Միգրեն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Միգրեն, առաջնային գլխացավ, որը բնորոշվում է պարբերաբար կրկնվող չափավորից մինչև ուժգին գլխացավերով[4]։ Տիպիկ դեպքերում գլխացավը միակողմանի է, իր բնույթով բաբախող և տևում է 2-ից մինչև 72 ժամ[4]։ Սրացումների ժամանակ կարող է դիտվել սրտխառնոց, փսխում, գերզգայնություն լույսի, ձայնի և հոտերի նկատմամբ[5]։ Ֆիզիկական ակտիվության ընթացքում, որպես կանոն, դիտվում է ցավի ուժեղացում[6]։ Դեպքերի ամեն երրորդում դիտվում է աուրա, որը տիպիկ դեպքերում լինում է տեսողության խանգարման ձևով և հուշում է գլխացավի սկսման մասին[6]։ Երբեմն, հնարավոր է աուրա առանց հաջորդող գլխացավի[7]։
Միգրենի պատճառը կապված է ինչպես գենետիկ այնպես էլ արտաքին միջավայրի գործոնների հետ[8]։ Դեպքերի երկու երրորդը ընտանեկան դեպքեր են[9]։ Հորմոնային փոփոխությունները նույնպես կարևոր են, մինչև սեռահասուն տարիքը միգրենը տղաների մոտ հանդիպում է մի փոքր ավելի հաճախ, իսկ հասուն տարիքում 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ[10][11]։ Որպես կանոն հղիության ընթացքում միգրենի ռիսկը նվազում է[10]։ Այս երևույթի մեխանիզմը հայտնի չէ[12]։ Գոյություն ունի վարկած, համաձայն, որի այն պայմանավորված է հղիության ընթացքում գանգուղեղային նյարդերում և անոթներում տեղի ունեցող որոշակի փոփոխություններով[9]։
Բուժումը խորհուրդ է տրվում սկսել հասարակ ցավազրկողներով, ինչպիսիք են իբուպրոֆենը և պարացետամոլը, սրտխառնոցը ընկճող դեղորայքներով և խուսափել գլխացավը հրահրող գործոններից[13]։ Հատուկ դեղամիջոցները, ինչպիսիք են տրիպտաները և էրգոտամինը կիրառվում են հասարակ ցավազրկողների անարդյունավետության դեպքում[9]։ Կոֆեին նույնպես կարելի է կիրառել[14]։ Որոշ դեղամիջոցներ՝ մետոպրոլոլ, վալպրոատ և տոպիրամատ արդյունավետորեն կանխում են գրոհները[15][16]։
Ամբողջ աշխարհում միգրենի տարածվածությունը կազմում է 15%[17]։ Հաճախ այն սկսվում է պատանեկան տարիքում և հետագայում խորանում[4]։ Կանանց մոտ որոշ դեպքերում դաշտանադադարից հետո դիտվում է միգրենի հաճախականության նվազում[12]։ 2016 թվականի տվյալներով միգրենը անաշխատունակության ամենատարածված պատճառներից է[18]։ Միգրենը նկարագրվել է դեռևս մ.թ.ա 1500 թվականին Եգիպտական պապիրուսներում[19]։ Միգրեն բառը ծագում է հունարեն ἡμικρανία (hemikrania) բառից, որը նշանակում է միակողմանի գլխացավ[20], ἡμι- (hemi-)՝ կես և κρανίον (kranion)՝ գանգ[21]։
Remove ads
Նշաններ և ախտանիշներ
Միգրենը բնորոշվում է պարբերաբար կրկնվող ուժեղ գլխացավերով, որը զուգորդվում է վեգետատիվ ախտանիշներով[9][22]։ Միգրեն ունեցող մարդիկ 15-30% դեպքերում նշում են աուրա, աուրա ունեցող հիվանդերը կարող են ունենալ գլխացավ նաև առանց աուրա[13][23][24]։ Ցավի ուժգնությունը, տևողությունը և հաճախականությունը կարող է լինել տարբեր[9]։ Միգրենը, որը տևում է 72 ժամից ավելի, բնորոշվում է որպես միգրենոզ վիճակ(status migrainosus[25]): Գոյություն ունի միգրենի 4 հնարավոր փուլ, սակայն առանձին դեպքերում բոլոր փուլերի առկայությունը պարտադիր չէ[6]։
- Նախանշանային փուլ, որը լինում է գլխացավից ժամեր կամ օրեր առաջ
- Աուրա, որը նախորդում է գլխացավին
- Ցավի փուլ, որը գլխացավի ժամանակահատվածն է
- Հետնշանային փուլ, որը լինում է գլխացավից հետո
Միգրենը կապված է դեպրեսիայի, երկբևեռ աֆեկտիվ և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների հետ։ Այս հոգեբուժական խանգարումները 2-5 անգամ ավելի հաճախ են հանդիպում առնաց աուրա միգրենի և 3-10 անգամ աուրայով միգրենի դեպքում[26]։
Նախանշանային փուլ
Նախանշանային փուլը կամ նախազգուշացնող ախտանիշների փուլը միգրենի դեպքում հանդիպում են 60% հաճախականությամբ[5] այն, որպես կանոն, լինում է գլխացավից առաջ 2 ժամից մինչև 2 օրվա ընթացքում[27][28]։ Այս ախտանիշները լինում են տարբեր երևույթների ձևով, ներառյալ` տրամադրության փոփոխություն, գրգռվածություն, դեպրեսիա կամ էյֆորիա, հոգնածություն, տենչ որոշակի սննդամթերքի հանդեպ, մկանային կարկամություն հատկապես պարանոցի շիջանում, փորկապություն կամ փորլուծություն, գերզգայնություն ձայների և հոտերի նկատմամբ[28][29]։ Այս ախտանիշները լինում են ինչպես աուրայով միգրենի այնպես էլ առանց աուրա միգրենի դեպքում[30]։
Աուրայի փուլ
![]() | ![]() |
![]() | ![]() |
Աուրան անցողիկ նյարդաբանական երևույթ է, որը լինում է գլխացավից առաջ կամ ընթացքում[5]։ Աուրան սկսվում է աստիճանաբար րոպեների ընթացքում և որպես կանոն, տևում է առավելագույնը 60 րոպե[31]։ Ախտանիշները կարող են լինել տեսողական, զգացողական կամ շարժողական, երբեմ լինում է մի քանի ախտանիշների զուգակվում[32]։ Տեսողական ախտանիշները ամենատարածվածն են, հաճախականությունը կազմում է մինչ 99% և այդ դեպքերի կեսից ավելին չի ուղեկցվում այլ ախտանիշներով[32]։
Տեսողական ախտանիշները հաճախ լինում են առկայծող սկոտոմայի ձևով (բնորոշվում է որպես տեսողական դաշտի մի մասի մթագնում առկայծող լույսի նման, որը կարող է խանգարել է կարդալուն կամ մեքենա վարելուն)[5] որը հաճախ սկսվում է տեսադաշտի կենտրոնից հետագայում զիգզագաձև շարժվելով դեպքի ծայրամաս, այն հիվանդներ կողմից նկարագրվում է որպես ամրոցի պատ[32]։ Այս գծերը, որպես կանոն սև և սպիտակ են, սակայն նկարագրված են նաև գունավոր դեպքեր[32]։ Որոշ մարդկանց մոտ դիտվում է ժամանակավորապես տեսադաշտի մի կեսի մթագնում, որը կոչվում է հեմիանոպսիա, մեկ այլ դեպքում մշուշոտ տեսողության[32]։
Զգացողական աուրան հաճախականությամբ երկրորդն է, հանդիպում է աուրայով միգրենի 30-40% դեպքերում[32]։ Այն հաճախ նկարագրվում է որպես միակողմանի ծակծկոցի զգացողություն, որը սկսվում է գլխի և մերին վերջույթի շրջանից և տարածվում դեպի նույն կողմի քիթ-շրթունքային տարածություն։ Ծակծկոցի զգացողությանը, որպես կանոն, հաջորդում է թմրածությունը և երբեմ խորանիստ զգացողության կորուստը[32][32]։ Աուրայի փուլում կարող է լինել նաև այլ ախտանիշներ ներառյալ՝ խոսքի խանգարում, գլխապտույտ և ավելի հազվադեպ շարժողական խանգարումներ[32]։ Շարժողական խանգարումները վկայում են հեմիպլեգիկ միգրենի մասին, ի տարբերություն աուրայի մյուս տեսակների այս դեպքում այն կարող է տևել 1 ժամ և ավել[32] ի։ Նկարագրված են լսողական հալյուցինացիաների և զառանցանքի դեպքեր[33]։
Ցավի փուլ
Տիպիկ դեպքերում գլխացավը միակողմանի է, իր բնույթով բաբախող, ցավը լինում է չափավորից մինչև խիստ արտահայտված[31]։ Սովորաբար գլխացավը առաջանում է աստիճանաբար և սաստկանում ֆիզիկական ակտիվության ժամանակ[31]։ Ավելի քան 40% դեպքերում ցավը կարող է լինել երկկողմանի և զուգորդվել պարանոցի շրջանի ցավոտությամբ[34]։ Երկկողմանի գլխացավը ավելի հաճախ հանդիպում է առանց աուրա միգրենի դեպքում։ Հազվադեպ դեպքերում ցավը սկսվում է թիկունքից կամ գլխի գագաթային շրջանից։ Մեծահասակների մոտ ցավը տևում է 4-ից 72 ժամ[31], սակայն երեխաների մոտ կարող է տևել մինչը 1 ժամ[35]։ Նոպաների հաճախականությունը տարբեր է, ամբողջ կյանքի ընթացքում հազվադեպ հանդիպող նոպաններից մինչը մի քանի նոպա 1 շաբաթվա ընթացքում, միջինում նոպաները լինում են ամիսը 1 անգամ[36][37]։
Ցավը հաճախ զուգորդվում է սրտխառնոցի, փսխման, գրգռվածության, հոգնածության և լույսի, ձայնի, հոտերի նկատմամբ գերզգայնությամբ։ Գոյություն ունի միգրենի հազվադեպ հանդիպող տեսակ՝ բազիլյար միգրեն, որը արտահայտվում է ուղեղաբնային երկկողմանի տարբեր նյարդաբանական ախտանիշներով[38], հաճախ ներառելով գլխապտույտ և շփոթություն։ Սրտխառնոցը հանդիպում է 90% հաճախականությամբ, իսկ փսխումը լինում է ամեն երրորդ դեպքում[39]։ Ախտանիշները կարող են անհետանալ մութ և անաղմուկ սենյակում[39]։ Այլ ախտանիշները ներառում են՝ մշուշոտ տեսողություն, քթից արտադրություն, փորլուծություն, հաճախամիզություն, գունատություն և գերքրտնարտադրություն[40]։ Կարող է նկատվել գլխամաշկի այտուցվածություն, ցավոտություն, պարանոցի մկանների կարկամություն[40]։ Այս ախտանիշները ծերունական հասակում ավելի հազվադեպ են։
Երբեմն, նկատվում է աուրա, որին չի հաջորդում գլխացավ այս երևույթը հայտնի է որպես ացեֆալգիկ միգրեն կամ «լուռ միգրեն»[32], ացեֆալգիկ միգրեն ունեցողները գլխացավի բացակայության պատճառով չեն դիմում բժշկի, ուստի նման դեպքերի տարածվածությունը դժվար է գնահատել։
Հետնշանային փուլ
Հետնշանային փուլը իր մեջ ներառում է նոր ախտանիշների համակցություն, որը ի հայտ է գալիս միգրենոզ գլխացավից անմիջապես հետո[41]։ Այդ դեպքում նկատվում է տարած գլխացավի հատվածում գերզգայնություն, գլխամաշկի ցավ, մտածողության խանգարում, գերհոգնածություն, ճանաչողական դժվարություններ, ստամոքսաղիքային խանգարումներ, տրամադրության փոփոխություն և թուլություն[42]։ Համաձայն մի հոդվածի «Որոշ մարդիկ գրոհներից հետո զգում են անսովոր առույգություն, էյֆորիա, մինչդեռ մյուսները դեպրեսիա և հոգնածություն»[43]։ Անհատական դեպքերում այս զգացողությունները կարող են գրոհից գրոհ փոխարինել մեկը մյուսին։
Remove ads
Պատճառագիտություն
Միգրենի պատճառը հայտնի չէ[44]։ Գոյություն ունի կարծիք համաձայն, որի այն կապված է ինչպես գենետիկ այնպես էլ արտաքին միջավայրի գործոնների հետ[8]։ Դեպքերի երկու երրորդը ընտանեկան դեպքեր են[9], հազվադեպ հանդիպում է միագենային մուտացիա[45]։ Համարվում էր որ միգրենը ավելի հաճախ է հանդիպում բարձր ինտելեկտով անձանց մոտ, սակայն այս վարակածը այժմ հերքվում է[46]։ Որոշ հոգեբուժական հիվանդություններ մասնավորապես՝ դեպրեսիան, տագնապային խանգարումները և երկբևեռ աֆեկտիվ խանգարումները, ինչպես նաև մի շարք կենսաբանական գործընթացներ և տրիգերներ կապված են միգրենի հետ[47]։
Գենետիկա
Երկվորյակների վրա կատարված հետազոտությունները փաստում են 34-51% դեպքերում միգրենը ունի գենետիկական պատճառներ[8]։ Աուրայով միգրենը ավելի հաճախ է պայմանավորված գենետիկական գործոններով ի համեմատ առանց աուրա միգրենի[24]։ Հայտնաբերվել են որոշ գեներ, որոնք այն կամ այն չափով բարձրացնում են միգրենի հաճախականությունը[45]։
Մոնոգենային մուտացիաները որոն առաջացնում են միգրեն հանդիպում են բավականին հազվադեպ[45]։ Դրանցից է «ընտանեկան հեմիպլեգիկ միգրենը», որը աուրայով միգրենի տեսակ է և ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ եղանակով[48][49]։ Ընտանեկան հեմիպլեգիկ միգրենի հետ կապված են չորս գեներ։ Նրանցից երեքը կոդավորում են երկաթի տրանսպորտը, իսկ չորորդը ակսոնալ սպիտակուցի, որը մասնակցում է էկզոցիտոզի համալիրի ձևավորմանը[50]։ Այլ գենետիկական խանգարումներ՝ CADASIL համախտանիշ, ուղեղային աուտոսոմ դոմինանտ արտերիոպաթիա և լեյկոէնցեֆալոպաթիան նույնպես կապված են միգրենի հետ[5]։ Համաձայն մեկ մետա-անալիզային հետազոտության, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պոլիմորֆիզմը ունի որոշակի պաշտպանիչ նշանակություն[51]։ TRPM8 գենը, որը կոդավորում է կատիոնային անցուղիներ նույնպես կապված է միգրենի հետ[52]։
Տրիգերներ
Միգրենը կարող է հրահրվել որոշակի տրիգերներից, հետազոտությունների մի մասը պնդում է, որ գրանցված դեպքերը հիմնականում կապված են տրիգերների հետ[9], սակայն կան հետազոտություններ, որոնք պնդում են հակառակը[53]։ Տրիգեր կարող են համարվել հոգնածությունը, որոշ սննդամթերքները և եղանակային տատանումները, այնուամենայնիվ այս երևույթների և միգրենի միջև եղած կապը կարիք ունի հետագա հետազոտությունների[53][54]։ Շատ մարդիկ ովքեր ունեն միգրեն նշում են իրենց համար յուրահատուկ տրիգերի մասին[55]։ Ախտանիշները սկսվում են որպես կանոն տրիգերից հետո 24 ժամվա ընթացքում[9]։
Հոգեբանական գործոններ
Հաճախ որպես տրիգեր նշվում է սթրեսը, քաղցը, հոգնածությունը(այս երևույթները հաճախ նշվում են նաև լարվածության գլխացավի դեպքում)[53]։ Հոգեբանական սթրեսը նշվում է 50-80% դեպքերում[56]։ Միգրենը կապված է նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և բռնությունների հետ[57]։ Դաշտանի ընթացքում միգրենի հավանականությունը բարձրանում[56] է։ Այլ հորմոնալ ազդեցությունները ինչպիսիք են՝ մենարխեն, հորմոնային հակաբեղմնավորիչները, հղիությունը, դաշտանադադարը նույնպես ունեն որոշակի ազդեցություն[58]։ Հորմոնային ազդեցությունը, հատկապես արտահատված է առանց աուրայի միգրենի դեպքում[46]։ Տիպիկ դեպքերում հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում, ինչպես նաև դաշտանադադարից հետո[5]։
Սննդային գործոններ
Որոշակի սննդամթերքը որպես տրիգեր նշվում է 12-60% դեպքերում[59][60]։ Առանձին դեպքերում դժվար է հաստատել կամ հերքել այս կամ այն տրիգերի առկայությունը, այն հիմնվում է անամնեզի տվյալների հիման վրա[61]։ Դժվար է բացատրել թե այս կամ այն սննդանյութը ինչ մեխանիզմով է հրահրում միգրենի գրոհներ[59]։
Թիրամինի ազդեցությունը այս դեպքում ապացուցված չէ[62], նույնը վերաբերում է նատրիումի գլուտամատին[63][64]։
Միջավայրային գործոններ
Արտաքին և ներքին միջավայրային գործոնների տվյալները բավարար չեն վերջնական եզրակացությունների համար։ Այնուամենայնիվ որոշ մարդիկ դիմում են կանխարգելիչ որոշակի գործողությունների հետևելով բնակարանային օդի մաքրությանը և լուսավորությանը[65]։
Remove ads
Ախտաբանական ֆիզիոլոգիա

Ըստ ընդունված կարծիքի միգրենը նյարդաանոթային ախտաբանություն է[9], որը ժամանակ պրոցեսը սկսվում է գլխուղեղում հետագայում ընդգրկելով անոթային համակարգը[66]։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ առաջնային դեր ունի նյարդային համակարգը, որոշները գտնում են, որ ախտահարման հիմնական դերը պատկանում է անոթային համակարգին[67][68][69]։ Մեկ այլ վարկածի համաձայն միգրենը պայմանավորված է գլխուղեղի կեղևային շերտի դրդունակության բարձրացմամբ, որի հետևանքով տրիգեմինալ կորիզում խախտվում է ցավազգաց նեյրոնների ֆունկցիան[70]։ Սերոտոնինի (որը հայտնի է նաև որպես 5-հիդրօքսիթիրամին) ցածր մակարդը նույնպես կապված է միգրենի հետ[71]։
Աուրա
Համաձայն Բրազիլիացի կենսաբան Արիստիդ Լեանի աուրայով միգրենի դեպքում կեղևային իներտության շրջանին հաջորդում է կեղևային տարածվող վերաբևեռացումը, որի հետևանքով առաջանում է աուրա[72]։ Այս երևույթը բացատրվում է տարբեր ձևերով, ներառյալ NMDA ընկալիչների ակտիվացմամբ, որը հետևանքով կալցիումի իոնները անցնում են բջջի ներս[72], այս ամենի հետևանքով 2-6 ժամով նվազում է գլխուղեղի կեղևային շերտի արյունամատակարարումը[72]։ Երբ վերաբևեռացումը հասնում է գլխուղեղի հիմային հատվածներ, այնտեղ գրգռվում են գլխի և պարանոցի ցավազգայնության համար պատասխանատու նեյրոնները[72]։
Ցավ
Ցավի առաջացման հստակ մեխանիզմը դեռևս մնում է անհայտ[73]։ Ըստ որոշ տվյալների ցավը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի որոշ բաժիններով (մասնավորապես ՝ ուղեղաբուն և միջանկյալ ուղեղ)[74], մեկ այլ տվյալների համաձայն ցավը պայմանավորված է ծայրամասային նյարդային համակարգով, մասնավորապես գլխի և պարանոցի անոթային համակարգը նյարդավորող նեյրոնների ակտիվացմամբ[73]։ Այդ անոթները կարող են լինել կարծրենու, ոստայնենու, ինչպես նաև արտագանգային գլխամաշկի անոթները[73]։ Համաձայն այս տեսության մեծ նշանակություն ունի հատկապես արտագանգային անոթալայնացումը[75]։
Ախտորոշում
Միգրենը ախտորոշվում է հիմք ընդունելով ախտանիշները[9]։ Ճառագայթային հետազոտությունները պարտադիր չեն, սակայն նրանք օգնում են հայտնաբերել գլխացավի այլ հնարավոր պատճառերը, երբ միգրենի ախտորոշումը հստակ չէ[76]։ Համարվում է, որ մեծ թվով մարդիկ ովքեր ունեն միգրեն, այդպես էլ չեն ախտորոշվում[9]։
Առանց աուրա միգրենի ախտորոշումը հիմնված է Միջազգային Գլխացավի Ասոցիացիայի կողմից մշակված 5, 4, 3, 2, 1 չափանիշների հիման վրա[6]։
- Հինգ կամ ավել գրոհ առանց աուրա, աուրայի առկայության դեպքում բավական է 2 գրոհ
- 4 ժամից մինչև 3 օր տևողություն
- Նշվածներից երկու և ավելի
- միակողմանի
- բաբախող
- չափավոր կամ սաստիկ գլխացավ
- առաջանում կամ սաստկանում է ֆիզիկական ակտիվությունից
- Նշվածներից մեկ և ավելի
- սրտխառնոց և/կամ փսխում
- գերզգայնություն լույսի և ձայնի նկատմամբ
Եթե անձի մոտ միաժամանակ առկա է լուսավախություն, սրտխառնոց կամ 1 օր տևող անաշխատունակություն, ապա ախտորոշումը ավելի հավանական է[77]։ Այն անձիք ովքեր ունեն չորսը նշված հինգից՝ բաբախող գլխացավ, 4-72 ժամ տևողություն, ցավ միայն մեկ կողմում, սրտխառնոց և ախտանիշ, որը վատացնում է կյանքի որակը, ապա միգրենի հավանականությունը կազմում է 92%[13]։ Եթե առկա է վերը նշվածներից երեքը կամ ավելի քիչ, ապա հավանականությունը կազմում է ընդամենը 17%[13]։
Դասակարգում
Միգրենը առաջին անգամ դասակարգվել է 1988 թվականին[24]։ Գլխացավի Միջազգային Ասոցիացիան 2004 թվականին վերանայեց այդ դասակարգումը[6]։ 2016 թվականի դրությամբ երրորդ վերանայումը դեռ ընթացքի մեջ է[78]։ Համաձայն վերջին դասակարգման միգրենը, լարվածության և փնջային գլխացավերի հետ միասին համարվում է առաջնային գլխացավ[79]։
Միգրենը բաժանվում է դասերի (որոշ դասեր ունեն նաև իրեն ենթադասերը)
- Առանց աուրա միգրեն կամ «հասարակ միգրեն» դա միգրենով պայմանավորված գլխացավն է, որը չի ուղեկցվում աուրայով
- Աուրայով միգրեն կամ «դասական միգրեն», դա միգրենով պայմանավորված գլխացավն է, որը ուղեկցվում է աուրայով։ Հազվադեպ հնարավոր է աուրա առանց գլխացավի կամ աուրա, որին հաջորդում է ոչ միգրենոզ գլխացավ։ Երկու այլ տարբերակներն են ընտանեկան հեմիպլեգիկ միգրենը և սպորադիկ հեմիպլեգիկ միգրենը, որի դեպքում աուրայով միգրենին զուգորդում է շարժողական խանգարումը։ Եթե դեպքերը գրանցվում են երկու ազգակիցների մոտ, ապա այն համարվում է «ընտանեկան», հակառակ դեպքում «սպորադիկ»։ Մեկ այլ տարբերակ է բազիլյար միգրենը, որի դեպքում աուրայով միգրենին զուգորդվում է խոսքի խանգարմամբ, գլխապտույտով, աղմուկ ականջներում և այլ ուղողաբնային ախտանիշներով առանց շարժողական խանգարման։ Համարվում էր որ այս տարբերակի պատճառը ուղեղաբունը անոթավորող բազիլյար զարկերակի սպազմն է։ Այժմ այս վարկածը ընդունելի չէ և հաճախ կիրառվում է «միգրեն ուղեղաբնային աուրայով» տերմինը[38]։
- Մանկական ցիկլային համախտանիշների հետ զուգակված միգրեն, որոնք ներառում են պարբերական փսխումային համախտանիշը(որի դեպքում պարբերաբար լինում են անզուսպ փսխումային նոպաներ), որովայնային միգրեն(սրտխառնոց և ցավ որովայնում), մանկական բարորակ պարոքսիմալ գլխապտույտ(պարբերաբար առաջացող գլխապտույտ)
- Ռետինալ միգրենը, որը ներառում է միգրեն, որին ուղեկցում է տեսողական խանգարումները, երբեմն, նույնիսկ միակողմանի անցողիկ կուրություն։
- Բարդացած միգրեն, որի դեպքում աուրան և/կամ գլխացավը լինում է ոչ սովորական հաճախ և երկարաժամկետ կամ երբ միգրենը ուղեկցվում է ցնցումներով և ուղեղաբնի ախտահարմամբ։
- Հավանական միգրեն, երբ առկա է միգրենին բնորոշ ախտանիշներ, սակայն այն բավարար չէ վերջնական ախտորոշման համար(հաճախ լինում է դեղեր չարաշահման դեպքում)
- Քրոնիկական միգրեն, համարվում է միգրենի բարդություն, այս դեպքում գլխացավը լինում է ամիսը 15օր և ավելի իսկ տևողությունը 3 ամիս և ավել[80]։
Որովայնային միգրեն
Որովայնային միգրեն ախտորոշումը վիճելի է[81]։ Ըստ որոշ տվյալների պարբերաբար կրկնվող որովայնային ցավը, որը չի ուղեկցվում գլխացավով կարող է պայմանավորված լինել միգրենով կամ նախորդել միգրենին[24][81][82]։ Այդ ցավային դրվագներին կարող են հաջորդել միգրենին բնորոշ նախանշաններ, սակայն հնարավոր է նաև առանց նախանշանների և այն, որպես կանոն, տևում է մինչև 1 ժամ[81]։ Որովայնային միգրենը հաճախ է հանդիպում անձանց մոտ ովքեր ունեն միգրենի ժառանգական նախատրամադրություն[81]։ Միգրենին կարող են նախորդել նաև պարբերական փսխումային համախտանիշը և մանկական բարորակ պարոքսիմալ գլխապտույտը[24]։
Տարբերակիչ ախտորոշում
Միգրենի նման գլխացավ կարող են առաջացնել քունքային արտերիտը, փնջային գլխացավը, սուր գլաուկոման, մենինգիտը, ենթաոստայնային արյունազեղումը[13]։ Քունքային արտերիտը, որպես կանեն հանդիպում է 50-ից բարձր տարիքի անձանց մոտ, այն բնորոշվում է քունքային շրջանում ցավոտությամբ, փնջային գլխացավին բնորոշ է միակողմանի քթահոսություն, արցունքահոսությունը և սաստիկ ցավը ակնակապճի շիջանում, սուր գլաուկոման կապված է տեսողության վատթարացման, մենինգիտի և տենդի հետ, իսկ ենթաոստայնային արյունազեղմանը բնորոշ է ախտանիշների կտրուկ զարգացումը[13]։ Լարվածության գլխացավը հաճախ երկկողմանի է, բաբախող չէ և ցավը լինում է համեմատաբար քիչ անհանգստացնող[13]։
Կայուն գլխացավով այն անձիք ովքեր համապատասխանում են միգրենի ախտորոշման չափանիշներին, կարիք չունեն հավելյալ ճառագայթային ախտորոշման[83][84][85]։ Այն պահանջվում է այլ ախտանիշների առկայության պարագայում օրինակ ՝տեսողական սկավառակի այտուցի դեպքում։ Միգրենը չի բարձրացնում գլխացավի այլ հնարավոր պատճառների հավանականությունը։
Remove ads
Կանխարգելում
Միգրենի կանխարգելիչ բուժումը կատարվում է դեղորայքի, սննդային հավելումների, ապրելակերպի փոփոխության և վիրահատության միջոցով։ Կանխարգելիչ միջոցառումներ խորհուրդ է տրվում այն անձանց ովքեր ունեն գլխացավ շաբաթը 2 օր և ավելի, ունեն դեղորայքային անհանդուրժողականություն կամ սաստիկ գլխացավեր, որոնք դժվար են ենթարկվում բուժմանը[13]։
Բուժման նպատակ է նվազեցնել գլխացավի հաճախականությունը, տևողությունը, ուժգնությունը, բարձրացնել աբորտիվ թերապիայի արդյունավետությունը[86]։ Կանխարգելման մեկ այլ կարևոր նպատակն է խուսափել ցավազրկողնրից չարաշահումից առաջացած գլխացավից։ Այն տարածված կողմնակի ազդեցություն է, որը կարող է պատճառ դառնալ քրոնիկական ամենօրյա գլխացավի[87][88]։
Դեղորայք
Միգրենի դեղորայքային կանխարգելումը համարվում է արդյունավետ, եթե բուժման արդյունքում նկատվում է գլխացավի հաճախականության և ուժգնության նվազում ավելի քան 50%-ով[89]։ Ըստ ժամանակակից ուղեցույցների ամենաբարձր արդյունավետություն և, ըստ այդմ, առաջին շարքի դեղորայք են համարվում տոպիրամատը, դիվալպրոեքս/ նատրիումի վալպրոատը, պրոպրանոլոլը և մետոպրոլոլը[90]։ Գաբապենտինի և պրեգաբալինի արդյունավետության մասին տվյալները տարբեր են[90]։ Թիմոլոլը նույնպես արդյունավետ է միգրենի կանխարգելման համար, այն նվազեցնում է գլխացավի հաճախականությունը և ուժգնությունը, իսկ ֆրովատրիպտանը արդյունավետ է մենստրուալ միգրենի դեպքում։ Նախնական հետազոտությունները փաստում են մագնեզիումի արդյունավետության մասին[90][91]։ Սննդակարգում մագնեզիումի քանակի բարձրացումը նախընտրելի է[92]։
Կան տվյալներ ամիտրիպտիլինի և վենլաֆաքսինի արդյունավետության մասին[93]։ Անգիոտենզինի արգելակումը անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչների կամ անգիոտենզին 2 ընկալիչների ինհիբիտորների միջոցով նվազեցնում է գլխացավի հաճախականությունը[94]։
Այլընտրանքային բուժում
Ասեղնաբուժությունը որոշ չափով նվազեցնում է գլխացավի հաճախականությունը, «իսկական» ասեղնաբուժությունը «կեղծ» ասեղնաբուժության համեմատ, որի դեպքում ասեղները տեղադրվում են պատահականորեն և առանց մաշկը վնասելու, ցուցաբերել է ցածր արդյունավետություն[95]։ Հավանաբար, այս երկու տարբերակները ունեն նույն արդյունավետությունը, ունեն քիչ կողմնակի ազդեցություններ, սակայն նրանց երկարատև կիրառման մասին տվյալները բացակայում են[95]։ Կիրոպաթիկ միջամտությունը, ֆիզիոթերապիան, մերսումը և հանգիստը միգրենի կանխարգելման հարցում հնարավոր է ունեն նույն արդյունավետությունը ինչ պրոպանոլոլը և տոպիրամատը, սակայն այս ուղղությամբ կատարված հետազոտությունները ունեն մեթոդաբանական որոշ խնդիրներ[96]։ Ողնաշարային մանիպուլյացիաների արդյունավետության վերաբերյալ ապացուցողական տվյալները բացակայում են[97]։
Որոշ տվյալներ փաստում են սթրեսը նվազեցնող միջոցառումների արդյունավետության մասին. դրանք են՝ կոգնիտիվ-վարքային թերապիան, կենսաբանական հետադարձ կապի թերապիան և հանգիստը[56]։ Այլընտրանքային դեղորայքներից առավել հաստատված արդյունավետություն ունի հազիդեղը (butterbur)[98][99]: Որպես կանխարգելիչ և բուժական միջոց ոչ շատ բարձր արդյունավետություն ունի մելատոնինը։ Մելատոնինի վերաբերյալ կատարված հետազոտությունները հակասական են, ըստ որոշ տվյալների այն արդյունավետ չէ[100]։ Այս հակասությունների պատճառը հայտնի չէ, հնարավոր է, որ այն պայմանավորված է հետազոտությունների մեթոդաբանության և կիրառված դեղաչափերի առանձնահատկություններով։ Մելատոնինի ազդեցության մեխանիզմը բացահայտված չէ, հավանաբար նրա ազդեցությունը պայմանավորված է բարելավված քնով, մելատոնինի ընկալիչների վրա անմիջական ազդեցությամբ կամ հակաբորբոքային հատկություններով[100][101]։
Սարքեր և վիրահատություն
Բժշկական սարքավորումները, որոնք ապահովում են կենսաբանական հետադարձ կապ կամ նեյրոխթանում, ունեն որոշակի կանխարգելիչ նշանակություն, հատկապես այն անձանց մոտ, ովքեր ունեն դեղորայքային հակացուցումներ կամ դեղորայքի չարաշահում։ Կենսաբանական հետադարձ կապը օգնում է բացահայտել որոշ ֆիզիոլոգիական պարամետրեր, հնարավորություն տալով հետագայում շտկել այդ տվյալները և կանխարգելեր միգրենը[102][103]։ Նեյրոխթանումը կատարվում է ինվազիվ և ոչ ինվազիվ նեյրոխթանիչներով, այնպես, ինչպես սրտի արհեստական ռիթմավարը, այն կիրառվում է ծանր քրոնիկ ընթացքի դեպքում[104][105]։ ԱՄՆ-ում հաստատված է համարվում էլեկտրոմիոստիմուլացիայի և ներգանգային մագնիսական խթանման արդյունավետությունը[106][107]։ Վիրահատությունը, որը կատարվում է գլխի և պարանոցի որոշ նյարդերի դեկոմպրեսիայի նպատակով, կիրառվում է այն դեպքում, երբ դեղորայքային բուժումը անարդյունավետ է[108]։
Remove ads
Բուժում
Միգրենի բուժումը բաժանվում է երեք ուղղությունների՝ տրիգերներից խուսափում, սուր գրոհների վարում և կանխարգելում[9]։ Դեղորայքը առավել արդյունավետ է, երբ կիրառվում է գլխացավի գրոհների սկզբում[9]։ Դեղորայքի չարաշահումը կարող է պատճառ դառնալ գլխացավի, որը դեպքում գլխացավը դառնում է ավելի հաճախակի և սաստիկ[6]։ Այն կարող է լինել տրիպտաների, էրգոտամինի, որոշ ցավազրկողների հատկապես՝ օփիոիդներ չարաշահումից[6]։ Հաշվի առնելով այս հանգամանքը խորհուրդ է տրվում ցավազրկողները կիրառել շաբաթը երեք անգամ ամենաշատը[109]։
Ցավազրկողներ
Թեթև և միջին ծանրության դեպքերում բուժումը խորհուրդ է տրվում սկսել հասարակ ցավազրկողներով, ինչպիսիք են՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ) կամ կոմբինացված պարացետամոլ, ասպիրին և կոֆեին[13]։ Ապացուցողական տվյալներ կան որոշ ՈՍՀԲԴ-ների մասնավորապես դիկլոֆենակի և իբուպրոֆենի արդյունավետության մասին[110][111]։ Ասպիրինը ցավը մեղմում է նույն արդյունավետությամբ ինչ սումատրիպտանը[112]։ Կետորոլակը ներմուծվում է ներերակային ճանապարհով[13]։
Պարացետամոլը առանձին կամ կոմբինացված մետոկլոպրամիդի հետ մեկ այլ անվտանգ և արդյունավետ բուժման տարբերակ է[113]։ Առանձին ներերակային մետոկլոպրամիդի ներմուծումը նույնպես արդյունավետ է[114][115]։ Հղիության դեպքում պարացետամոլը և մետոկլոպրամիդը, այնպես, ինչպես ՈՍՀԲԴ-ները մինչև հղիության 3-րդ եռամսյակը համարվում են անվտանգ[13]։
Տրիպտաներ
Տրիպտաները, ինչպիսին է օրինակ սումատրիպտանը, ավելի քան 75% դեպքերում արդյունավետ է ինչպես գլխացավի այնպես էլ սրտխառնոցի համար[9][116]։ Սումատրիպտանի և նապրոքսենի կոմբինացիան ավելի արդյունավետ է[117]։ Այս համակցությունը խորհուրդ է տրվում կիրառել չափավորից մինչև սաստիկ ցավերի դեպքում կամ այն դեպքում, երբ ցավերը մեղմ են, սակայն չեն պատասխանում հասարակ ցավազրկողներին[13]։ Հասանելի է ներմուծման տարբեր եղանակներ բերանացի, ներարկման, քթային ցողացիր և բերանացի լուծող հաբերների տեսքով[9]։ Ընդհանուր առմամբ բոլոր տրիպտաները ունեն նույն արդյունավետությունը և նմանատիպ կողմնակի ազդեցություններ։ Սակայն տարբեր անձինք հնարավոր է բուժման լավ արդյունքներ գրանցեն կոնկրետ մի տեսակից[13]։ Որպես կանոն կողմնակի ազդեցությունները մեղմ են, ինչպես օրինակ դեմքի գերարյունությունը, սակայն հազվադեպ բուժումը պատճառ է դառնում սրտամկանի թթվածնաքաղցի[9]։ Այդ իսկ պատճառով այն խորհուրդ չի տրվում այն սիրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց, ովքեր ունեցել են ինսուլտ կամ միգրենը ուղեկցվում է այլ նյարդաբանական ախտանիշներով[13][118]։ Տրիպտաները պետք է զգուշությամբ նշանակվեն այն անձանց ովքեր ունեն ռիսկի գործոններ կապված սիրտանոթային հիվանդությունների հետ[118]։ Պատմականորեն խորհուրդ չի տրվում այն կիրառել բազիլյար միգրենի դեպքում, չնայած նրանց կիրառման վնասակարության մասին չկան ապացուցված տվյալներ[38]։ Այս դեղերը կախվածություն չեն առաջացնում, սակայն ամիսը ավելի քան 10 օր օգտագործելու դեպքում կարող են պատճառ դառնալ չարաշահման գլխացավի[119]։
Էրգոտամին
Էրգոտամինը և դիհիդրոէրգոտամինը երկար տարիներ կիրառվող պրեպարատներ են, որոնք այժմ էլ արդյունավետ կիրառվում են, վերջինս հասանելի է ներարկման և քթային ցողացրի ձևով[9][120]։ Այս պրեպարատները ունեն նույն արդյունավետությունը ինչ տրիպտաները, իսկ կողմնակի ազդեցությունները, որպես կանոն, բարորակ են[121][122]։ Ծանր դեպքերում, ինչպես օրինակ, միգրենոզ ստատուսի դեպքում այս դեղերը համարվում են ամենաարդյունավետը[122]։ Դրանք, երբեմն, առաջացնում են անոթասպազմ և հակացուցված են սրտի իշեմիկ հիվանդության դեպքում[123]։
Այլ
Ներերակային մետոկլոպրամիդը, ներերակային պրոքլորպերազինը կամ ներքթային լիդոկաինը համարվում են բուժման այլընտրանքային տարբերակներ[13][114]։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում մետոկլոպրամիդը և պրոքլորպերազիը համարվում են ընտրության դեղամիջոց[13][114]։ Այստեղ հալոպերիդոլը նույնպես կարող է օգտակար լինել[114][120]։ Միանվագ ներերակային դեքսամտազոնի նշանակումը ի հավելումս ստանդարտ բուժման առաջիկա 72 ժամում գլխացավի կրկնման հավանականությունը նվազենում է 26%-ով[124]։ Ողնաշարային մանիպուլյացիաների արդյունավետության վերաբերյալ ապացուցողական տվյալները բացակայում են[125]։ Օփիոիդների և բարբիտուրատների օգտագործումը այժմ նպատակահարմար չէ, պայմանավորված նրանց կասկածելի արդյունավետության, կախվածության առաջացման և գլխացավի կրկնությամբ[13]։
Երեխաներ
Իբուպրոֆենը երեխաների դեպքում օգնում է նվազեցնել գլխացավը։ Պարացետամոլը այս դեպքում արդյունավետ չէ։ Տրիպտաները նույնպես արդյունավետ են, սակայն, երբեմն, առաջացնում են համի ընկալման աղավաղում, քթային ախտանիշներ, գլխապտույտ, հոգնածություն, սրտխառնոց և փսխում[126]։
Խրոնիկական միգրեն
Տոպիրամատը և բոտուլոտոքսինը միակ ապացուցված արդյունավետ պրեպարատներն են քրոնիկական միգրենի համար[93]։ Բոտուլոտոքսին արդյունավետ է քրոնիկական միգրենի համար, սակայն անարդյունավետ է էպիզոդիկ դեպքերի համար[127][128]։
Remove ads
Կանխատեսում
Այժմ հասանելի են միգրենի երկարաժամկետ կանխատեսման մասին տվյալներ[22]։ Մարդկանց գերակշիռ մասը հիվանդության պատճառով կյանքի ընթացքում ունենում են աշխատունակության անկման դրվագներ[9], սակայն այս դրվագները բարորակ են և մահացության ցուցանիշների վրա չունեն որևէ ազդեցություն[22][129]։ Գլխացավի ընթացքը կարող է լինել չորս տարբերակով՝ ախտանիշները ամբողջությամբ կարող են անհետանալ, ախտանիշները կարող են շարունակվել նվազելով ժամանակի ընթացքում, ախտանիշները կարող են շարունակվել նույն ուժգնությամբ և հաճախականությամբ և ախտանիշները կարող են ժամանակի ընթացում դառնալ ավելի հաճախ և սաստիկ[22]։
Աուրայով միգրենը երկու անգամ բարձրացնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը[130][131]։ Միգրենի ռիսկը համեմատաբար բարձր է երիտասարդների, կանանց, հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառման և ծխելու դեպքում[130]։ Ըստ որոշ տվյալների միգրենը ասոցացվում է պարանոցային զարկերակների շերտազատման հետ[132]։ Առանց աուրա միգրենը ռիսկի գործոն չի համարվում[133]։ Միգրենի կապը սիրտանոթային հիվանդությունների հետ կասկածելի է, քանի որ այն հիմնված է ընդամենը մեկ հետազոտության հիման վրա[130]։ Ընդհանուր առմամբ միգրենը սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի մահացության ցուցանիշների վրա չունի ազդեցություն[129]։ Աուրայով միգրենի կանխարգելումը, չեզոքացնում է ինսուլտի ռիսկի կրկնապատկումը[134]։ Միգրենով անձիք՝ հատկապես կանայք ավելի հաճախ են ունենում գլխուղեղի սպիտակ նյութի անհայտ ծագման ախտաբանական օջախներ[135]։
Remove ads
Համաճարակաբանություն

Ամբողջ աշխարհում միգրենի տարածվածությունը 15% է, որը կազմում է մեկ միլիարդ բնակչություն[17]։ Կանանց մոտ տարածվածությունը կազմում է 19%, իսկ տղամարդկանց մոտ 11%[17]։ ԱՄՆ-ում ամեն տարի կանանց 18%-ը, իսկ տղամարդկանց 6%-ը ունենում է միգրեն։ Իսկ ամբողջ կյանքի համար այդ ռիսկը կազմում է կանաց համար 43% և 18% տղամարդկանց համար[9]։ Եվրոպայում ամբողջ կյանքի համար միգրենի ռիսկը կազմում է 12–28%, իսկ տարեկան ռիսկը կանաց համար 14–35% և տղամարդկանց համար 6–15%[11]: Միգրենի ռիսկ համեմատաբար ցածր է Ասիաում և Աֆրիկայում համեմատած արևմտյան երկրների հետ[46][136]։ Քրոնիկական միգրենի տարածվածությունը կազմում է 1.4-2.2%[137]:
Այս թվերը տատանվում են տարբեր տարիքային խմբերում, այսպես՝ միգրենը, որպես կանոն, սկսվում է 15-24 տարեկանում, սակայն գրոհների հաճախականությունը ամենաբարձրն է 35-45 տարեկանում[9]։ Երեխաների մոտ 7 տարեկանում հաճախականությունը կազմում է 1.7%, իսկ 7-15 տարեկանում 3.9%, մինչև սեռական հասունացումը տղաների մոտ ռիսկը մի փոքր ավելի բարձր է[138]։ Հասուն տարիքում միգրենը աստիճանաբար ավելի տարածված է դառնում կանանց մոտ, որի արդյունքում ծերունական հասակում գրեթե կրկնակի ավելի հաճախ է կանանց մոտ[138][139]։ Կանանց մոտ համեմատած աուրայով միգրենի առանց աուրա միգրենը ավելի տարածված է, իսկ տղամարդկանց մոտ այն հանդիպում է հավասարապես[46]։
Դաշտանադադարի ժամանակ ախտանիշները, որպես կանոն, սրվում են, իսկ դաշտանադադարից հետ մեղմանում[139]։ Ծերունական հասականում հիվանդների երկու երրորդի մոտ նկատվում է լավացում, սակայն հիվանդների 3-10% շարունակում է ունենալ գլխացավեր[140]։
Remove ads
Պատմական ակնարկ

Հին Եգիպտոսում միգրենը նկարագրվել է դեռևս մ.թ.ա. 1500-ականների էբերսի պապիրուսներում։ Հիպոկրատի բժշկական դպրոցի ձեռագրերում մ.թ.ա. 200 թվականին նկարագրվել է տեսողական աուրա[19], որը նախորդում է գլխացավին և անհետանում փսխումից հետո[141]։

Արետայոս Կապադովկիացու կողմից 2-րդ դարում գլխացավերը բաժանվել են երեք տեսակի՝ ցեֆալալգիա, ցեֆալեա, հետերոկրանիա[142]։ Գալենը կիրառել է հեմիկրանիա (ἡμι- (hemi-)՝ կես և κρανίον (kranion)՝ գանգ) տերմինը, որից էլ առաջացել է միգրեն բառը[142]։ Ըստ նրա ցավը առաջանում է գլխի մենինգիալ թաղանթներից և արյունատար անոթներից[141]։ Միգրենը 1887 թվականին ֆրանսիացի գրադարանավար Լուիս Հիացինտի կողմից բաժանվեց երկու տիպի՝ աուրայով միգրեն (migraine ophthalmique) և միգրեն առանց աուրա (migraine vulgaire)[141]:
Տրեպանացիան՝ այսինքն գանգահատումը նկարագրվել է դեռևս մ.թ.ա. 7000-ականներին[19]։ Այդ ժամանակահատվածում այս վիրահատությանը հազվադեպ էր լինում հաջողված, հիվանդները վիրահատությունից հետո մահանում էին վերքերի ինֆեկցման հետևանքով[143]։ Մարդիկ հավատում էին, որ այս վիրահատությունը թույլ է տալիս «չարիքին դուրս գալ գլխից»[144]։ Վիլիամ Հարվեյը 17-րդ դարում խորհուրդ տվեց տրեպանացիան որպես միգրենի բուժման մեթոդ[145]։
Չնայաց նրան, որ կիրառվել են միգրենի բուժման բազմաթիվ եղանակներ, միայն 1868 թվականին մշակվեց արդյունավետ միջող[141]։ Այդ պատրաստուկը ստանում էին հասկաժանգ (էրգոտ) տեսակի սնկից, որից 1918 թվականին ստացվեց էրգոտամինը[146]։ Մեթիլսերգիտը ստացվել է 1959 թվականին, իսկ առաջին տրիպտանը՝ սումատրիպտանը 1988 թվականին[146]։ 20-րդ դարի ընթացքում մշակվել են ապացուցված արդյունավետ կանխարգելիչ տարբերակներ[141]։
Հասարակություն և մշակույթ
Միգրենը կապված է մեծ միջոցների հետ, որը պայմանավորված է բուժման ծախսերով և աշխատունակության կորստով։ Ըստ Եվրոպական Նյարդաբաների Միության միգրենը ամենաթանկ նյարդաբանական հիվանդությունն է, որի տարեկան ծախսերը կազմում են ավելի քան 27 միլիարդ եվրո[147]։ ԱՄՆ-ում ուղղակի ծախսերը կազմում են 17 միլիարդ դոլար, իսկ անուղղակի ծախսերը, որը ներառում անաշխատունակ օրերը կազմում է 15 միլիարդ դոլար[148]։ Ուղղակի ծախսերի մեկ տասներորդը սպառվում է տրիպտանրի վրա[148]։ Այն անձինք ովքեր, այնուամենայնիվ, աշխատում են ունենալով միգրեն, ունենում են աշխատունակության արդյունավետության կորուստ մեկ երրորդով[147]։ Միգրենը հաճախ բացասական է անդրադառնում ընտանեկան կյանքում[147]։
Remove ads
Հետազոտություն
Հայտնաբերվել է կալցիտոնին գենի հետ կապված պեպտիդի կապը միգրենի ցավի առաջացման գործում[13]։ Մշակվել են այս պեպտիդի անտագոնիստներ՝ օլցեգեպանտը և տելցագեպանտը, որոնք ենթարկվել են in vitro (փորձանոթի մեջ) և կլինիկական հետազոտությունների[149]։ 2011 թվականին ամերիկյան Մերք ընկերությունը ավարտեց տելցագեպանտ պրեպարատի 3-րդ փուլի հետազոտությունը[150][151]։ 2016 թվականի դրությամբ 2-րդ փուլի հետազոտությունում են գտնվում չորս նոր մոնոկլոնալ հակամարմիններ, որոնցից երեքը թիրախավորում են կալցիտոնին գենի հետ կապված պեպտիդը, իսկ մեկը այդ պիպտիդի ընկալիչը[152]։ Էլեկտրոմիոստիմուլացիան և ներգանգային մագնիսական խթանումը այժ գրանցում են խոստումնալից արդյունքներ[13][153][154]։ Նախնական հետազոտությունը վկայում են կետոգեն դիետան կարող է կանխարգելել էպիզոդիկ և երկարաժամկետ միգրենը[155]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads