From Wikipedia, the free encyclopedia
Սեբեոս եպիսկոպոս Բագրատունի (նաև՝ Եւսեբեոս, Սեբիոս, 6-րդ դար - 7-րդ դար), հայ պատմիչ, հայ եկեղեցու եպիսկոպոս։ Գրի է առել 6 - 7–րդ դարերի պատմությունը՝ այն հասցնելով մինչև 661 թվականը։ Եղել է բարձրաստիճան հոգևորական, մասնակցել Ներսես Գ Տայեցու գումարած Դվինի 645 և 648 թվականների ժողովներին[1]։
Սեբեոսի մասին կենսագրական տեղեկությունները բացակայում են. հայտնի չեն նրա ծննդյան և մահվան հստակ թվականները։ Միջնադարյան հայ մատենագիրներ՝ Ասողիկը, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Անեցին և Մխիթար Այրիվանեցին հաղորդում են Սեբեոս անունով պատմիչի մասին, ով գրել է պատմություն հունական կայսր Հերակլի մասին՝ «Պատմութիւն Հերակլի»[2]։ Պատմիչ Ուխտանեսը հիշատակում է այդ նույն աշխատությունը, սակայն առանց Սեբեոս անվանումը նշելու։ Այն հարցերին, թե ով է եղել Սեբեոսը և ինչ ծավալի աշխատություն է եղել նրա Պատմությունը, հիշյալ աղբյուներում չեն նշում։ Մինչ այս պահը առկա կենսագրական փաստերը վերցված են Պատմության մեջ եղած ցուցումներից։ Սեբեոսը ճանապարհորդել է Միջագետքում, որտեղ Մար Աբաս Կատինայի աշակերտներից ձեռք է բերել «Մարաբասյան մատյանը»։ Պարսից Խոսրով թագավորի պալատում հանդիպել է Չինաստանից եկած դեսպաններին, նրանցից լսել Մամիկի ու Կոնակի զրույցը[1]։ Ըստ Ներսես Ակինյանի, 617 թվականին Սմբատ Բագրատունի Վրկանից մարզպանի նշխարները Տիզբոնից տեղափոխել է Կոգովիտի Դարույնք ամրոցը։ 645 թվականին Դվինի եկեղեցական ժողովի մասնակիցների մեջ եղել է նաև Սեբեոս Բագրատունյաց եպիսկոպոսը[3]։ Ենթադրվում է, որ նա էլ հենց Հերակլի մասին գրողն է։ Քանի որ պատմությունը վերջանում է 661 թվականով, իսկ մինչ 628 թվականը նա եղել է Խոսրով Ապրուեզի (590-628) պալատում, ուրեմն ծնված պետք է լինի 6-րդ դարի վերջերին, իսկ պատմությունը գրել է մոտ 70 տարեկան հասակում[1]։
7-րդ դարը հայտնի է համաշխարհային պատմական նշանակություն ունեցող մի շարք իրադարձություններով. Պարսկա-բյուզանդական պատերազմներ, Երուսաղեմի գրավումը պարսիկների կողմից (614 թվական), արաբների նվաճողական քաղաքականությունը և նրանց առաջին արշավանքներ, Սասանյան Պարսկաստանի անկումը, Բյուզանդական տիրապետության նվաճումը արաբների կողմից և այլն։ Սակայն պարսկական, հունական, լատինական, ասորական, արաբական կամ այլ գրականություններ այս դարում չեն ստեղծել պատմագրական ժանի աշխատություններ, որում ամփոփված լինեին վերոնշյալ դեպքերի նկարագրությունները։ Համաշխարհային պատմագրության մեջ միակ բացառությունը հանդիսանում է «Սեբեոսի պատմությունը», որի հեղինակը ժամանակակից և ականատես է եղել դարաշրջանի այդ դեպքերին։ Պատմությունը մեզ է հասցրել Հարավային Կովկասի, Իրանի, Միջին Արևելքի և Բյուզանդիայի քաղաքական կյանքին վերաբերող նշանակալից տեղեկություններ[4]։
Այսպիսով, «Սեբեոսի պատմության» շնորհիվ հայ մատենագրությունը գրավում է առաջնակարգ դեր համաշխարհային պատմագրության ասպարեզում։ «Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն» մեծարժեք երկի հնագույն ձեռագրում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ №2639) հեղինակի անունը և գրքի վերնագիրը բացակայում են։ Աշխատանքի պատվիրատուն հավանաբար եղել է Վարազտիրոց Բագրատունին։ Երկը բաղկացած է երկու բաժնից։ Առաջին բաժինը, որ բաղկացած է վեց գլխից (Ա-Զ), նվիրված է Հայաստանի հնագույն պատմությանը՝ Հայկ Նահապետից մինչև Արշակունիների թագավորության անկումը։ Այստեղ տեղ են գտել Հայոց նախնիների մասին վիպասանությունները, ժամանակագրական կարգով համառոտակի թվարկված են հայոց, պարսից և հունաց թագավորների տիրակալության տարիները, ներկայացված է Մամիկոնյան տոհմի ծագման վարկածը։ Ուսումնասիրողների մեծ մասը վաղուց եկել են այն եզրակացության, որ այս բաժինը պատկանում է այլ հեղինակի գրչին, բայց թյուրիմացաբար տեղ է գտել Սեբեոսի երկում, և պայմանականորեն հեղինակ է համարվել Անանունը։
Սեբեոսի բնագիրը սկսվում է «Է» գլխից՝ 5-րդ դարի կեսերի իրադարձությունների նկարագրությամբ և ավարտվում 661 թվականի դեպքերով (46 գլուխ)։ Աշխատության ժամանակագրությունը հիմնված է թագավորների իշխանության տարիների վրա։ Փաստացիորեն, նա շարունակում է Ղազար Փարպեցուն, որի նկարագրած դեպքերի շրջանակը կրկնելուց հետո անցնում է արդեն 6-րդ դարի դեպքերին։ Հեղինակն այն անվանել է «Մատեան ժամանակեան»։ Հեղինակն օգտվել է Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Եվսեբիոս Կեսարացու երկերից։ Հեղինակը 7-րդ դարի դեպքերը ներկայացրել է իբրև ժամանակակից և ականատես։ Այստեղ հեղինակը ներկայացնում է 5-7-րդ դարերի պարսկա-բյուզանդական պատերազմների, արաբների քաղաքական ասպարեզ իջնելու, նրանց արշավանքների ու նվաճումների, Սասանյան Պարսկաստանի անկման և այլ իրադարձությունների հենքի վրա։ Այստեղ ներկայացվում է երկրի քաղաքական, տնտեսական, իրավական դրությունը, վեր են հանված հայ ժողովրդի հերոսական մաքառման բազում դրվագներ, հայկական պետականության վերականգնման համար մղվող պայքարի մանրամասներն ու գործիչների բնութագրումները։ Դավանանքի հարցում հեղինակը կանգնած է հակաքաղկեդոնականության, ազգային եկեղեցու, հայրենի երկրի և ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում, նա դատապարտել է հայերին քաղկեդոնականություն պարտադրելու կայսրության բռնի փորձերը[1]։
Սեբեոսի երկի այս բաժինը բացառիկ պատմագրական արժեք ունի Հայաստանի 6-7-րդ դարերի պատմության համար։ Հատուկ ուշադրություն է դարձված հայ և օտար գործիչների քաղաքական, ռազմական և դիվանագիտական հարաբերություններին, մանրամասն նկարագրված են Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության տիրապետությունը թոթափելու և անկախ հայկական թագավորություն ստեղծելու համար հայ նախարարների գործադրած ջանքերը, Սմբատ Բագրատունու, Թեոդորոս Ռշտունու և այլոց հերոսական պայքարը։
Պատմության մեջ մեծ տեղ են գրավում փաստաթղթերի (նամակներ, պայմանագրեր և այլն) պատճենները։ Կարևոր են Սասանյանների դեմ ապստամբություն կազմակերպող Վահրամ Մեհրևանդակի (Չուբին) նամակները Մուշեղ Մամիկոնյանին և վերջինիս պատասխան-նամակները։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ պարսիկ ապստամբ նախարարը խոստանում է հայերին տալ անկախ թագավորություն՝ Արշակունյաց ժամանակաշրջանի ամբողջական սահմաններով։ Բացառիկ նշանակություն ունի հայոց իշխան Թ. Ռշտունու և խալիֆայության ներկայացուցիչ Մուավիայի միջև կնքված դաշինքի պատճենը[1]։
Մեջբերելով պարսից Խոսրով II Ափարվեզ արքային գրած Մավրիկիոս (Մորիկ) կայսեր նամակը՝ Սեբեոսը բացահայտել է նրանց հայաջինջ քաղաքականությունը.
Սեբեոսի երկն արժեքավոր աղբյուր է նաև բյուզանդագիտության, արաբագիտության, իրանագիտության համար։ Տեղեկություններ կան աղվանների, ասորիների, եգերացիների, թետալացիների, հեփթաղների, հնդիկների, հոների, հրեաների, մազքութների, մարերի, վրացիների, քուշանների և այլ ժողովուրդների ու ցեղերի մասին։ Սեբեոսի երկից օգտվել են Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Մխիթար Անեցին, Վարդան Արևելցին, Սիմեոն Ապարանցին և ուրիշներ[1]։
Պատմության մեջ առկա են նաև վիպական տարրը, ավանդական պատումները և զրույցները, որոնք գեղարվեստական երանգ են հաղորդել աշխատությանը։ Սեբեոսի լեզուն մոտ է դասական հայերենին, և նա միշտ զուսպ է և խուսափում է լեզվական ավելորդ պաճուճանքներից։ Այն հստակ է, կանոնավոր, երբեմն ստանում է գեղարվեստական երանգ։ Օրինակ, Պարսից սրքա Խոսրով II Ափարվեզի մասին բաժինը սկսվում է հանգավորված․
ժամանակեան, |
Այս և նման կտորները հայերեն առաշին հանգավոր շարադրանքներից են։ Սեբեոսի երկն առաջին անգամ հրատարակել է Թադեոս Միհրդատյանը՝ «Պատմութիւն ի Հերակլն» վերնագրով, 1851 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.