From Wikipedia, the free encyclopedia
Միլթոն Ֆրիդմեն (անգլ.՝ Milton Friedman, /ˈfriːdmən/ ( ), հուլիսի 31, 1912[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 16, 2006[4][1][5][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, տնտեսագիտական ուղղություններից մեկի՝ մոնետարիզմի հիմնադիր, 1976 թ. տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ սպառման վերլուծության, դրամական մատակարարումների պատմության ու տեսության և կայունացման քաղաքականության բարդությունների բնագավառներում կատարած ուսումնասիրությունների համար[21]։ Առաջին մեծ աշխատությունը «Անկախ մասնավոր պրակտիկայի եկամուտները» գիրքն է, որը լույս է տեսել 1940 թվականին (համահեղինակ Ս․ Կուզնեց)։
Ջորջ Ստիգլերի և մի շարք այլ տնտեսագետների հետ մեկտեղ՝ Ֆրիդմենը տնտեսագիտության նորդասական (նեոկլասիկ) ուղղության չիկագոյական դպրոցի այն առաջատար ներկայացուցիչներից էր, որոնք աշխատանքային գործունեությամբ առնչվելով Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ, մերժում էին քեյնսյան տնտեսագիտությունը և պաշտպանում մոնետարիզմը մինչև 1970-ական թվականների կեսերը, երբ այն վերափոխվեց ռացիոնալ ակնկալիքների հիմնադրույթի վրա հիմնավորապես հաստատված մակրոտնտեսագիտության[22]։ Ֆրիդմենի հետ այդ տարիներին Չիկագոյում համագործակցած մի շարք ուսանողներ ու երիտասարդ դասախոսներ հետագայում դարձել են անվանի տնտեսագետներ։ Նրանց շարքում են Գերի Բեքերը[23], Ռոբերտ Ֆոգելը[24], Թոմաս Սոուելը[25], Ռոբերտ Լուկաս Կրտսերը[26]։
Ֆրիդմենը մարտահրավեր է նետել քեյնսյան, ինչպես հետագայում ինքը բնորոշել է՝ «նաիվ (պարզունակ) տեսությանը»[27], ձեռք է զարկել սպառման մասին իր վերլուծություններին ու մեկնություններին, քննել, թե սպառողներն ինչպես են ծախսեր կատարում։ Նա ներածել է մի տեսություն, որը հետագայում տնտեսագիտական տիրապետող հոսանքի բաղկացուցիչ մասն է կազմել։ Նորարար տնտեսագետը առաջիններից մեկն է եղել, որ քարոզել, տարածել է սպառման հարթեցման տեսությունը (theory of consumption smoothing)[21]: 1960-ական թվականներին նա դարձել է կառավարման քաղաքականության քեյնսյան մոդելին ընդդիմացող գլխավոր դեմքը[28] և իր մոտեցումները բնորոշել է հետևյալ կերպ. «կիրառել քեյնսյան լեզուն (ձևակերպումները) և գործիքակազմը, սակայն մերժել, ժխտել նրա սկզբնական եզրահանգումները»[29]։ Ֆրիդմենը ձևակերպել է, որ գոյություն ունի գործազրկության այսպես կոչված՝ բնական մակարդակ, և պնդել է, որ եթե գործազրկությունն այդ բնական մակարդակից ցածր լինի, դա կարող է սղաճի (ինֆլյացիայի աճի) մեծացման պատճառ դառնալ[Ն 1][30]: Նա միաժամանակ պնդել է, որ Ֆիլիպսի կորը երկարաժամկետ հեռանկարում գործազրկության բնական մակարդակի նկատմամբ ուղղահահաց դիրք է գրավում, և կանխատեսել է այն երևույթը, որը ներկայումս հայտնի է ստագֆլյացիա (stagflation) անվանումով[31]։ Ֆրիդմենն առաջ է քաշել մակրոտնտեսական հայեցակարգը, որ հայտնի է մոնետարիզմ անվամբ, և պնդել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության մեջ դրամական զանգվածի կայուն ու փոքրածավալ ավելացումը գերադասելի է, քան արագ ու անակնկալ փոփոխությունները։ Դրամավարկային քաղաքականության, հարկման,, սեփականաշնորհման, ապակարգավորման (deregulation) վերաբերյալ նրա առաջ քաշած գաղափարները ազդել են կառավարության քաղաքականության վրա (հատկապես 1980-ական թվականներին), իսկ մոնետարիստական դրամավարկային տեսությունն իր հերթին ազդել է 2007-2008 թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով դաշնային պահուստարանի (Federal Reserve-ի) ձեռնարկած միջոցառումների վրա[32]։
1977 թվականին Ֆրիդմենը թողել է աշխատանքը Չիկագոյի համալսարանում։ 1983 թվականին ստացել է վաստակավոր պրոֆեսորի (Emeritus professor) կոչում։ Այնուհետև դարձել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի խորհրդականը[33]։ Նրա քաղաքական փիլիսոփայությունը հիմնված է եղել ազատ շուկայական տնտեսական համակարգի վրա՝ հասարակական գործերի կառավարության նվազագույն միջամտությամբ։ Ականավոր գիտնականն իր գլխավոր ձեռքբերումն է համարել ԱՄՆ-ում պարտադիր զինվորական ծառայության վերացման գործում ներդրած ավանդը։ 1962 թվականին լույս ընծայած «Կապիտալիզմ և ազատություն» (Capitalism and Freedom) գրքում Ֆրիդմենը հանդես է եկել կամավոր զինծառայության, դրամի փոխանակման ազատ լողացող կուրսի, բժշկական հավաստագրման վերացման, բացասական եկամտահարկի և դպրոցական (կրթական) վաուչերների ներդրման պաշտպանությամբ[34]։ Դպրոցի ազատ ընտրության կողմնակից լինելով՝ հիմնել է Friedman Foundation for Educational Choice հիմնադրամը, որը հետագայում վերանվանվել է EdChoice[35][36]:
Միլտոն Ֆրիդմենն իր աշխատություններում անդրադարձել է տնտեսագիտական և հանրային քաղաքականության ամենատարբեր հիմնախնդիրների[37]։ Նրա գրքերն ու ամսագրային հոդվածները զգալի ազդեցություն են գործել գրեթե ամբողջ աշխարհում, ներառյալ նախկին կոմունիստական հանրապետությունները[38][39][40][41]։ 2011 թվականին Econ Journal Watch|EJW ամսագրի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Միլտոն Ֆրիդմենը ճանաչվել է երկրորդը 20-րդ դարում աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելած տնտեսագետների շարքում (զիջել է միայն Ջոն Մեյնարդ Քեյնսին)[42] Upon his death, The Economist described him as "the most influential economist of the second half of the 20th century ... possibly of all of it".[43]:
Ավարտել է Չիկագոյի համալսարանը, ստացել մագիստրոսի աստիճան 1933 թվականին։ Կոլումբիայի համալսարանի փոիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Չիկագոյի և Քեմբրիջի համալսարաններում (1953-1954)։ 1950-ական թվականներին մասնակցել է «Մարշալի պլան»-ին որպես խորհրդատու։ 1967 թվականին եղել է Ամերիկայի տնտեսագիտական ընկերության նախագահը։ Պարգևատրվել է Ջ․ Կլարկի շքանշանով (1951)։ Կինը՝ Ռոուզ Ֆրիդմանը (1910-2009), նույնպես հայտնի տնտեսագետ էր։ 2002 թվականին գիտնականի պատվին Կատոյի ինստիտուտը հանձնում է «Միլթոն Ֆրիդմանի անվան մրցանակ» ազատության զարգացման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.