From Wikipedia, the free encyclopedia
Հույն-թուրքական պատերազմ, հայտնի է նաև որպես Թուրքիայի անկախության պատերազմի արևմտյան ճակատ (թուրքերեն՝ Kurtuluş Savaşı) կամ Փոքրասիական արշավանք (հուն․՝ Μικρασιατική Εκστρατεία), Առաջին համաշխարհային պատերազմին և Օսմանյան կայսրության մասնատմանը հաջորդած ռազմական հակամարտություն մի կողմից Հունաստանի թագավորության, մյուս կողմից՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած Թուրքիայի ազգային շարժման միջև, որը տեղի է ունեցել 1919 թվականի մայիսի 15-ից մինչև 1922 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։ Հակամարտության սկզբնավորման պատճառը Հունաստանի թագավորության հավակնություններն էին անտիկ ժամանակներում հելլենական քաղաքակրթության ներքո միավորված փոքրասիական տարածքների նկատմամբ, որոնք զարգացած միջնադարում բռնազավթվել էին օսմանյան հրոսակների կողմից։ Կոնֆլիկտի շրջանակներում հույների պաշտպանությամբ էր հանդես գալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, որը պատերազմելու դիմաց տարածքային խոստումներ էր տվել Ալեքսանդր I-ին։
Հույն-թուրքական պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թուրքիայի անկախության պատերազմ | |||||||||||
Հույների հետևազորի գրոհը Գեդիզի ափամերձ գոտուց | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Թուրքիայի ազգային շարժում
|
Հունաստան
Ռազմական օգնություն՝ | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք Իսմեթ Ինյոնյու Ալի Ֆուատ Ջեբեսոյ |
Կոնստանտինոս I Էլեֆթերիոս Վենիզելոս Անաստասիոս Պապուլաս | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Թուրքական կողմ՝ | Հունական կողմ՝ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Թուրքական կողմ՝ | Հունական կողմ՝ |
Պատերազմական գործողությունները սկսվում են 1919 թվականի մայիսի 15-ին՝ հունական զորքերի կողմից Զմյուռնիա ներխուժումից հետո։ Զարգացնելով իրենց ռազմավարական հաջողությունները՝ հույները կարողանում են վերահսկողություն սահմանել ամբողջ արևմտյան և հյուսիսարևմտան Անատոլիայի նկատմամբ՝ գրավելով Մանիսա, Բալըքեսիր, Այդըն, Քյոթահիա, Բուրսա և Էսքիշեհիր բնակավայրերը։ Թուրքական բանակը թշնամու առաջխաղացումը կարողանում է կասեցնել միայն 1921 թվականին՝ Սակարիա գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում ջլատելով հունական բանակի հավաքական ներուժը։ 1922 թվականին փոքրասիական ուղղությամբ հակագրոհ է սկսում Քեմալականների բանակը, որը օգոստոսի վերջին Դումլուփընարի դաշտում ծանր պարտության է մատնում Հունաստանի զինված ուժերին։ Սեպտեմբերի 9-ին Մուստաֆա Քեմալի բանակն առանց լուրջ առճակատման զավթում է Զմյուռնիան՝ հույների վերջին հենակետը Փոքր Ասիայում։ Թուրքական նվաճումից չորս օր անց Զմյուռնիայում մեծ հրդեհ է բռնկվում, որն էլ փաստացիորեն կանխորոշում է հույն-թուրքական պատերազմի ավարտը։
Պատերազմի արդյունքում Հունաստանի կառավարությունը ստիպված է լինում ընդունել Քեմալական շարժման պահանջները՝ վերադառնալով նախապատերազմական ստատուս քվոյին (այդկերպ հույները թուրքերին էին թողնում Արևելյան Թրակիան և Արևմտյան Անատոլիան): Իրադարձության ելքով պայմանավորված՝ դաշնակիցները հրաժարվում են Սևրյան հիմնադրույթներից՝ Լոզանում նոր պայմանագիր ստորագրելով Թուրքիայի ազգային շարժման հետ։ Լոզանի պայմանագրով ճանաչվում է Թուրքիայի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև գերիշխանությունը Փոքր Ասիայի, Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) և Արևելյան Թրակիայի նկատմամբ։ Հունաստանի և Թուրքիայի կառավարությունները ձեռնամուխ են լինում նաև բնակչության փոխանակում իրականացնելուն։
Հույ-թուրքական հակամարտության աշխարհաքաղաքական համատեքստը շաղկապված է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում կապիտուլյացված Օսմանյան կայսրության տրոհման գործընթացի տարածաշրջանային նշանակության հետ։ Թուլացած և լճացման ուղին բռնած Օսմանյան կայսրությունը, փորձում էր պահել իր տիրակալության մնացյալ տարածքը՝ ապավինելով Գերմանիայի օժանդակությանը, սակայն հենց այս հանգամանքն էլ վերջինիս ներքաշում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որն ավարտվում է Քառյակ դաշինքի պարտությամբ։ Աշխարհամատի վերջնամասում հաղթող պետությունների դաշինքի («Անտանտ»-ի) մաս կազմող Հունաստանի թագավորությունը հրահանգավորվում է անցնել Եգեյան ծովն ու ներխուժել Զմյուռնիա։
Անձնատուր եղած երիտթուրքական կառավարությունը 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքում է զինադադարի պայմանագիր, որով վերջիններս լքում են պատերազմը։ Երկու տարի անց՝ 1920-ի օգոստոսի 10-ին, Թուրքիան ստորագրում է Սևրի պարտվողական պայմանագիրը։ Հարկ է նշել, որ Օսմանյան կայսրության մասնաբաժանման հետ կապված դաշնակիցներն ունեին իրենց համաձայնեցված պլանները։ Նախապատերազմական շրջանում Անտանտի տերությունները տեղի էին տվել Փոքր Ասիայի արևմտյան հատվածի նկատմամբ Հունաստանի հավակնություններին՝ խոստանալով հաղթանակի պարագայում ճանաչել հույների իրավունքներն այդ տարածքների նկատմամբ[20]։ Հունաստանի թագավորին տարածքային խոստումներ էր տվել հատկապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը՝ բալկանյան ճակատում ձեռք բերելով Թուրքիային և Բուլղարիային չեզոքացնող դաշնակից[21]։ Մասնավորապես, դաշնակիցները Հունաստանին խոստացել էին Արևելյան Թրակիան՝ Կոստանդնուպոլիս քաղաքով, Իմբրոս և Տենեդոս կղզիները, ինչպես նաև Արևմտյան Անատոլիան՝ Զմյուռնիա հունաշատ քաղաքով։
Այսօրինակ տարածքային խոստումները հակասում էին Իտալիայի մերձավորարևելյան հետաքրքրություններին, որոնք հաստատվել էին դեռևս 1917 թվականի ապրիլին՝ Սեն Ժան դե Մորյենի խորհրդաժողովում։ Դա է պատճառը, որ 1919 թվականին իտալական պատվիրակությունն ընդհուպ մինչև լքում է Փարիզի բանակցային սեղանը՝ չհամակերպվելով Արևմտյան Անատոլիայի հունականացման սպասվելիք իրողության հետ։ Միևնույն ժամանակ Լլոյդ Ջորջի ջանքերով Հունաստանին աջակցելու և Փոքր Ասիայում իտալական հնարավոր օկուպացիան կանխելու պատրաստակամություն են հայտնում նաև Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։
Ըստ բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի՝ Քեմալական ազգայնական շարժումը ձևավորվել է Զմյուռնիայի նվաճումից հետո՝ փորձելու համար կասեցնել հունական զորքերի գնացքը թուրքական պետության տարածքում[22][23]։
Թուրքիայի և Հունաստանի միջև բռնկված պատերազմը թուրքերի համար կրում էր պաշտպանական բնույթ՝ Անատոլիայում գտնվող հայրենիքը պահելու համար։ Սա ինքնին օտար երկրներում դաշնակիցների կայսերապաշտական նկրտումների արդյունքն էր, որը սկզբնավորվել էր առանց ռազմական ռեսուրսների լրջորեն գնահատման։ Դրա պատճառը հունական օկուպացիոն բանակի անխոհեմ ներխուժումն էր․․․ - Առնոլդ Թոյնբի, բրիտանացի պատմաբան |
Ըստ այլ տեսաբանների՝ պատերազմի բռնկման պատճառը Էլեֆթերիոս Վենիզելոսի «Մեծ գաղափար»-ի (հունարեն՝ «Մեղալի իդեա») իրագործումն էր, որի նպատակը հույներով բնակեցված փոքրասիական տարածքների ազատագրումն էր երկարամյա թուրքական լծից։ Նախքան մեծ հրդեհը՝ Զմյուռնիայի հունական համայնքն առավել մեծ էր, քան Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հույն բնակչությունը։ Նախքան հույն-թուրքական բնակչության փոխանակումը՝ Աթենքի բնակչությունը կազմում էր 473 հազար մարդ, մինչդեռ ըստ 1910 թվականի Օսմանյան կայսրության մարդահամարի տվյալների՝ Զմյուռնիայում բնակվել է 629 հազար մարդ։
Օսմանյան կայսրության (Անատոլիայի) ազգային կազմ[24],
Օսմանյան կայսրության պաշտոնական վիճակագրական ծառայություն, 1910 | |||||||
Երկրամաս | թուրքեր | հույներ | հայեր | հրեաներ | այլ | ընդհանուր | |
---|---|---|---|---|---|---|---|
Ստամբուլ
(ասիական հատված) |
135,681 | 70,906 | 30,465 | 5,120 | 16,812 | 258,984 | |
Իզմիթ | 184,960 | 78,564 | 50,935 | 2,180 | 1,435 | 318,074 | |
Զմյուռնիա | 974,225 | 629,002 | 17,247 | 24,361 | 58,076 | 1,702,911 | |
Բուրսա | 1,346,387 | 274,530 | 87,932 | 2,788 | 6,125 | 1,717,762 | |
Իկոնիա | 1,143,335 | 85,320 | 9,426 | 720 | 15,356 | 1,254,157 | |
Անկարա | 991,666 | 54,280 | 101,388 | 901 | 12,329 | 1,160,564 | |
Տրապիզոն | 1,047,889 | 351,104 | 45,094 | – | – | 1,444,087 | |
Սիվաս | 933,572 | 98,270 | 165,741 | – | – | 1,197,583 | |
Կաստամոնու | 1,086,420 | 18,160 | 3,061 | – | 1,980 | 1,109,621 | |
Ադանա | 212,454 | 88,010 | 81,250 | – | 107,240 | 488,954 | |
Բիգա | 136,000 | 29,000 | 2,000 | 3,300 | 98 | 170,398 | |
Ընդհանուր
% |
8,192,589
75.7% |
1,777,146
16.42% |
594,539
5.5% |
39,370
0.36% |
219,451
2.03% |
10,823,095 | |
1912 թվականի վիճակագրական տվյալներ | |||||||
Ընդհանուր
% |
7,048,662
72.7% |
1,788,582
18.45% |
608,707
6.28% |
37,523
0.39% |
218,102
2.25% |
9,695,506 |
Հունաստանի կառավարությունը Փոքր Ասիայի նկատմամբ իր երկրի հավակնությունները հիմնավորում էր ազգային և կրոնական գործոններով։ Ըստ պաշտոնական Աթենքի՝ Անատոլիան գլխավորապես բնակեցված էր ուղղափառություն դավանող հույներով, որոնք, ինքնին, թուրքական գերիշխանության ներքո ունեին պաշտպանության կարիք։ Անտիկ ժամանակներում Փոքր Ասիան (Ասիա Մինոր) հանդիսանում էր հունական աշխարհի անքակտելի մի մասը․ օսմանյան բռնավազթմանը հաջորդած հարկային ծանր քաղաքականության և կրոնա-էթնիկական հալածանքների պայմաններում, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Փոքր Ասիայում դեռևս բնակվում էր 2,5 միլիոն հույն[25]։ Շատ պատմաբաններ սակայն գտնում են, որ բերված տարածքներում հունական բնակչության թվաքանակի մասին տեղեկությունները չափազանցություններ են և չեն արտահայտում օբյեկտիվ իրականությունը։ Այնուամենայնիվ, միանշանակ է, որ Զմյուռնիայի բնակչության մեծամասնությունը եղել են հույներ (ըստ բրիտանական և ամերիկյան վիճակագրական տվյալների՝ 1919 թվականի տվյալներով՝ 375 հազար ուղղափառ (այս կերպ է անվանվել քաղաքի էթիկ հույն տարրը) և 325 հազար իսլամադավան[26][27]։
Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը բրիտանական թերթերից մեկին տվյած իր հարցազրույցի ժամանակ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը[28]․
Հունաստանը պայքարում է ոչ թե իսլամի, այլ Օսմանյան անախրոնիստական կառավարության և դրա կոռումպացված, անտեսանելի և արյունոտ վարչակազմի դեմ՝ նպատակ ունենալով վտարել վերջիններիս այն տարածքներից, որոնք բնակեցված են հույներով - Էլեֆթերիոս Վենիզելոսի՝ բրիտանական թերթերից մեկին տված հարցազրույցից |
Ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ Սևրի պայմանագրի կնքմանը նախորդած բանակցությունների ժամանակ, տարածաշրջանի էթնիկական քարտեզը հույների ձեռքում շահարկվում է որպես կարևոր բանակցային խաղաթուղթ՝ դաշնակից պետությունների աջակցությունը ստանալու համար։ Բացի այդ, աշխարհամարտից հետո Թուրքիան ապրում է խոր ներքաղաքական ճգնաժամ․ երիտթուրքական վարչակազմի առաջնորդներից շատերը լքել էին երկիրը, իսկ Կոստանդնուպոլսի «Բարձր դուռ»-ը գտնվում էր բրիտանական վերահսկողության ներքո։ Դեռևս աշխարհամարտի սկզբնամասում Հունաստանի ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Վենիզելոսի, բացեիբաց հայտարարում էր Օսմանյան կայսրության հունաբնակ շրջաններն անեքսիայի ենթարկելու իրենց մտադրության մասին։
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերի փոքրասիական տարածքային զիջումներն այքան ծավալուն կլինեն, որ ևս մեկ հավասարապես ընդարձակ և ոչ պակաս հարուստ Հունաստան կավելացնենք մեր հայրենիքին։ Հունաստանի տարածքը կկրկնապատկվի այնքան, որքան որ Բալկանյան պատերազմներից հետո մեր ձեռքբերածն էր Էլեֆթերիոս Վենիզելոսը մեծապես ոգեշնչված էր Մեծ Հունաստանի ստեղծման գաղափարով, որը կոչվում էր «Մեղալի իդեա»։ Բացի այդ, վերջինս առանձնանում էր իր արմատական կեցվածքով, որի հիմքի վրա էլ Հունաստանում առաջանում են գաղափարական նոր արժեհամակարգեր՝ հիմնված Վենիզելիզմի հիմնասյուների վրա։ |
Թուրքիայի նկատմամբ Հունաստանի կառավարության պահանջատեր կեցվածքը այդ երկրում հակակրանքի ալիք է ծնում հույն բնակչության նկատմամբ։ Սկսվում են պետական մակարդակի հալածանքներ և վայրագություններ, որոնց զոհ են դառնում տասնյակ հազարավոր հույներ։ Պատմաբան Առնոլդ Թոյնբին քննադատել է Միացյալ Թագավորության և Հունաստանի վարած քաղաքականությունն ու Փարիզի խաղաղության վեհաժողովում կայացված որոշումները՝ դրանք համարելով հույների կոտորածի գաղափարը սնուցած հիմնարար գործոններ։ Մասնավորապես, վերջինս առաջ է քաշել հետևյալ գաղափարը․
Պոնտոս երկրամասի հույները, ինչպես նաև Հունաստանի կողմից օկուպացված տարածքների թուրքերը առերևույթ կերպով դարձել են Փարիզում պարոն Վենիզելոսի և պարոն Լլյորդի անփույթ հաշվարկների զոհ։ - Առնոլդ Թոյբի |
Ռազմական արշավանք նախաձեռնելու կարևորագույն դրդապատճառներից մեկը հույների շրջանում լայն տարածում գտած «Մեծ գաղափար»-ի գործնական իրագործումն էր, որն ինքնին հանդիսանում էր հունական ազգայնականության հիմնական կոնցեպտը։ Մեծ գաղափարը՝ «Մեղալի իդեա»-ն, իրենից ենթադրում էր Եգեյան ծովի երկու կողմերում ընկած հունական տարածքների միավորում, իսկ իրրեդենտիստական տեսանկյունից՝ Մեծ Հունաստանի ստեղծում։ Գաղափարով ոգեշնչված՝ վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը նպատակադրված էր Հունաստանի թագավորության կազմի մեջ ներառել Թուրքիայի օկուպացիոն վերահսկողության ներքո գտնվող փոքրասիական տարածքները, որոնք հույների պատմական նախահայրենիքի մի մասն էին կազմում։ Օսմանյան կայսրությունից անկախանալուց ի վեր (1830 թվական), «Մեծ գաղափար»-ը առանցքային դեր ու նշանակություն էր ձեռք բերել Հունաստանի քաղաքական տեսլականի ձևավորման համար։ Նույն գաղափարական հենքի վրա հիմնվելով՝ հույն քաղաքական գործիչները տարբեր հարթակներից հանդես էին գալիս «Հունական թագավորության ընդարձակման անկուսափելիության» մասին ելույթներով[29]։
1834-1835 թվականներին վարչապետի պաշտոնը ստանձնած Իոաննիս Կոլետտիսն այս համատեքստում նշել է․ «Գոյություն ունի հելլենիզմի երկու խոշոր կենտրոն։ Աթենքը մեր թագավորության մայրաքաղաքն է։ Կոստանդնուպոլիսը մեծ մայրաքաղաքն է՝ բոլոր հույների երազանքն ու հույսը»։ Մեծ գաղափարը բնավ չի սնուցվել 19-րդ դարի ազգայնականական ալիքի ազդեցությամբ։ Այն ուներ պատմական խոր ակունքներ՝ խորապես արմատացած լինելով հույների կրոնական գիտակցության մեջ[29], քանզի Կոստանդնուպոլսի վերադարձը կնշանակեր մուսուլմանների ճնշման ներքո անձնատուր եղած Բյուզանդական կայսրության վերականգնում։ Այպիսով, ըստ իրրեդենտիզմի՝ Հունաստանի դրոշի ներքո պետք է միավորվեր ոչ միայն Կոստանդնուպոլիսը, այլև ամբողջ Թրակիան, Կրետեն, Թեսալիան, Էպիրոսը, Մակեդոնիան, Եգեյան ավազանի կղզիները, Կիպրոսը, Փոքր Ասիայի արևմուտքը և սևծովյան Պոնտոսը։
Առաջին աշխարհամարտի նախօրեին Հունաստանում սկսվում է ազգային սխիզմի պառակտիչ շրջանը, որի ընթացքում երկիրը բաժանվում է երկու խմբավորումների միջև։ Այն ինքնին հարուցում է քաղաքական և հասարակական խոր ճգնաժամ, իսկ բևեռացման արդյունքում ի հայտ են գալիս երկու կոալիցիաներ, որոնցից առաջինը գլխավորում էր վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը, իսկ մյուսը՝ միապետ Կոնստանտինոս I-ը։ Խնդրո առարկան այն հարցն էր, թե որ ռազմաքաղաքական ճամբարին պետք է օժանդակի Հունաստանը Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում։
Մեծ Բրիտանիան հույս ուներ, որ կկարողանա որոշակի շահարկումներով և ռազմավարական նկատառումներից ելնելով համոզել Կոնստանտինոսին՝ միանալ Անտանտի դաշինքին, սակայն արքան անդրդվելի էր և պնդում էր Հունաստանի կողմից նետրալիտետի (չեզոքության) պահպանման անհրաժեշտությունը (քանզի հակամարտության ելքը դժվար էր կանխատեսել)։ Բացի այդ, ընտանեկան կապերն ու զգացմունքային կախվածությունն էլ ավելի էր դժվարացնում Կոնստանտինի կողմից որոշման կայացումը։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ պատերազմական գործողությունների մեջ են ներքաշվում Հունաստանի ոչ բարյացակամորեն տրամադրված երկու հարևանները՝ Օսմանյան կայսրությունն ու Բուլղարիան։ Չնայած Կոնստանտինոսի չեզոքության մասին վճռական որոշմանը՝ վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը պնդում էր, որ Առաջին աշխարհամարտում դաշնակիցների շահերի պաշտպանությունը լավագույն տարբերակը կարող է լինել Հունաստանի համար, քանի որ նմանօրինակ դաշնակիցների ձեռքբերումը կնշանակեր դիվանագիտական հարթությունում ունենալ ամուր հիմքեր։ Արքայի և օրենսդիր մարմնի ղեկավարի միջև սկսված անհամաձայնությունը շուտով վերաճում է տարաձայնության և մրցակցության։ Արդյունքում՝ Հունաստանը բաժանվում է արմատապես ընդդիմացող երկու առանձին ճամբարների, իսկ Էլեֆթերիոս Վենիզելոսը շուտով ձեռնամուխ է լինում հյուսիսային Հունաստանում անկախ պետության ստեղծման։
Շուտով վերջինս ստանում է Անտանտի տերությունների աջակցությունը և գահընկեց անում Կոնստանտինոս I-ին։ 1917 թվականի մայիսին թագավորն աքսորվում է, որից հետո միայն Վենիզելոսը վերադառնում է Աթենք։ Հունաստանի զինված ուժերը նույն տարում հայտնում են Անտանտին միանալու իր պատրաստակամության մասին և սահմանային պատերազմ սկսում Բուլղարիայի դեմ։ Պատերազմի մասնակից դառնալը և դրան նախորդած իրադարձությունները հանգեցնում են հույն քաղաքացիական հասարակական խորքային բաժանման: Երկրի գլխավոր քաղաքական կազմավորումները՝ վենիզելական լիբերալներն ու ռոյալիստները, որոնք արդեն ներքաշված էին մինչպատերազմյան քաղաքականության շուրջ տևական և դառը մրցակցության մեջ, սկսում են հանդես գալ բացահայտ ատելության կոչերով: Կողմերից յուրաքանչյուրը մյուսին սկսում է որակել ոչ լեգիտիմ և դավաճանական։ Սխիզմն անկասելիորեն տարածվում է հունական հասարակության լայն շրջանակներ՝ ստեղծելով քաոս, որն էլ վճռականորեն նպաստում է Փոքր Ասիայում հունական ուժերի ձախողումներին, և հանգնում միջպատերազմական բազմաթիվ անկարգությունների:
Մուդրոսի զինադադարի կնքումից հետո հակամարտությունը թևակոխում է ռազմական գործողությունների շրջափուլ։ Պայմանական տրամաբանությամբ հույն-թուրքական այս պատերազմը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի․
Առաջին աշխարհամարտ ավարտից անմիջապես հետո դաշնակիցները բանակցություններ են սկսում Օսմանյան Թուրքիայի կազմալուծման վերաբերյալ։ Փարիզի խաղաղության վեհաժողովի արդյունքներից դժգոհ մնացած Իտալիան հափշտապ կերպով նվաճում է Անթալիան և իր զորքերն ուղղորդում դեպի Իզմիր։ Փարիզում սակայն Էլեֆթերիոս Վենիզելոսը զեկույց էր հղել մեծ տերություններին՝ պնդելով, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը գտնվում է երիտթուրքական ջարդարարների սպառնալիքի ներքո։ Այդ պանգամանքով պայմանավորված, Հունաստանը կարողանում է շահել Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների օժանդակությունը, սակայն սպասվելիք օկուպացիայի ընդգրկման սահմանները դեռ վճռված չէին։
Չնայած այդ հանգամանքին, 1919 թվականի մայիսի սկզբին Հունաստանի 20-հազարանոց բանակը՝ դաշնակցային զորախմբերի և Հայաստանի հանրապետությունից ժամանակ 2500 հոգանոց կամավորական ջոկատի զինակցությամբ, վայրէջք է կատարում Եգեյան ծովի արևելյան ափին՝ բանակելով Զմյուռնիա նավահանգստային քաղաքում։ Չկարողանալով կանխել հունական օկուպացիան՝ թուրքական ազգայնականները բռնաճնշումներ են սկսում Օսմանյան կայսրությունում բնակվող ուղղափառ բնակչության նկատմամբ։ Մասնավորապես, Նուրեդդին փաշան Այդինի վիլայեթում բացեիբաց հրահանգավորում է բոլոր մուսուլմանական խմբավորումներին հալածել ու կոտորել տեղի հույն և հայ բնակչությանը։ Էլեֆթերիոս Վենիզելոսը հունական ներխուժումը հիմնավորում է Մուդրոսի պայմանագրի հոդված 7-ով, ըստ որի, դաշնակիցներին թույլատրվում էր «գրավել ցանկացած ռազմավարական կետ ցանկացած իրավիճակում, եթե որևէ բան սպառնում էր վերջիններիս անվտանգությանը»։ Նույն համատեքստում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը հանդես է գալիս հայտարարությամբ, նշելով, որ իրենց ազատարար բանակը բացառապես նպատադրված է եղել «վերականգնել հասարակական կարգը և կանխել տեղի բնակչության կոտորածները»։ Հունական բանակը մուտքը Զմյուռնիա մեծ ցնծությամբ է ընդունվում երկրամասի հույն (ինչպես նաև քրիստոնյա) բնակչության շրջանում․ այստեղ վերջիններս ընդունվում են որպես ազատարարներ։
Զմյուռնիայի օկուպացման հաջորդ ամսում հունական բանակը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի զինակցությամբ, հանկարծակի գրոհով ներթափանցում է Արևմտյան Անատոլիա։ Վերջիններս վայելում էին Կոստանդնուպոլսում գտնվող Օսմանյան սուլթանական կառավարության (մասնավորապես՝ սուլթան Մեհմեդ VI Վահիդեդինի) և «Քուվա-յի Ինզիբաթիյե» ռազմական ստորաբաժանման օժանդակությունը։ Հունական բանակի ռազմարշավին ակտիվորեն մասնակցում էին նաև բրիտանական ուժերը, որոնք ինտերվացիայի էին ենթարկում Մարմարածովյան տարածաշրջանի ափամերձ քաղաքները։ Այսպես կոչված, հույների ամառային գրոհը սկսվում է 1920 թվականի հունիսի 22-ին, այն բանից հետո, երբ Վենիզելոսի հրահանգավորմամբ Հունաստանի զինված ուժերը հատում են Փարիզի խաղաղության վեհաժողովում[30] հաստատված հույն-թուրքական սահմանը՝ «Միլնեի գիծը»[31][32]։ Թուրքերը չեն կարողանում ետ մղել դաշնակցային զորախմբերի գրոհը, քանի որ վերջիններս Արևմտյան Անատոլիայում ունեին ռազմական ռեսուրսների պակաս։ Բացի այդ, միևնույն ժամանակահատվածում Թուրքական ազգային շարժումը պատերազմներ էր մղում արևելյան (Արևմտյան Հայաստանի տարածքում՝ Հայաստանի առաջին հանրապետության դեմ) և հարավային (արաբական նահանգներում) ճակատներում։
Այնուամենայնիվ, հույների առաջխաղացման ուղղությամբ Թուրքիայի զինուժը դիմադրություն է կազմակերպում, որը սակայն հիմնովին կոտրվում է[33]։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ստիպված է լինում զորքերը ետ քաշել Էսքիշեհիր։ Գրոհի արդյունքում Հունաստանի վերահսկողության տակ են անցնում այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Ալաշեհիրը, Բալըքեսիրը, Բուրսան, Ուշաքը և այլն[34][35]։
Պատերազմին մասնակցելու համար դաշնակիցները ճանաչում են Հունաստանի թագավորության իրավունքները Թուրքիայի արևմտյան մի շարք տարածքների նկատմամբ։ Սայքս-Պիկոյի համաձայնագրի դրույթներն ու Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումներն ընդհանրացնելու նպատակով դաշնակիցները 1920 թվականի օգոստոսին խորհրդաժողով են գումարում Ֆրանսիայի Սևր արվարձանում, որտեղ կնքվելիք պայմանագիրն էլ վճռորոշ էր լինելու կապիտուլյացված Թուրքիայի համար։
Հունական պատվիրակությունը Սևրում ղեկավարում էր վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը, որն էլ հանդիսանում էր ազգային շարժման առաջնորդը։ Որպես առանձին պայմանագրային կողմեր հանդես էին գալիս Մեծ Բրտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չեխոսլովակիան, Պորտուգալիան, Հունաստանը, Հայաստանի հանրապետությունը, Բելգիան, Լեհաստանը, Ռումինիան և այլն։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը (եվրոպական հատվածի մի փոքրիկ մասը), ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո (վերջինիս ճակատագիրը պետք է որոշեր միջազգային կարևորագույն խաղաղապահ կազմակերպությունը՝ Ազգերի լիգան)․ ճանաչվում էր Հունաստանի իրավունքները վիճելի տարածք հանդիսացող Իմբրոս և Տենեդոս կղզիների նկատմամբ։։ Թուրքիան հրաժարվում էր Թրակիայի նկատմամբ իր գերիշխանությունից, Եգեյան ծովում գտնվողի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և Արաբական թերակղզու իր տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Զմյուռնիան ու նրա շրջակայքը (անկլավի կարգավիճակով) և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։
1920 թվականի հոկտեմբերին, քաղաքամայր-ոստան հանդիսացող Աթենքի թագավորական պարտեզում կապիկի կծածից մահանում է Հունաստանի 27-ամյա միապետ Ալեքսանդր I-ը։ Վերջինս գահին բազմել էր 1917 թվականի հունիսի 11-ին, մինդեռ իր հայրը աքսորվել էր Էլեֆթերիոս Վենիզելոսի կողմնակիցների կողմից։ Անժառանգ արքայի մահը նոր խառնաշփոթ է մտցնում Հունաստանի ներքաղաքական կյանք, իսկ 1920 թվականի նոյեմբերի 1-ին նշանակված ընտրությունները՝ դառնում են Վենիզելոսի լիբերալ կողմնակիցների և ռոյալիստների միջև հակամարտության սնուցման նոր աղբյուր։ Սկզբում Վենիզելոսի քաղաքական հակառակորդները ներքին չարաշահման և ավտորիտարիզմի մեղադրանքով սկսում են բողոքի ակցիաներ՝ առաջ քաշելով այն հանգամանքը, որ 1915 թվականից ի վեր (գլխավորապես` պատերազմի պատճառով) երկրում իշխանության ընտրություններ չեն անցկացվել։ Միևնույն ժամանակ, սակայն, ռոյալիստները նպատակադրված էին ազատագրելու Փոքր Ասիան՝ առանց գործողությունների հաջորդական պլանի և հստակեցված տեսլականի։ Այս ժամանակաշրջանում երկրի բնակչության մեծամասնությունը հոգնել էր և՛ շարունակական պատերազմներից, և՛ վենիզելոսյան թվացյալ բռնապետական կարգերից, ուստի և հակված էր փոփոխությունների տարբերակին։ Ի զարմանս շատերի՝ այդ ընտրութուններում Վենիզլեոսը հավաքում է օրենսդիրի 369 տեղերից ընդամենը 118-ը։ Քաղաքական դաշտում նման պարտությունից հետո նա և իր գլխավոր համախոհները լքում են երկիրը։
Դիմիտրիոս Գունարիսի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարությունը իշխանության անցնելուն պես նախապատրաստվում է Կոնստանտինոս I-ի վերադարձին և վերաթագադրմանը։ Դրան հաջորդում է դաշնակիցների նախազգուշացումն առ այն, որ եթե Անտանտյան դաշինքի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված Կոնստանտինոսը վերադառնա աքսորից, ապա մեծ տերությունները կդադարեցնեն Հունաստանին տրամադրվող բոլոր ֆինանսական և ռազմական օգնությունները։ Չնայած մեծ տերությունների ուլտիմատումներին, Հունաստանի ռոյալիստենրի նախաձեռնությամբ երկրում անցկացվում է հանրաքվե, որի արդյունքում էլ որոշվում է աքսորից վերադարձնել Կոնստանտինոս I-ին։ Վերադարձից անմիջապես հետո վերջինս պաշտոններից արձակում է Վենիզելոսի կողմից նշանակված պաշտոնյաներին և զորահրամանատարներին՝ նրանց փոխարեն նշանակելով անփորձ այրերի։ Զորքերի ղեկավարումը հանձնվում է միապետության շարժան ականավոր ջատագով Անաստասիոս Պապուլասին, որը դեռևս Էլեֆթերիոս Վենիզելոսի իշխանության տարիներին մասնակցել էր դեպի Զմյուռնիա հունական զորախմբերի զորաշարժին։ Այնուամենայնիվ, Հունաստանի թագավորության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շարունակում էր մնալ երկրի միապետը։
Չնայած բազմաթիվ կադրային փոփոխություններին, իր պաշտոնում շարունակում է մնալ Զմյուռնիայի ռազմագործողության առաջնորդներից Արիստեիդիս Ստերգիադիսը։ Պաշտոններից չազատված բազմաթիվ սպաներ ինքնակամ սկսում են լքել իրենց հանձնառությունները՝ ի նշան գործող վարչակարգի «կադրային ջարդի»։ Հընթացս Գերոգիոս Կոնդիլիսի գլխավորությամբ մի խումբ սպանել Կոստանդնուպոլսում ձևավորում են «Ազգային պաշտպանություն» (հունարեն՝ Εθνική Άμυνα) ընդդիմադիր, հակառակավարական կազմակերպությունը, որը շարունակաբար զբաղվում է Աթենքի թագավորական կառավարության որոշումների քննադատություններով։ Նորաստեղծ կազմակերպության քաղաքական կողմնորոշումը համընկնում էր վենիզելիզմի գաղափարական արժեքների հետ։ Հունաստանում ստեղծված քաղաքական անկայունությունը և դրան հաջորդած շրջադարձային փոփոխություններն իրենց վառ ազդեցությունն են ունենում բանակի վրա․ զինված ուժերում սկսվում է տիրել երկու խմբակցությունների անդամների միջև թշնամական լարվածություն, որը ամենաուղիղ կերպով ազդում է վերջիններիս մարտունակության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.