Պլուտարքոս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Պլուտարքոս, Պղուտարքոս (հունարեն՝ Πλούταρχος, լատին․՝ Lucius Mestrius Plutarchus, Լուկիոս Մեստրիոս Պղուտարքոս, ոչ վաղ քան 45 և ոչ ուշ քան 50, Chaeronea, Achaea, Հին Հռոմ[1][2][3][…] - մոտ 120[1][4][2][…], անհայտ[5][6]), հույն պատմիչ, կենսագիր, փիլիսոփա։ Գլխավորապես հայտնի է իր «Զուգահեռ կենսագրություններ» երկասիրությամբ, որտեղ զուգահեռաբար ներկայացնում է նշանավոր հույների և հռոմեացիների կենսագրությունները։ Թեև կենսագրությունները շարադրելիս Պլուտարքոսը նպատակ չէր հետապնդում տալու պատմական անցքերի հստակ վավերագրական պատկերը և ուշադրությունը սևեռում էր հերոսների բարոյական բնութագրի վրա, այսօր «Զուգահեռ կենսագրություններն» օգտագործվում է որպես արժեքավոր պատմական աղբյուր։
Հռոմեացի զորավարներ և քաղաքական գործիչներ՝ Սուլլայի, Լուկուլլոսի, Պոմպեոսի, Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի կենսագրությունները տեղեկություններ են պարունակում նաև անտիկ Հայաստանի պատմության, մասնավորապես՝ Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի ժամանակաշրջանների վերաբերյալ։
Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրությունները» թարգմանվել են գրաբար (Պլուտարքեայ Քերովնացւոյ Զուգակշիռք, թարգմանեալ ի բնագրէն Հ. Եղիայ վարդապետի Թումաճան, հ. Ա-Զ, Վենետիկ, 1832-1834)։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Հունաստանի Բեովտիա նահանգի Քերոնեա քաղաքում, կրթությունը ստացել է Աթենքում։ Պլուտարքոսի հռոմեական կապերն ու հռոմեասեր համոզմունքներն ապահովեցին կայսրերի՝ Տրայանոսի և Հադրիանոսի հովանավորությունը և կյանքի վերջին տարիներին Աքայայի պրոկուրատորի պաշտոնը։ 95 թվականին նրան շնորհվեց Դելփյան տաճարի քրմի կոչում։
Պլուտարքոսը Քերոնեայում ստացել է քերականի և հռետորական կրթություն, ապա ուսումը շարունակել է Աթենքում։ Ճանապարհորդել է Հունաստանում, ապրել Ալեքսանդրիայում և Հռոմում։ Եղել է Հռոմի ապագա կայսր Ադրիանոսի դաստիարակը, ստացել Հռոմի քաղաքացիություն, ապա նշանակվել Աքքայա պրովինցիայի (վարչական միավոր) դատախազ։ Կյանքի մեծ մասն անց է կացրել ծննդավայրում, զբաղվել է հասարակական և լուսավորչական գործունեությամբ։ Քերոնեայում ստեղծել է մասնավոր ակադեմիա, որտեղ ուսուցանել է երիտասարդությանը։ Նրա «Երեխաների դաստիարակության մասին» աշխատությունը Վերածննդի շրջանում թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ մանկավարժական բնույթի այլ գործեր՝ XV դարում՝ լատիներեն։ Որպես փիլիսոփա՝ Պլուտարքոսը հարել է Պլատոնյան ակադեմիային, էկլեկտիզմի ոգով տուրք է տվել ստոիկյան, պերիպատետիկյան և հատկապես պյութագորասականության ազդեցություններին։ Նա փիլիսոփայությունը համարել է ոչ այնքան հայեցակարգ, որքան դաստիարակության միջոց։ 95 թվականին ընտրվել է Դելփիքի Ապոլլոնի սրբարանի քրմերի խորհրդի անդամ։ Որպես պատմագիր՝ արտահայտել է Հռոմեական կայսրության վերնախավի շահերը, եղել նրա նվաճողական քաղաքականության ջատագովը։ Պլուտարքոսի բարոյափիլիսոփայական և պատմագիտական հայացքներն արտահայտվել են նրա «Բարոյականք» (հայերեն՝ 1860 թ.) և «Զուգահեռ կենսագրություններ» (հայերեն՝ «Զուգակշիռք», 1832–1835 թթ.) աշխատություններում։ Վերջինս հունական և հռոմեական քաղաքական ու ռազմական հանրահայտ 70 գործիչների՝ զուգահեռ շարադրված (մեկ հույն և մեկ հռոմեացի) կենսագրությունների հավաքածու է (մոտ 50)։ Սրանցից մեզ են հասել 23 զույգ զուգահեռ կենսագրություններ (Թեսևս ու Հռոմուլոս, Ալեքսանդր Մակեդոնացի ու Հուլիոս Կեսար, Դեմոսթենես ու Կիկերոն և այլք)։ Ըստ Պլուտարքոսի՝ դրանք զուտ պատմական երկեր չեն, այլ իր հերոսների բնութագրումներն են, նրանց մարդկային արժանիքների ու թուլությունների գրական դիմանկարները։ Միայն 4 կենսագրություն (այդ թվում՝ Պարսից Արտաքսերքսես I արքայի) ներկայացրել է առանձին՝ առանց համեմատությունների։ Պլուտարքոսը, որպես կանոն, հույն և հռոմեացի գործիչներին ներկայացրել է լավագույն գծերով, արդարացրել է միհրդատյան և հայ-հռոմեական պատերազմներին մասնակցած հռոմեական ընչաքաղց ու փառամոլ զորավարների (Լուկուլլոս, Պոմպեոս, Կրասոս, Անտոնիոս) նվաճողական արշավանքներն Արևելքում, իսկ նրանց հակառակորդների՝ իրենց անկախության համար պայքարի ելած հայերի և պարթևների գործողությունները համարել է բարբարոսական։ «Էթիկա» ընդհանուր խորագրով աշխատությունն ընդգրկում է Պլուտարքոսի բարոյախրատական, փիլիսոփայական գործերը՝ «Թագավորների և զորավարների ասույթները», «Հունական հարցեր», «Հռոմեական հարցեր», «Միապետության, ժողովրդավարության և օլիգարխիայի մասին», «Իսիսի և Օսիրիսի մասին» և այլն։ Հայաստանի, հայերի և հայ գործիչների մասին Պլուտարքոսը զանազան տեղեկություններ է հաղորդում «Թագավորների և զորավարների ասույթները» աշխատությունում։ Նա նկարագրել է Արտաշատի կառուցումը, մ.թ.ա. 69–66 թթ. հայ-հռոմեական պատերազմը, Տիգրան Բ Մեծի գործունեությունը, նրա փոխհարաբերությունները՝ Լուկուլլոսի և Պոմպեոսի, Արտավազդ Բ-ի փոխհարաբերությունները՝ Կրասոսի և Անտոնիոսի հետ։ Հռոմի ոտնձգություններից իրենց երկիրը պաշտպանող Հայոց Տիգրան Բ Մեծ և Արտավազդ Բ թագավորները վատաբանված են։ Պլուտարքոսը հիմնականում ոչ քննադատաբար է վերաբերվել օգտագործած աղբյուրներին, բայց Հերոդոտոսին հանդիմանել է հույն-պարսկական պատերազմների նկարագրության ժամանակ ցուցաբերած «կողմնակալության» համար։
Անձնական կյանքը
Պլուտարքոսի ընտանիքի մասին շատ բան չգիտենք։ Նա ամուսնացած է եղել Տիմոքսենի հետ։ Ամուսիններն ունեցել են չորս որդի և մեկ դուստր։ Դուստրը և որդիներից մեկը մահացել են վաղ հասակում։ Տեսնելով իր կնոջ տառապանքը փիլիսոփան գրել է «Սփոփանք կնոջ» ստեղծագործությունը[7]։
Մահ
Պլուտարքոսի մահվան ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Ընդունված է, որ Պլուտարքոսը մահացել է մոտ 127 թվականին։ Նա մահացել է իր ծննդավայրում, սակայն հուղարկավորվել է Դելֆիում՝ ըստ իր կտակի[7]։
Remove ads
Ստեղծագործությունները
Անտիկ աղբյուրները մեզ են ավանդել Պլուտարքոսի գրած 227 ստեղծագործության անուն, որից մեզ է հասել 150-ը։ Հասած ստեղծագործություններից մի մասի հեղինակությունը, սակայն, կասկածելի է։ Պլուտարքոսի ստեղծագործություններն ընդունված է բաժանել երկու մասի՝ moralia (բարոյագիտական, կրոնական, փիլիսոփայական, մանկավարժական, քաղաքական, հիգիենայի, կենդանիների հոգեբանության, երաժշտության, գրականության վերաբերյալ երկասիրություններ) և վարքագրություններ։
Պլուտարքոսի անանց նշանակությունը հիմնված է նրա «Զուգահեռ կենսագրություններ» ստեղծագործության վրա, որ հույն և հռոմեացի գործիչների զույգ կենսագրությունների շարք է։ Մեզ է հասել 23 զուգահեռ վարքագրություն։ Պլուտարքոսը կենսագրական ժանրի մեծագույն ներկայացուցիչն է։ Պլուտարքոսի հերոսները կենդանի են, իրական, իրենց թուլություններն ու արժանիքներն ունեցող կայացած բնավորություններ են։ Նրա կարծիքով կենսագրության մեջ արտացոլված իրադարձություններն ավելի լավ են ներկայացնում հերոսի բնավորությունը, քան նկարագրությունը։
«Զուգահեռ կենսագրություններ»-ում Պլուտարքոսը ներկայացրել է (Թեսևս և Հռոմուլոս, Ալեքսանդր Մակեդոնացի և Հուլիոս Կեսար, Դեմոսթենես և Կիկերոն) կենսագրություններ և համեմատել նրանց նմանվող ու տարբերվող հատկանիշները։ «Զուգահեռ կենսագրություններ»-ում չորս կենսագրություն, այդ թվում՝ Պարսից Արտաքսերքսես I-ի կենսագրությունը գրել է՝ շեղվելով իր ընտրած սկզբունքից։ Այս ստեղծագործությունը գրելիս Պլուտարքոսի նպատակը ոչ թե պատմություն շարադրելն էր, այլ իր ընտրած գործիչների վարքը, բնութագիրը ներկայացնելը և նրանց օրինակով սերունդներին դաստիրակելը[7]։
Պլուտարքոսը զգուշացնում է, որ նրա նպատակը պատմություն գրելը չէ։ Աննշան արարքը, խոսքը կամ կատակը երբեմն ավելի արտահայտիչ և ուսուցողական են, քան ճակատամարտերն ու պաշարումները։ Այդ պատճառով նրա վարքագրություններում տեղ են գտնում և՛ պատմական անեկդոտները, և՛ հերոսների խոսքերը (որոնք Պլուտարքոսի շնորհիվ դարձել են թևավոր), և՛ նույնիսկ՝ բամբասանքները։
Պլուտարքոսը մեծապես ազդել է եվրոպական գրականության, հատկապես՝ պատմական և կենսագրական ժանրերի զարգացման վրա։ Նրա վարքագրություններից օգտվել են Էրազմ Ռոտերդամցին, Ռաբլեն, Շեքսպիրը, Մոնտենը, Կոռնեյլը, Ռասինը, Ռուսոն և այլ հեղինակներ։
Remove ads
Հիշատակը
- Պլուտարքոսի պատվին իր անունն է ստացել (6615) Պլուտարքոս աստերոիդը։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads