններում, որպես մեկը շուբարիական այն երկրներից, որոնք պարտություն են կրել Ասորեստանի արքայից։ Աղձնիքը Ալզե ձևով հանդիպում է նաև Թիգլաթպալասար 1-ի (Ք․ ա․ 1115-1077թվականներ) արձանագրություններում, կապված մուշքերի առաջխաղացման, Աղձնիքն ու հարևան երկրները գրավելու և այնտեղ բնակություն հաստատելու հետ, իրադարձություն, որը տեղի է ունեցել Ասորեստանի արքայի գահակալությունից ուղիղ 50 տարի առաջ, այսինքն՝ Ք․ ա․ 1165 թվական։ Թիգլաթպալասար 1-ը իր արշավանքների ու ավարառությունների առնչությամբ հետագայում էլ մի քանի անգամ հիշատակում է Աղձնիքը (միևնույն Ալզե ձևով)։ Աղձնիքը Ալզե ձևով հանդիպում է նաև ավելի ուշ շրջանում ևս՝ Ադադներարի 2-ի (Ք․ ա․ 991-891 թվականներ), Սալմանասար 3-ի (Ք․ ա․ 858-824 թվականներ) արձանագրություններում, Ասորեստանի էպոնիմների քարակոթողների վրա։ Իսկ Աշուրնածիրապալ 2-ի (Ք․ա․ 883-852 թվականներ) արձանագրություններից մեկում, Աղձնիքը նշվում է ոչ թե ընդունված Ալզե, այլ Ալշա ձևով։ Տվյալ տեղանունը, ամնեյան հավանականությամբ, ծագում է խեթական Ալշե→Ալշա ձևից, «լ» և «շ» հնչյունների աառնմանության հետևանքով՝ Ալշե→Ալշա→Աշշա[6]։

Աղձնիքը Ուրարտուի շրջանում

Աղձնիքը հիշատակվում է նաև ուրարտական աղբյուրներում։ Այսպես, Ուրարտուի հզոր արքաներից մեկը՝ Մենուան (Ք․ ա․ 810-786 թվականներ), Աղձնիքը (միևնույն Ալզե ձևով) հիշատակվումէ կրկնօրինակ երկու արձանագրություններում, կապված Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում իր կատարած նվաճումների հետ։ Սակայն Մենուան մի ուրիշ արձանագրության մեջ, որը, հավանաբար, մեզ չհասած նրա տարեգրության հատվածներից մեկն է։ Աղձնիքը հիշատակում է Ալզինե ձևով, այսինքն, ուրարտերենի՝ պատկանելիություն ցույց տվող -ինե ածանցով․ Ալզե+ինե=Ալզինե, որը առհասարակ բնորոշում է ուրարտերենին։ Հենց այս ձևից էլ հետագայում հայերենի տեղանվանակերտ հոգնակիության ցուցիչով և ձայնավորի - միջածանցով, ինչպես նաև զ→ձ փոփոխությամբ, որը հատուկ է ուրարտա-հայկական անցումային շրջանին, և լ→ղ հնչյունափոխությամբ, որը բնորոշ է հին հայերենին, ստացվում է հետագայի Աղձնիք ձևը․ Ալզե+ինե→Ալզինե, Ալզինե+ի+ք→Ալզինիք→ Ալձինիք→Ալձընիք→Ալձնիք→Աղձնիք[6]։

Սեպագիր աղբյուրների տվյալմները ցույց են տալիս, որ հնագույն Ալզե կամ Ալզինե երկրի տարածքը գրեթե նույնությամբ համընկնում է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տարածքի հետ, և նրա սահմանները ավելի քան 1200 տարվա ընթացքում (Ք․ա․ 8-րդ- Ք․ հ․ 4-րդ դարեր) մեծ փոփոխություն չեն կրել[3]։

Աղձնիքը Տիգրան Մեծի օրոք

Աղձնիքի դերն ու նշանակությունը մեծացավ հատկապես Տիգրան 2-ի օրոք (Ք․ա․95-55 թվականներ), երբ այստեղ կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Մայրաքաղաքի կառուցումից հետո ամբողջ Աղձնիքը հայտարարվեց արքունական սեփականություն և դարձավ բդեշխություն, որպիսին մնաց նաև Արշակունիների թագավոության շրջանում[3]։

Տիգրանակերտ

Մեծ Հայք
Մեծ Հայք

Հին Հայաստանի բարեկարգ այս մայրաքաղաքը կառուցվել է Ք․ա․ 70-ական թվականներին՝ Տիգրան Մեծի անմիջական նախաձեռնությամբ։ Նոր կառուցված այդ մայրաքաղաքը Տիգրան 2-ի անունով կոչվում է Տիգրանակերտ։

Հետագայում այս քաղաքը կրել է և այլ անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Նփրկերտ, Մուաֆարկին։

Տիգրանակերտը գտնվում էր Բաթմանա գետի աջակողմյան փոքրիկ վտակներից մեկի՝ Ֆարկին-սուի վրա, նրա գետաբերանից ոչ հեռու, այժմյան Ֆարկին աննշան գյուղի մոտ։ Այս գյուղում մինչև օրս էլ պահպանված են Հայաստանի վաղեմիմայրաքաղաքի ավերակները, նրա խարխլված պարիսպներն ու աշտարակները և առանձին խոշոր շինությունների հետքերը։

Տիգրան 2-րդ Մեծ
Տիգրան 2-րդ Մեծ

Տիգրանակերտի դիրքը նրա կառուցման ժամանակաշրջանում նպաստավոր էր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ ստրատեգիական տեսակետից։ Նա մոտ էր գտնվում «Արքայական ճանապարհին» և հեշտությամբ կարող էր կապվել ինչպես Միջագետքի, այնպես էլ Արևելքի ու Արևմուտքի երկրների հետ, մի հանգամանք, որը տնտեսական ու մշակութային բարերար ազդեցություն պետք է ունենար Տիգրանակերի զարգացման վրա[3]։ Քաղաքական առումով նրա դիրքը Արտաշատի համեմատությամբ ուներ այն առավելությունը, որ Տիգրան 2-ի օրոք այս քաղաքը գտնվում էր Հայկական պետության գրեթե կենտրոնում։ Տիգրանակերտը գտնվում էր բարձնադիր տեղում, հյուսիս-արևելքից, հյուսիսից և հյուսիս-արևմուտքից այն պաշտպանված էր Իլիջայի լեռներով, իսկ հարավի նկատմամբ ուներ իշխող դիրք[7]։

Տիգրանակերտը երեք կարևոր ճանապարհների խաչմերուկ էր։ Այդ ճանապարհներից մեկը Տիգրանակերտը միացնում էր Պարսից «Արքայական» կոչված ճանապարհի հետ, երկրորդը Տիգրանակերտից Արտաշատ գնացող բարեկարգ ճանապարհն էր, իսկ երրորդը դուրս գալով Տիգրանակերտից՝ այժմյան Ներջիկի և Շենիկի շրջաններով գնում էր դեպի Արածանիի հովիտը։ Դրանցից վերջինն ուներ առավելապես ստրատեգիական նշանակություն։

Լյուցիոս Լուկուլլոս
Լյուցիոս Լուկուլլոս

Տիգրանակերտը իր զարգացման գագաթնակետին է հասել հենց իր հիմնադիր՝ Տիգրան Մեծի ժամանակ։ Չնայած այն բանին, որ Լուկուլլոսը Ք․ա․ 69 թվական գրավեց և մասնակիորեն ավերեց նորակառույց քաղաքը, այնուամենայնիվ, դրանով չընդհատվեց Տիգրանակերտի զարգացումը։ Նրա կառուցումն ու զարգացումը շարունակվեց անգամ Պոմպեոսի արշավանքից հետո (Ք․ա․ 65 թվական)։

Պոմպեոս
Պոմպեոս

Տիգրանակերտը եղել է հելլենիստական տիպի քաղաք․ նրա բնակչության ճնշող մեծամասնությունը, չհաշված զինվորական ծառայողներին և վարչական պաշտոնյաներին, զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Երկրագործությամբ այստեղ, հավանաբար, շատ քիչ են զբաղվել, այնպես որ բնակչության թիվ համեմատ քաղաքը բռնել է ավելի քան հարյուր հազար մարդու[3]։

Բնակչությունը ունեցել է խառը ազգային կազմ։ Այստեղ հայերի հետ միասին ապրում էին նաև հրեաներ, հույներ, ասորիներ, կապադովկիացիներ և այլոք։ Դրանց ճնշող մեծամասնությունը պատկանում էր այն գերիների թվին, որոնց Ք․ա․ 80-70-ական թվականներին Կապադովկիայում , Արևելյան Կիլիկիայում, Սիրիայում, Միջագետքում, Պաղեստինում և Փյունիկիայում վարած պատերազմների ընթացքում Տիգրան Մեծը գերել ու տեղափոխել էր Հայաստան և բնակեցրել նրա տարբեր մասերում[3]։

Տիգրանակերտում տեղի ունեցած քաղաքական անցքերի մասին բավականաչափ տեղեկություններ են տալիս հռոմեական և հունական մատենագիրները։

Նրանց նկարագրությունների համաձայն, Տիգրանակերտը շրջապատված էր 50 կանգուն բարձրություն ունեցող պարսպով։ Այդ պարիսպը այնքան լայն է եղել, որ նրա մեջ շինել են պահեստներ և ձիերի համար ախոռներ։ Քաղաքի ներսում գտնվում էր միջնաբերդը, իսկ պարիսպներից դուրս Տիգրանը կառուցել էր տվել իր փառահեղ պալատը, որը շրջապատված էր պարտեզներով, զբոսարաններով, որսատեղիներով և ձկնավազաններով։

Քաղաքի զարգացած արհեստներից էին զինագործությունը, դարբնությունը, բրուտագործությունը, պայտարությունը, շինարարական արհեստները (քարտաշություն, որմնադրություն, ծեփագործություն և այլն)։ Լինելով տարանցիկ առևտրի հանգրվաններից մեկը, Տիգրանակերտը ևս իր արհեստավորական արտադրանքներով ակտիվ մասնակցություն է ունեցել այդ առևտրին։

Տիգրանակերտը ոչ միայն երկրի մայրաքաղաքը, արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն էր, այլև անտիկ շրջանի հայկական մշակույթի հայտնի օջախներից մեկը։ Տիգրանակերտում կար մշտական գործող թատրոն, որտեղ, հայերից բացի, հանդես էին գալիս նաև զանազան քաղաքներից հրավիրված օտարազգի (գլխավորապես հույն) դերասաններ։ Տիգրանակերտն ուներ դեռևս Ք․ա․ 1-ին դարում կառուցված թատրոնի շքեղ շենք, որի հետքերը նշմարվում են մինչև օրս։

Տիգրան Մեծից հետո Տիգրանակերտն այլևս բուռն զարգացում չի ունենում։ Դա նախ և առաջ բացատրվում է նրանով, որ Տիգրանից հետո Տիգրանակերտն ընդմիշտ դադարում է մայրաքաղաք լինելուց։ Տիգրանից հետո երկրի քաղաքական կենտրոններն էին դառնում բացառապես այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատյան աշխարհում (Վաղարշապատ, Դվին, Կարս, Անի և այլն)։ Սակայն Տիգրանակերտի տնտեսական ու մշակութային կյանքի վրա առանձնապես բացասաբար էին անդրադառնում Հռոմի ու Պարսկաստանի միջև պարբերաբար մղվող պատերազմները, պատերազմներ, որոնց համար թատերաբեմ էին դարձել ոչ միայն Հյուսիսային Միջագետքը, այլ նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները։ Տիգրանակերտն ավելի աննպաստ պայմանների մեջ ընկավ հատկապես Հայաստանը Հռոմի և Պարսկաստանի միջև բաժանվելուց հետո (387թվական)։ Նա գտնվում էր այս բաժանման գծի վրա, հռոմեական սահմանում։ Լինելով սահմանային, ժամանակի ընթացքում հռոմեացիները այն դարձնում են սովորական բերդաքաղաք։ Հետագա դարերում Տիգրանակերտն ավելի է կորցնում իր տնտեսական նշանակությունը[3]։

Տիգրանակերտի պատմական ճակատագիրը հար ու նման է Հայաստանի հելլենիստական մյուս քաղաքների ճակատագրին։ 2-3-րդ դարերից Հայաստանը վերջնականապես թևակոխում է ավատատիրության դարաշրջանը, երկրում զարգանում է ավատական ինքնաբավ տնտեսությունը։ Նախկին հելլենիստական տիպի քաղաքները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Զարիշատը, Զարեհավանը, Արշամաշատը, Արկաթիոկերտը և մյուսները, իբրև արհեստագործության, առևտրի ու հելլենիստական մշակույթի կենտրոններ, աստիճանաբար կորցնում են իրենց նախկին նշանակությունը և վերածվում ավատական քաղաքների։ Նույնպիսի ճակատագիր ունեցավ և Տիգրանակերտը։ Առաջանում են ավատական նոր քաղաքներ (Վաղարշապատ, Դվին և այլն), որոնք առաջ են անցնում այդ հին քաղաքներից[3]։

Տիգրանակերտ մայրաքաղաք
Տիգրանակերտ մայրաքաղաք

Տիգրանակերտը դարեր շարունակ եղել է վարչաքաղաքական կենտրոն։ Տիգրան Մեծի օրոք նա Մեծ Հայքի մայրաքաղաքն էր, նրանից հետո Ք. ա.1-ին դարից մինչև 5-րդ դարը հայկական պետության հարավային կողմի սահմանակալ իշխանության Աղձնիքի բդեշխության կենտրոնը,5-7-րդ դարերում պարսկական պետության Արևմտյան քուստակի մեջ մտնող Աղձնիքի շահարի կենտրոնը։ Նա մեծ վարչատերիտորիալ միավորների կենտրոն էր նաև արաբական և սելջուկյան տիրապետությունների ժամանակներում[3]։

Արաբական տիրապետության շրջանում (7-9-րդ դարեր) Տիգրանակերտը, որն այդ ժամանակ արդեն կոչվում էր Մուաֆարկին (Ֆարկին) մասնակի աշխուժացում է ապրում, որովհետև նա մի մեծ մարզի վարչական կենտրոն էր։ Սակայն գտնվելով Բյուզանդական կայսրության և արաբական խալիֆայության սահմանային շրջանում՝ Տիգրանակերտը դառնում է սոսկ բերդաքաղաք, բազմամարդ կայազորի տեղադրավայր և պարբերաբար ավերվում էր այդ երկու աշխարհակալ պետությունների միջև մղվող երկարամյա պատերազմների հետևանքով։ 12-րդ դարից սկսած աստիճանաբար կորցնելով իր նշանակությունը, այն վերածվեց անշուք մի բնակավայրի[3]։

Վաղեմի Տիգրանակերտի ավերակներում մշտական պեղումներ չեն կատարվել։ Նրա պատմությունը դեռևս անբավարար է ուսումնասիրված։

Աղձնիքը օտարազգիների ձեռքում

Ֆեոդալական հարաբերությունների ձևավորման շնորհիվ Աղձնիքի բդեշխներն[8] աստիճանաբար դանում են խոշոր հայրենատեր կալվածատերեր։ 4-րդ դարի ընթացքում նրանք, մի քանի անգամ ապստամբություն բարձրացնելով, փորձում են անջատվել կենտրոնական իշխանությունից։ Սակայն այդ բոլոր փորձերը, մինչև Պապ թագավորի գահակալության շրջանը (368-374թվականներ), ապարդյուն են անցնում[8]։

Պապ թագավոր
Պապ թագավոր

Հայաստանի առաջին բաժանմամբ Աղձնիքը, Արևելյան Հայաստանի մյուս մասերի հետ, մտավ պարսկական բաժնի մեջ և իբրև «շահր» միացվեց սասանյան Պարսկաստանի Արևմտյան քուստակին։ 591 թվական բաժանմամբ Աղձնիքը միացավ Բյուզանդական կայսրությանը և նրա կազմում մնաց մինչև արաբական արշավանքները։ Արաբները 7-րդ դարում այն գրավեցին և միացրեցին իրենց աշխարհակալ պետությանը։ Արաբական խալիֆայության՝ առանձին էմիրությունների մասնատվելու շրջանում՝ 8-րդ դարի վերջերից, Աղձնիքի արաբական կառավարիչները, Աղձնիքին միացնելով շրջակա մի շարք շրջաններ, այն դարձնում են խալիֆայությունից կիսանկախ վիճակ ունեցող իշխանություն՝ էմիրայություն։ Աղձնիքի էմիրայությունը 9-րդ դարում, մասամբ նաև 10-րդ դարի սկզբին, վտանգ էր սպառնում Հայաստանի հարավային շրջաններին, հատկապես Տարոնի Բագրատունիների իշխանությանը[3]։

Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում Աղձնիքը մտնում է էյուբյանների պետության մեջ, որը կազմավորվել էր սելջուկների աշխարհակալ պետության քայքայման շրջանում (12-րդ դարի սկզբներին)։ Այդ պետությունը, Աղձնիքից բացի, գրավում էր նաև ամբողջ Հյուսիսային Միջագետքը։

Դիրք

Աղձնիք, ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Աղձնիքի դիրքը որոշված է բավական ճշտությամբ։ Նա տարածվում էր Չորրորդ Հայքի, Տուրուբերանի, Մոկքի, Միջագետքի միջև՝ Արևմտյան Տիգրիսի միջին և ստորին հոսանքների ավազանում։

Սահմաններ

Նրա սահմանները կազմում էին հյուսիսում Հայկական Տավրոս լեռները, արևելքում՝ Բաղեշ և Արևելյան Տիգրիս գետերի ջրաբաժան լեռնաշղթաները, հարավում՝ Մասիուս լեռները (Տիգրիսից հարավ), իսկ արևմուտքում՝ Բաթմանա և Զիբենե գետերի ջրաբաժան բարձրությունները[4]։

Կլիման և բնական պայմաններ

Աղձնիքը ռելիեֆով և աշխարհագրական մյուս պայմաններով բաժանվում է իրարից խիստ կերպով տարբերվող երկու մասի՝ հյուսիսային և հարավային։ Հյուսիսային շրջանները ընկած են Հայկական Տավրոսի[9] վրա և ունեն խիստ լեռնային ռելիեֆ ու կլիմայական դաժան պայմաններ։ Այստեղ ձմեռտ տևում է ավելի քան յոթ ամիս։ Բոլոր ճանապարհները, առանց բացառության, փակվում են, լինում են դաժան բքեր[3]։

Դրան հակառակ, երկրի հարավային մասն ունի հարթավայրային ռելիեֆ և տաք կլիմա։ Սակայն այստեղ էլ տեղումների աննշան լինելը պահանջում է արհեստական ոռոգում, մի բան, որն զգացել են դեռևս մեր նախնիները և կառուցել են ոռոգման առուներ ու ջրամբարներ։ Արհեստական ոռոգման շնորհիվ այստեղ կարելի է մշակել մերձարևադարձային շատ կուլտուրաներ։

Դաշտային մասում էին Անգեղտուն (Քեղ), Նփրկերտ և Աղձն (Արձն, Արզն) գավառները, իսկ լեռնային մասում՝ Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնաձոր և Սանասունք (Սասուն) գավառները։

Աղձնիքը հարուստ է գետերով և աղբյուրներով։ Հայկական տավրոսի հարավհայաց լանջերից սկսվող և Արևմտյան Տիգրիսից մեջ թափվող այդ գետերի թիվը հասնում է մի քանի տասնյակի։

Աղձնիքը հնուց ի վեր հայտնի է եղել որպես հարուստ երկիր։ Այստեղ հիշատակվում է նավթի (Արևմտյան Տիգրիսից հարավ ընկած շրջաններում), երկաթ և կապար։ Երկաթի ու կապարի գլխավոր հանքավայրը գտնվում էր Վանա լճի հարավային ափին՝ Կապուտկող լեռան մոտ և կոչվում էր «Երկաթահատ» կամ «Կապարահատ»։ Այս հանքավայրերի շրջանում Աղձնիքը սահմանակցվում է Վասպուրականի Ռշտունիք գավառին[3]։

Աղձնիքի բնակչություն

Աղձնիքի բնակչությունը, Չորրորդ Հայքի բնակչության նման, բազմալեզու էր։ Հնում, հայերից բացի, այստեղ բնակվում էին նաև ասորիներ, հույներ, հրեաներ, մասամբ նաև պարսիկներ և այլ ժողովուրդներ։ 7-8-րդ դարերից Աղձնիք են մուտք գործում արաբներ և քրդեր, իսկ 11-րդ դարից՝ սելջուկ-թուրքեր։ Չնայած դրան, բնակչության մեծ մասը շարունակում էին մնալ բնիկները՝ հայերը։ Պետք է նշել, որ դեռևս արաբական տիրապետության շրջանում Աղձնիքի աշխարհագրական անունները մեծ մասամբ օտարացվում են։ Արաբները կամայական կերպով հայկական անուները հանում էին գործածությունից կամ հիմնովին աղավաղում[3]։

Աշխարհագրություն

Մեծ Հայքի Երրորդ նահանգ
Մեծ Հայքի Երրորդ նահանգ

Վարչական բաժանում

Ըստ Անանիա Շրակացու «Աշխարհացոյց»–ի Աղձնիք նահանգն ունի 10-ը գավառ․

Aquote1.png
«Աղձնիս առ Տիգրիս գետոյ կայ. եւ գաւառս ունի տասն. զԱրզն, զՆփրկերտ, զՔեղ, զԿեղթիկ, զՏատիկ, Սաղու, Վանաց ձոր, զԽերհեթս, զԳզեղ, զՍալնոյ ձոր, զՍանասուն։ Ունի նաւթ եւ երկաթ, առաւել եւ գղթոր, եւ հաւ՝ զդեղհուկ[3]»։
Aquote2.png


Գավառներ

Ըստ «Աշխարհացոյց»-ի, Աղձնիքը բաղկացած էր 10 գավառից։ Դրանք են՝ Նփրկերտ, Արզն կամ Արձն, Քեղ, Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Սերխեթք, Գզեղխ, Սալանձոր և Սասուն կամ Սանասուն։ Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հյուսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, և հարավային, որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային[4]։ Աղձնիքի գավառների մեջ անհամեմատ ավելի նշանավոր են Նփրկերտը, Արզնը, Սանասուն(ք)ը և Երխեթքը[3]։

Նփրկերտ

Նփրկերտ գավառը տարածված էր Քաղրիդ (Բաթման) գետի միջին և ստորին հոսանքի վրա ընկած որոշ շրջաններում։ Հարավում, հավանաբար, իր մեջ ընդգրկել է Տիգրիսից հարավ ընկած որոշ շրջաններ։ Ենթադրվում է, թե Նփրկերտը հնագույն շրջանում՝ մինչև Տիգրան 2-րդ Մեծի գահակալությունը, մտել է Ծոփքի մեջ։ Տիգրան 2-ը Ք․ ա․ 94 թվականին Մեծ Հայքին միացնելով Ծոփքի թագավորությունը, դրա հետ միասին վերջինիս անջատել և անմիջականորեն Մեծ Հայքին է միացրել որոշ շրջաններ, որոնց թվում և Նփրկերտը[3]։

Նփրկերտը տաք և չոր կլիմայով, անտառազուրկ, հարթավայրային գավառ է։ Որոշ չափով լեռնային ռելիեֆ ունի նրա հյուսիսային մի փոքր մասը միայն, որտեղ ձգվում է Իլիջայի ոչ բարձր լեռնաշղթան[3]։

Նփրկերտի պատմական վայրերից են՝ Տիգրանակերտը[7], Թուխը և Կլեսուրը։

Տիգրանակերտ մայրաքաղաք
Տիգրանակերտ մայրաքաղաք

Թուխ

Հիշատակվում է իբրև ճակատամարտի վայր։ Այդ ճակատամարտը տեղի է ունեցել 896 թվականին հայկական զորքի և Հյուսիսային Միջագետքի ու Աղձնիքի արաբական Ահմադ էմիրի բանակի միջև։

Թուխը այն գետի անունն է, որի ափին տեղի ունեցավ այդ ճակատամարտը։ Այժմյան աշխարհագրությանն անծանոթ է Թուխ անունը։ Հավանաբար նա Բիթլիս գետի աջակողմյան փոքրիկ վտակներից մեկի անունն էր։

Կլեսուր

Լեռնանցք է՝ Զիբենե գետի ակունքների շրջանում։ Կլեսուրը գտնվում էր Հայաստանի առաջին բաժանման սահմանի վրա՝ հռոմեկան մասում։ Ուներ ստրատեգիական մեծ նշանակություն։ Սահմանի այս հատվածում պարսկական մասից դեպ հռոմեական մասը տանող միակ ճանապարհը անցնում էր Կլեսուրով։ Այս պատճառով էլ հռոմեացիների կողմից ամրացվելով, Կլեսուրը վեր էր ածվել բերդի[3]։

Արզն

Արզն գավառն ընկած էր Նփրկերտից հարավ–արևելք։ Ամբողջապես հարթավայրային է, հռչակված էր իր արգավանդ հողերով։ Արզն գավառը երկար ժամանակ (հատկապես 4-րդ դարում) դարձել էր կռվախնձոր Հռոմի ու Պարսկաստանի միջև և պատերազմների ժամանակ բազմիցս ձեռքից ձեռք է անցել[3]։

Արզնը հայտնի էր նույնանուն Արզն ոչ մեծ քաղաքով, որը այժմ էլ գոյություն ունի և կոչվում է Հազրու։

Երխեթք

Երխեթքն անվանվել է նաև Սերխեթք կամ Խերխեթք։ Այն ընկած էր Բիթլիս գետի ստորին հոսանքի շրջանում՝ Արզն գավառից անմիջապես արևելք։ Իր տարածությամբ Երխեթքը Նփրկերտից և Արզնից անհամեմատ փոքր էր։ Վերջիններից նման նա ևս գտնվում էր Աղձնիքի դաշտային մասում։ Պատմագիրների և աշխարհագիրների ողմից հազվադեպ է հիշատակված։ Այս գավառում էր գտնվում Սղերթ կամ Սերխեթ փոքրիկ քաղաքը, որը միաժամանակ ճանապարհային կայան էր։ Սղերթն այժմ էլ գոյություն ունի որպես բնակավայր և գտնվում է Արևելյան ու Արևմտյան Տիգրիսի միախառնման տեղից ոչ շատ հեռու, Բիթլիս գետի ստերին հոսանքի շրջանում[3]։

Սանասուն(ք)

Այս գավառի մասին եղած հիշատակությունները սկսում են 6-րդ դարից։ Սկզբնական շրջանում հիշատակվում է Սանասուն անվամբ, իսկ հետագայում՝ Սասուն[4]։

Ըստ ավանդության գավառն իր անունը ստացել է Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդու՝ Սանասարի անունից, որը, ավանդության համաձայն, իր եղբոր հետ փախչելով այստեղ, կառուցել է բերդ և ամեն կողմից այստեղ է հավաքել բազմաթիվ բնակիչներ։

Ըստ հայկական Էպոսի՝ «Սասնա ծռեր»–ի առաջին «Սանասար և Բաղդասար» ճյուղի Սասունը կառուցել են Ծովինարի որդիները Սանասարն ու Բաղդասարը։

Սասունցի Դավիթ
Սասունցի Դավիթ

Բաղդադից հեռանալով, Գագիկ արքայի թոռների հետագա մանկությունն անցնում է հայոց երկրում, քանի որ Բաղդադից նրանց հեռացնելուց հետո վերջիններս հանգրվանել էին իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակահատվածում Բաղդասարն ու Սանասարը մեծանում եմ՝ վերածվելով աննկարագրելի ուժի տեր դյուցազունների։ Նրանք ուղևորվում են այն ավազանի մոտ, որտեղից կյանք են ստացել։ Շուտով եղբայրներն ականատես են լինում, թե ինչպես է լեռներից հոսող մի ուժգին առու կտրում-անցնում մի մեծ գետի ամբողջ հոսանքը։ Գայթակղված այդ ջրի զորությունից՝ Սանասարն ու Բաղդասարը գտնում են առվի հոսքի սկզբնակետը և վերջինիս ակունքների վրա վիթխարի ապառաժներից ամրոց կառուցում։ Շուտով Սանասարն ու Բաղդասարը ձեռնամուխ են լինում իրենց հիմնադրած ամրոցի հարակից տարածքների բնակեցմանը և այդ նպատակով հայոց աշխարհից 40 ընտանիք բերելով հաստատում են այստեղ։ Այսպիսով, առասպելական տեսանկյունից՝ սա է Սասուն քաղաքի հիմնադրման պատմությունը։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո եղբայրները ցանկանում են անվանում տալ իրենց հիմնադրած բնակավայրին։ Հենց այս ժամանակ էլ նրանց պատահաբար հանդիպում են ծերունի մի սերմնացանի, որից էլ խնդրում են անուն մտածել բարձրաբերձ և վահաշուք քաղաք-ամրոցի համար։ Այսպիսով, հենց այդ ծերունին էլ քաղաքի անունը կնքում է Սասուն, քանի որ այն կառուցված էր սասան քարերից։ Նա իր խոսքը մեկնաբանում է հետևյալ կերպ․

Aquote1.png
Դուք էն սասուն քարեր ինչպե՞ս հաներ եք էն վերին տեղ,

Ու քարե սան սուն եք զարկե. Էս տո՛ւն շեք շինե դուք. Ապա սասուն մ’եք շինե։ Վա՜, քանի սասուն բերդ մի.Էս տուն չէ, էս սասուն է։ Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ, Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի։ Ա՛յ պապի, անուն դրվավ. Անուն էղավ Սասուն։ Քանց էդա ավել ի՞նչ անուն։ Որ դու ասիր՝ սասուն քարեր, քարե սանսուն եք զարկե. Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,

Մեր տան անուն՝ Սասնա տուն։
- Ծերունին Սասուն քաղաքի մասին[10]
Aquote2.png



Սասունը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա, այդ պատճառով էլ մեր պատմագիրները նրա բնակիչներին երբեմն անվնում են ոչ թե սասունցիներ, այլև՝ «բնակիչք Տարոս լերին»։ Սասունի տարածքի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։

Արևելքում Սասունին սահմանակից էր Խութը (Խոյթ), որը հնում կազմում էր Սասունի բաղկացուցիչ մասը։ Միջին դարերում Խութն ու Սասունը տարածքային միևնույն հասկացությունն էին[3]։

Սասունը լեռնային գավառ է, կլիմայական պայմանները խիստ են։ Ձմեռը տևում է ավելի քան յոթ ամիս, տարվա այդ եղանակին տեղում է առատ ձյուն, և երկիրը ծածկվում է ձյան հաստ շերտով։ Լինում են սաստիկ բքեր, որոնց պատճառով նույնիսկ շատ մոտիկ գտնվող բնակավայրերի միջև միանգամայն ընդհատվում էր հաղորդակցությունը։ Մշակելի հողերը քիչ են, շատ են ապառաժները։ Այստեղ կարելի է հանդիպել մերձարևադարձայինից մինչև լեռնային ցուրտ կլիմյական գոտիների[4]։

Բնակչության հիմնական զբաղմունքն եղել է որսորդությունը, երկրագործությունը և անասնապահությունը։ Հացահատիներից այստեղ առավելապես մշակվել են գարի, տարեկան և կորեկ։

Սասունի բնակչությունը դարեր շարունակ զինված պայքար է մղել ոչ միայն իրենց գավառի, ալյև, Հայաստանի մյուս մասերի բնակիչների հետ միասին՝ ամբողջ երրի անկախության համար։

Սասունցիները հայրենիքի անկախության համար մղվող պայքարի հոյակապ օրինակ ցույց տվեցին 850-855 թվականներին ժողովրդական ապստամբության ժամանակ, որն ուղղված էր Արաբական խալիֆայության դեմ։

Այս ապստամբությունը իր վառ արտացոլումն է գտել «Սասունցի Դավիթ» ժողովրդական հերոսական էպոսում, որի հիմնական սյուժեն հայ ժողովրդի մղած պայքարն է արաբական տիրապետության դեմ։

9-10–րդ դարերում, հավանաբար, Սասունը ենթարկվում էր Տարոնի Բագրատունիների իշխանությանը, սակայն ուներ և իր տեղական իշխանները, որոնք, ինչպես ենթադրվում է, Մամիկոնյանների հետնորդներն էին։

10-11–րդ դարերին վերաբերող հիշատակութոյւնները ցույց ենտվել, որ Սասունն այդ ժամանակ եղել է մի հզոր իշխանություն։ Մատթեոս Ուռհայեցու մի վկայության մեջ ասված է, որ 10-րդ դարում Թոռնիկ զորավարը Սասունից բյուզանդացիների դեմ դուրս է եկել 50․000 հետևակ զինվոր և 6․000 հեծյալ[3]։

Սելջուկյան տիրապետության շրջանում Սասունի իշխնությունը պահպանեց իր ինքնուրույնությունը։

Աղձնիքի մասին

Ա․ Շիրակացի

Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացի
Aquote1.png
«Աղձնիս առ Տիգրիս գետոյ կայ. եւ գաւառս ունի տասն. զԱրզն, զՆփրկերտ, զՔեղ, զԿեղթիկ, զՏատիկ, Սաղու, Վանաց ձոր, զԽերհեթս, զԳզեղ, զՍալնոյ ձոր, զՍանասուն։ Ունի նաւթ եւ երկաթ, առաւել եւ գղթոր, եւ հաւ՝ զդեղհուկ»։
Aquote2.png


Վ․ Բելք

Aquote1.png
«Շատ քիչ ծառայություն ունին աշխարհագիրք և պատմության քննիչք Աղձնաց վերա։ Ամեն բանե առաջ մեր գործը պիտի ըլլա՝ քննել, թե արդյոք այդ նահանգի անվան մեջ երկրի նախահայ անուն մը ծածկված է, թե ոչ[11]»։
Aquote2.png
Հ․ Հյուբշման
Հ․ Հյուբշման

Հ․ Հյուբշման

Aquote1.png
«Աղձնիք միշտ նահանգի անուն է, որովհետև Աղձնիք անունը, որհոգնակի միայն գործածված կա, երկիր կցուցանե և Աղձնի եզակի չունի, ուստի գեթ պատմական ժամանակներուն մեջ կերևա, թե ժողովրդի մը անուն համարված չէ և կրնանք բնիկ երկրանուն համարիլ[12]»։
Aquote2.png


Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Աղձնիք»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Հայոց Միջագետք»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 Հակոբյան Թադևոս (1984)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: Երևանի պետական համալսարան 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հարութունյան Բաբկեն (2001)։ Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Երևան: ԵՊՀ հրատարակչություն։ էջ 402 
  5. 5,0 5,1 5,2 «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Աղձն»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Նահապետյան Ռաֆիկ (1984)։ Աղձնիքը սեպագրի շրջանում։ Լրաբեր հասարակական գիտությունների 
  7. 7,0 7,1 «Պատմական Հայաստանի քաղաքները»։ www.armenianhouse.org։ Վերցված է 2022-03-12 
  8. 8,0 8,1 «Պատմական բառարան. Բդեշխ»։ mar-amirchanyan.livejournal.com։ Վերցված է 2022-03-12 
  9. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Հայկական Տավրոս լեռներ»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  10. Սասունցի Դավիթ։ Հայկական ժողովրդական էպոս։ Երևան: Հայկ. ԽՍՀ Պետական հրատ.։ 1939 
  11. Բելք Վ․ (1904)։ Աղձնիք։ Հանդես ամսօրյա 
  12. Հյուբշման Հայնրիխ (1907)։ Հին Հայոց տեղվո անունները։ Վիեննա 

Գրականություն

  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822
  • Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վիեննա, 1907
  • Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963
  • Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968
  • Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ Ա, Երևան, 1943
  • Ուռհայեցի Մ․, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898
  • Բ ե լ ք Վ․, Աղձնիք, «Հանդես ամսօրյա», 1904
  • Հ. Կ ա ր ա գ յ ո ղ յ ա ն, Ուրարտական աղբյուրները Հայկական լեռնաշխարհի և հարևան պետությունների մասին «Հա յ ժողովրդի պատմության քրիստոմատիա», Երևան, 1981
  • Հարութունյան Բ․, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի, մաս Ա, ԵՊՀ հրատ, Երևան

Արտաքին հղումներ



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 258
CC BY-SA icon 80x15.png

Կատեգորիա:Մեծ Հայքի նահանգներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Աղձնիք
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.