From Wikipedia, the free encyclopedia
Յադվիգա Պիլսուդսկայա-Յարաչևսկայա (լեհ.՝ Jadwiga Piłsudska-Jaraczewska, փետրվարի 28, 1920, Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - նոյեմբերի 16, 2014, Վարշավա, Լեհաստան), լեհ ռազմական ու հասարակական գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի օդաչու։
Յադվիգա Պիլսուդսկայա | |
Կրթություն՝ | Լիվերպուլի համալսարան և Նյունհեմի քոլեջ |
---|---|
Գիտական աստիճան՝ | մագիստրոս |
Մասնագիտություն՝ | մարզիկ, սպա, ճարտարապետ և օդաչու |
Ծննդյան օր | փետրվարի 28, 1920 |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Վախճանի օր | նոյեմբերի 16, 2014 (94 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
Թաղված | Պովոնզկի գերեզմանատուն |
Դինաստիա | House of Piłsudski? և Q63531928? |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Հայր | Յուզեֆ Պիլսուդսկի |
Մայր | Aleksandra Piłsudska? |
Ամուսին | Andrzej Jaraczewski? |
Զավակներ | Krzysztof Jaraczewski? և Joanna Onyszkiewicz? |
Պարգևներ | |
Յադվիգա Պիլսուդսկայան ծնվել է 1920 թվականի փետրվարի 28-ին Վարշավայում, մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու և նրա ապագա երկրորդ կնոջ` Ալեքսանդրայի (ծնունդով` Շչերբինսկայա) ընտանիքում։ Այդ ժամանակ Յուզեֆը չէր կարող ամուսնանալ Ալեքսանդրայի հետ, քանի որ առաջին կինը` Մարիան, հրաժարվել էր ամուսնալուծությունից. նրանք ամուսնացել են միայն Մարիայի մահից հետո` 1921 թվականին[1]։ Յադվիգայի կնքահայրը եղել է Լեհաստանի ապագա վարչապետ Վալերի Սլավեկը[2]։ Յադվիգայի ավագ քույրը եղել է հոգեբան Վանդա Պիլուդսկին[3]։
Մանկության տարիներն անցկացրել է հիմնականում Վարշավայում, որտեղ 1921-1922 թվականներին ապրել է Բելվեդերի պալատում, իսկ 1923-1926 թվականներին` Սուլեյուվեկի վիլլայում[4]։ Մայիսյան հեղաշրջումից հետո 1926 թվականին Պիլսուդսկիները նորից տեղափոխվել են Բելվեդեր և այնտեղ ապրել մինչև Յուզեֆ Պիլսուդսկու մահը 1935 թվականին[5]։ Յադվիգան մոր ու քրոջ հետ մասնակցել է հոր սրտի թաղման արարողությանը Վիլնոյի դամբարանում[6]։
Սովորել է դպրոցում, որը Բելվեդերում կազմավորվել էր զինվորների երեխաների համար, ապա քրոջ հետ ուսանել է Վանդա Պոսելտի անվան դպրոցում, որտեղ 1939 թվականին ստացել է միջնակարգ կրթության վկայական։
Ավիացիայի նկատմամբ հետաքրքրությունը Յադվիգայի մոտ առաջացել է 12 տարեկան հասակում, երբ սկսել է պատրաստել ինքնաթիռների մոդելներ։ 17 տարեկանում ավարտել է սավառնորդների դպրոցը։ 1937 թվականին Յադվիգան սկսել է թռչել սավառնակներով և ստացել օդաչուի «A»-«D» կարգեր` ավելի քան 100 ժամ թռիչք ունենալով։ Մտադրվել էր ավիաշինարարություն ուսանել Վարշավայի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ինժեներիա բաժանմունքում, սակայն սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, գերմանական ու խորհրդային զորքերը ներխուժում են Լեհաստան, և 1939 թվականի սեպտեմբերին Յադվիգան մոր ու ավագ քրոջ հետ մասնակցում է Կարմիր խաչի աշխատանքներին[7]։ Դրանից հետո մեկնել է Վիլնյուս, ապա նրանց ընտանիքը հատուկ ինքնթիռով Լատվիայից էվակուացվել է Շվեդիա և Մեծ Բրիտանիա, որտեղ նրանց ընդունել է դեսպան Էդվարդ Ռաչինսկին[3][4]։
1940 թվականին վերսկսել է կրթությունը`ընդունվելով Քեմբրիջի համալսարանի Նյունեմ քոլեջ։ Զուգահեռ Յադվիգան մի քանի փորձ է արել ընդունվելու ռազմաօդային ուժեր, և որոշ ժամանակ անց ստացել է ինքնաթիռի օդաչուի արտոնագիր, իսկ 1942 թվականի հուլիսին միացել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի լրացուցիչ գնդին[8]։ Այնտեղ երկու տարի ծառայելով` Յադվիգան ստացել է պորուչիկի կոչում` դառնալով լեհ մի քանի կանացից մեկը, որ որպես օդաչու մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին[9]։ 1943 թվականի նոյեմբերին ղեկավարությունը Յադվիգա Պիլսուդսկայայի` խոստումնալից ու հեռանկար ունեցող օդաչուի կարողությունները գնահատել է միջինից բարձր։ Ընդհանուր առմամբ 21 տեսակի 230 ինքնաթիռով թռչելով 312 ժամ և 35 րոպե `Յադվիգան իր մատուցած ծառայությունների համար արժանացել է Բրոնզե խաչի[3]։
1944 թվականին Յադվիգան կամավոր դուրս է եկել ռազմական ծառայությունից ուսումը շարունակելու նպատակով։ Նա ընդունվել է Լիվերպուլի համալսարանի ճարտարապետական դպրոց, որն ավարտել է 1946 թվականին ճարտարապետության մագիստրոսի որոկավորմամբ։ Բացի այդ` նա սովորել է քաղաքային ճարտարապետության պլանավորում ու հոգեբանություն[3]։ Երբ Լեհաստանում իշխանության են եկել կոմունիստները, Յադվիգան մնացել է Մեծ Բրիտանիայում որպես քաղաքական վտարանդի, սակայն չի ընդունել բրիտանական հպատակություն` օգտվելով նանսենյան անձնագրից, որը վավերական է եղել բոլոր երկրներում` բացի Լեհաստանից[8][10][11]։ Լոնդոնում ապրելով` Յադվիգան նախագծել է իր սեփական տունը, այնուհետև աշխատանքի է անցել Լոնդոնի կոմսության` քաղաքային պլանավորման բաժանմունքում։ Ավելի ուշ ամուսնու հետ բացել է լամպերի, ջահերի, կահույքի արտադրության ոչ մեծ ընկերություն, որ դարձել է նրանց ընտանեկան եկամուտի աղբյուրը[3][8]։ Ընտանիքը նաև օգնություն է կազմակերպել «Համերաշխություն» արհմիության համար` ջանքեր գործադրելով, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, և Լեհաստանում ժողովրդավարական ընդդիմությունը զարգանա[12]։
Երբ 1990 թվականին Լեհաստանում իշխանափոխություն է եղել, Յադվիգան ընտանիքի ու քրոջ հետ վերադարձել է հայրենիք և հաստատվել Վարշավայում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Պիլսուդսկիների ընտանիքի ֆոնդի և Յուզեֆ Պիլսուդսկու ինստիտուտի աշխատանքներին[13], վերականգնել է իրենց կալվածքը Սուլեյուվեկում՝ այնտեղ հիմնադրելով Յուզեֆ Պիլսուդսկու թանգարան[3]։ Քույրը` Վանդան, մահացել է 2001 թվականին[14]։
2008 թվականի փետրվարի 28-ին լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին Յադվիգա Պիլսուդսկայայային շնորհել է Լեհաստանի վերածննդի օրդենի կոմանդորի աստիճան «Երկրորդ համաշխարհային տարիներին քաջության, խիզախության, լեհ ժողովրդի պատմության ու ավանդույթների հանրահռչակման ու մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու հիշատակը պահպանելու համար»[15][16]։
2012 թվականին Յադվիգան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ մասնակցել է Բելվեդերի պալատում Յուզեֆ Պիլսուդսկու աշխատասենյակ-թանգարանի բացմանը[17]։
Յադվիգա Պիլսուդսկայան մահացել է 2014 թվականի նոյեմբերի 16-ին Վարշավայում 94 տարեկան հասակում` շրջապատված հարազատներով ու մտերիմներով[4][18][19][20]։
Հոգեհանգստի արարողությունը կայացել է նոյեմբերի 21-ին Սուրբ Կառլ Բորոմեո եկեղեցում, թաղվել է Ստարե Պովազկի գերեզմանատանը։ Թաղմանը ներկա են եղել նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, հարազատներ, ազգականներ ու հարյուրավոր լեհեր[21][22][23]։
1944 թվականին ամուսնացել է Լեհաստանի ռազմածովային ուժերի սպա Անջեյ Յարաչևսկու հետ[5]։ Ունեցել են երկու երեխա` Քշիշտոֆ Յուզեֆը և Յոհանա Մարիան[7][24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.