From Wikipedia, the free encyclopedia
Ասոմթավրուլի (վրաց.՝ ასომთავრული, ასო ― տառ, მთავრული ― մեծատառ[1]), վրացական գրի հնագույն տեսակ, որը որպես հիմք է ծառայել նուսխախուցուրի եկեղեցագրի համար[2][3]։ Վերջինից 10-րդ դարում ծաղկում է ապրել քաղաքացիական մխեդրուլի գիրը, որը օգտագործվում է որոշակի փոփոխություններով նաև ներկայումս։ Գլխագիր գիրը, որտեղ բոլոր տառերը տեղակայված են երկու կանոնավոր գծերով, ունեն նույն բարձրությունը և բաղկացած են շրջանակից և ուղիղ գծից։ Այս պատճառով ասոմթավրուլի գիրը անվանում են նաև «մրգվլովանի» (վրաց.՝ მრგვალი ― կլոր)։
Ասոմթավրուլին բաղկացած է 37 տառից․ 38-րդ տառը չի մտնում այբուբենի մեջ, քանի որ միավորում է í (օ) և \\ (ու) գրաֆիկական նշանները։
Հին վրացական գրի ստեղծման ժամանակի հարցով հետաքրքրվել են դեռևս միջնադարյան պատմիչները․ այսպես, ըստ 5-րդ դարի պատմիչ Կորյունի՝ հայկական, վրացական և աղվանական գրերը կերտվել են հայ գործիչ Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Ըստ 11-րդ դարի պատմիչ Լեոնտի Մրովելիի՝ Քարթլիս Ցխովրեբա պատմական ժամանակագրության հիմնական մասի կազմողի, վրացական գիրը ստեղծվել է Վրաց արքա Փարնավազ I-ի կողմից (մ․ թ․ ա․ 3-րդ դար)։
Ըստ վրացական պալեոգրաֆիայի հիմնադիր Իվանե Ջավախիշվիլու (1926)՝ ասոմթավրուլին առաջացել է մ․թ․ա․ 8-7-րդ դարերում՝ փյունիկյան տառերի վերափոխման ճանապարհով։ Վ․ Հարդհաուզենը (1876), Դմիտրի Բաքրաձեն (1881, 1889), Դավիթ Կարիճաշվիլին (1905) կարծել են, որ ասոմթավրուլին առաջացել է հունական գրից։
Վերջին տեսակետը զարգացվել է Կոռնելի Կեկելիձեի (1924) կողմից՝ հիմնվելով ակադեմիկոս Գամկրելիձեի (1989) պնդման վրա, ով գրել էր․
Հին Իբերիայում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հայտարարելուց հետո հունական գրային համակարգի հիման վրա ստեղծվել է նոր այբուբենային գիր»[4]։ |
Վրացական գրավոր հուշարձաններում ասոմթավրուլին թագավորել է հիմնականում 5-8-րդ դարերում։ Մինչ 19-րդ դարի երկրորդ կեսը որոշ ձեռագրերում օգտագործվել են միայն գլխագրերը։
Ասոմթավրուլիով գրված հնագույն արձանագրությունները պահպանվել են Բոլնիսի Սիոնում (493 կամ 503)[5], Պաղեստինի Սուրբ Ֆեոդորի անվան վրացական տաճարում (2 մոզայիկ, մոտ 433, ակադեմիկոս Գ․ Վ․ Ծերեթելու թվագրում)[6]։
Վրացական վիմագրության մեծամասնությունը կատարված է ասոմթավլուրիով․ սրանք մի քանի հազար վիմագրություններ, որմնանկարներ, դրոշմակերտեր, գրաֆիտո, ասեղնագործություններ և այլն են (թվագրված 5-18-րդ դարերին), 5-6-րդ դարերի մի քանի հարյուր մագաղաթյա էջեր (Կեկել, А-89, А-373, А-844, H-999)։ Այս էջերի ստորին տեքստը պարունակում է վարքաբանական գրություններ և հատվածներ Սուրբ Գրքից։ Գրությունները կարդացվել են Իվանե Ջավախիշվիլու, Ի․ Աբուլաձեի, Լ․ Կաջայի կողմից։ Ասոմթավրուլիով են գրված վրացական այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Սինայական Բազմագլուխը (864 թվական, Սուրբ Եկատերինայի տաճարը Սինայում), Ադղեական Քառավետարանը (897 թվական, Մեստիի թանգարան, Արևմտյան Վրաստան), Օպիզյան Ավետարանը (913 թվական, Ավրիոնի տաճարը Աֆոնում), Ջուրիչի Ավետարանը (Կեկել, H 1660, 936 թվական), Պարխալյան Ավետարանը (Կեկել, A 1453, 937 թվական), և այլն։
Նախկինում ասոմթավրուլիի տառերն ունեին հավասար բարձրություն։ Վրացի պատմաբան և լեզվաբան Պավլե Ինգորոկվան գտնում է, որ ասոմթավրուլին, ինչպես և հունարենը, ի սկզբանե բուստրեֆեդոն է եղել, չնայած, որ գոյություն ունեցող ամենահին տեքստերի գրելու ուղղությունը ձախից աջ է։
Ասոմթավրուլիի գրերի մեծամասնությունը ուղղահայաց կամ հորիզոնական են և հանդիպում են ուղիղ կլորակներով։ Սուր կորությամբ միակ տառը Ⴟ (ჯ ― ջան) է։ Եղել են այս բացառությունը բացատրելու բազմաթիվ փորձեր։ Վրացի լեզվաբան և պատմաբան Հելեն Մաճավարիանին կարծում է, որ Ⴟ տառը ծագել է Քրիստոսի մոնոգրամայից՝ բաղկացած Ⴈ (ი ― ինի) և Ⴕ (ქ ― քան) տառերից։ Համաձայն վրացի գիտնական Ռամազ Պատարիձեի՝ Ⴟ տառն իր խաչաձև կառուցվածով ավարտում է այբուբենը, և կատարում է նույն ֆունկցիան, ինչ փյունիկյան տաոն (), հունական Χ-ն (խի), լատինական X-ը (իքս)։
7-րդ դարից որոշ գրերի տեսքը փոփոխվել է։ Գրի հավասար բարձրությունը թողնվեց[7][8]։
Ⴀ ան |
Ⴁ բան |
Ⴂ գան |
Ⴃ դոն |
Ⴄ էն |
Ⴅ վին |
Ⴆ զեն |
Ⴡ հե |
Ⴇ թան |
Ⴈ ին |
Ⴉ կան |
Ⴊ լաս |
Ⴋ ման |
Ⴌ նար |
Ⴢ հյե |
Ⴍ օն |
Ⴎ պար |
Ⴏ ժան |
Ⴐ րաե |
Ⴑ սան |
Ⴒ տար |
Ⴣ վիե |
ႭჃ Ⴓ ուն |
Ⴔ փար |
Ⴕ քան |
Ⴖ ղան |
Ⴗ քար |
Ⴘ շին |
Ⴙ չին |
Ⴚ ցան |
Ⴛ ձիլ |
Ⴜ ծիլ |
Ⴝ ճար |
Ⴞ խան |
Ⴤ ղար |
Ⴟ ջան |
Ⴠ հաե |
Ⴥ հոե |
Նուխսուրիով գրված գրություններում ասոմթավրուլին օգտագործվում է մեծատառերը նշելու համար։ Վերջիններս օգտագործվել են պարբերությունների սկզբում, որոնք սկսում էին տեքտերի նոր մասերը։ Նուսխուրիի զարգացման սկզբնական փուլում ասոմթավրուլին այդքան էլ մանրազնին մտածված չէր և տարբերվում էր նախնական չափսերով, երբեմն էլ գրվում էր կինովարի թանաքով։
Ավելի ուշ, 10-րդ դարից, գիրը զարդարված էր։ Ասոմթավրուլիի մեծատառերի ոճը կարող են օգտագործվել տեքստի ճանաչողական տիրույթում։ Օրինակ՝ Վրացական թագավորությունից ազդված Բյուզանդական կայսրության վրացական ձեռագրերը զարդարված են եղել թռչուններով և զանազան այլ կենդանիներով[9]։
11-րդ դարից ասոմթավրուլիի «ծաղկային վերջավորություն», «նետաձև վերջավորություն» ու «հնգանկյուն վերջավորություն» նկարազարդման ձևերը զարգացած էին։ Առաջին երկուսը հայտնաբերվել են 11-րդ և 12-րդ դարերի հուշարձաններում, այն դեպքում, երբ երրորդը օգտագործվել է մինչև 18-րդ դարը[10][11]։
Կարևորություն է տրվել նաև գունանյութին[12]։
Ասոմթավրուլի ⴃ (դոն) տառը հաճախ պատկերազարդվել է ձկան և թռչնի զարդարանքով[13]։
Ասոմթավրուլիի «ալիքաձև» կառուցվածքը օգտագործվում է նաև տառերի միահյուսման ժամանակ, կամ այն դեպքում, երբ փոքր տառերը գրվում էին այլ տառերի ներսում։ Սա մեծ մասամբ օգտագործվում էր ձեռագրերի կամ գրքերի վերնագրերում, չնայած՝ կան այնպիսի գրություններ, որտեղ գրված են միայն «ալիքաձև» ասոմթավրուլիով[14]։
Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս ասոմթավրուլիի յուրաքանչյուր տառի գրելաձևի ուղղությունը․[15]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.