Վահրամ Փափազյան (դերասան)

հայ արձակագիր, գրող, դերասան From Wikipedia, the free encyclopedia

Վահրամ Փափազյան (դերասան)
Remove ads

Վահրամ Գամերի Փափազյան (հունվարի 18 (30), 1888 կամ հունվարի 18, 1888(1888-01-18)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունիսի 5, 1968(1968-06-05) կամ մայիսի 5, 1968(1968-05-05)[1], Լենինգրադ, ԽՍՀՄ[2]), հայ նշանավոր դերասան, գրող, արձակագիր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։ Փափազյանը համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր Օթելլոյի դերակատարությունը։

Այս հոդվածը հայ դերասանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վահրամ Փափազյան (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Վահրամ Փափազյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Վահրամ Փափազյանը ծնվել է Կ. Պոլսում 1888 թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Գամերը, որ այդ ժամանակ եղել է հեռագրատան պաշտոնյա, ունեցել է որդու անկարիք մանկությունը և ուսումն ապահովելու հնարավորություն։ Սովորել է Սագըզաղաճի ու Մոտայի Մխիթարեան վարժարաններում, Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում։

Վահրամ Փափազյանն ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ։ Եվ 1908 թվականին, երբ Շիշլիի գերեզմանատանը բազմություն է հավաքվում 1896 թվականի զոհերի հիշատակին՝ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Ջարդը»։

Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի (1905-1907) և այնուհետև հայտնվում է Միլանի Գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ (1908-1911), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի, Նովելլի, հանդես է գալիս նրանց խմբերում։

Մինչ այդ Փափազյանը թեթևակի շփվել էր կովկասահայ թատրոնի հետ։ 1907 թվականին նա հայտնվում է Փարիզում և, Շիրվանզադեի ու Աբելյանի խորհրդով, մեկնում Բաքու։

Վերադառնալով Իտալիա՝ Փափազյանը կես տարի շրջագայում է իտալական մի թատերախմբի հետ։ Այդ ժամանակից սկսվում է նրա դերասանական կյանքը։ Երիտասարդ դերասանը հայտնվում է ծննդավայր Պոլսում այն ժամանակ, երբ երկրում սահմանադրություն էր հռչակվել։ Ուրիշ արգելքների հետ վերացել էր նաև ներկայացումներ տալու արգելքը։ Եվ Փափազյանը հանդես է գալիս Օթելլոյի դերով։ Օթելլոյին հաջորդում են «Սանդուխտ կույսը» (Փափազյան-Սանատրուկ), ապա և հատվածներ «Սիդ», «Արծվիկ» պիեսներից։ Ելույթներ է ունենում հայրենի քաղաքում, հետո ներկայացումներ Ռոդոստոյում, հետո ելույթներ Աթենքում՝ Օրեսթեսի և Օթելլոյի դերով, ապա՝ Ջենովա՝ իտալական թատերախմբերի հետ, խաղացանկը՝ Ռոստան, Բատայլ, Ուայլդ, հետո կրկին Կ. Պոլիս, ապա՝ Սոֆիա, բուլղարական ուրիշ քաղաքներ, այնուհետև Զմյուռնիա, ուր անառողջ Սիրանույշին փոխարինել է Համլետի դերում, ապա նորից Կ. Պոլիս։ Այստեղ «Հայ դրամատիկ»ի թատերախմբով շրջում է Թրակիա, Մակեդոնիա, Ալբանիա և այլուր։

1913 թվականին Փափազյանը հրավեր ստացավ Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերությունից։ «Հայ դրամատիկի» գործունեությունը Կ.Պոլսում շատ էր անհեռանկար և նա լքեց հայրենի քաղաքը՝ համոզված, որ փրկում է իր դերասանական ապագան։

Այսպես բոլորեց Փափազյանի դերասանական կյանքի առաջին շրջանը։ 1913-1922 թվականները կարելի է համարել Փափազյանի դերասանական կյանքի երկրորդ շրջանը։

Փափազյանը խաղացել է Ռոմեոյի դերը։ Ինչպես հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերում, շեքսպիրյան սիրահարի դերում ևս Փափազյանը չի ապավինել իր շնորհներին, այլ արտահայտել է կերպարների դրամատիկական բովանդակությունը։

1920 թվականին Փափազյանը մի վերջին անգամ հայտնվում է իր ծննդավայրում և այնուհետև նա մեկնում է Խորհրդային Հայաստան։

1922 թվականին Երևանի նորաստեղծ պետական թատրոնում Փափազյանը խաղում է Կառլոսի («Ավազակներ»), Պրինչիվալեի («Մոննա Վաննա») և Հայնրիխի («Ջրասույզ զանգ») դերերը, բեմադրում մի քանի պիես («Դոն Ժուան», «Քին», «Սատանայի աշակերտը» և այլն)։ Բայց հաջորդ տարվանից հանդես է գալիս Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում։ Արվեստագետի գործունեությունն ավելի արդյունավետ է լինում Թիֆլիսի Հայ դրամայում, ուր նա գլխավորում է թատրոնը (1926-1927 թթ)։ Այս թատերաշրջանում նա խաղում է ոչ միայն իր ավանդական դերերը, այլև, իբրև մի «սովորական» դերասան, հանդես գալիս «հերթական» ներկայացումներում. Ղարա («Կապկազ թամաշա»), Վլադիմիր («Բուքը»), Ժորժ («Մորգանի խնամին»)։ Ոչ միայն խաղում է, այլև բեմադրում. «Մակբեթ», «Կապկազ-թամաշա», «Դիմակահանդես»։

1928 թվականին Փափազյանի Օթելլոյի հոյակապ կերպարը երևաց Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Փոքր թատրոնի դերասանների խաղընկերությամբ, ապա և 1932 թվականին Փարիզի Օդեոն թատրոնում՝ Ատելիյե թատրոնի դերասանների խաղընկերությամբ։ Այն սակավաթիվ իրողություններից են սրանք, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք։ Սա Փափազյանի և նրա Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։

1932-1954 թվականներին բնակություն հաստատելով Սանկտ Պետերբուրգում՝ Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ՝ Օթելլոյով, շրջել է Սովետական Միությունում։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազյանը տարավ պաշարված Սանկտ Պետերբուրգում՝ հանդես բերելով ոչ միայն արտիստական, այլև քաղաքացիական և հայրենասիրական բարձր նկարագիր։ 1948 թվականի հունվարի 12-ից հյուրախաղերով եղել է Երևանում, Երաժշտական կոմեդիայի թատրոնում գլխավոր դերերով հանդես է Շեքսպիրի «Օթելո», Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» և այլ ներկայացումներում[3]։

Նրա ավանդական դերերից մեկն էլ Կորրադոն էր՝ Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» մելոդրամայի հերոսը։ Իբրև դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազյանն իր նախորդների նման ունեցել է մելոդրամաներ խաղալու սովորություն։

Բազմաթիվ դերերով Փափազյանը էլի մի քանի տարի շրջագայեց Անդրկովկասում, ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես։ Վերջապես, 1954 թվականին արվեստագետը գտավ իր հանգրվանը Երևան քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա փոքրացրեց շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով։ Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցեց հայկական արվեստի 1956 թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանացավ Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման։ Հետագայում խաղաց նաև Ուրիել Ակոստա, Արբենին[4][5]։

Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը։

Մահացել է Լենինգրադում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[6]։ Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը։

Thumb
Վահրամ Փափազյանի հուշատախտակը Կիևյան փողոցում
Thumb
Վահրամ Փափազյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
Remove ads

Ֆիլմագրություն

  • 1917 - Սաիդե (դեբյուտը կինոյում՝ Էռնեստո Վահրամ անունով)
  • 1917 - Երազ ու կյանք
  • 1917 - Փառքի դարպասների մոտ - ջութակահար Վիկտոր Ստավսկի
  • 1917 - Մթնշաղ - երաժիշտ Զարեմբա
  • 1917 - Գայթակղություն - ֆրա Ցիո
  • 1917 - Սիրո երկրում - Ալբերտո
  • 1917 - Այրին - Ռոբերտ Տոտվեն, Մորիսի ընկերը
  • 1918 - Ստելլա Մարիս
  • 1918 - Գարնանային քամու հեքիաթը - հայտնի ավիատոր
  • 1918 - Պոետն ու ընկած հոգին - Կրասով, գրող
  • 1918 - Не та, так другая
  • 1918 - Երջանկության կողքով - Ալեքսեյ, Վանդայի եղբայրը
  • 1918 - Клятвой спаянные - Ների
  • 1918 - Բժիշկ Կատցել - բժիշկ Կատցել
  • 1918 - Երկու մայր
  • 1922 - Բոսֆորի գաղտնիքը
  • 1922 - Սիրային ողբերգություն Ստամբուլում
  • 1923 - Աղջկա աշտարակի գաղտնիքը - Սամեդ խան
  • 1953 - Մեծն զորավար Սկանդերբերգը - սուլթան Մուրադ II
  • 1955 - Ուրվականները հեռանում են լեռներից - Դանիել-բեկ
  • 1956 - Սիրտն է երգում - Գաբրիել աղա
  • 1964 - Մսյո Ժակը և ուրիշները - Միհրան աղա
Remove ads

Երկեր

Գրքեր

  • Հետադարձ հայացք, գիրք 1, Երևան, 1956, 464 էջ։
  • Հետադարձ հայացք, գիրք 2, Երևան, 1957, 472 էջ։
  • Սրտիս պարտքը, Երևան, 1959, 176 էջ։
  • Իմ Օթելլոն, Երևան, 1964, 512 էջ։
  • Համլետը ինչպես տեսա…, Երևան, 1968, 436 էջ։
  • Անահիտ, Երևան, 1969, 96 էջ։
  • Լիր արքա, Երևան, 1971, 331 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Հետադարձ հայացք, գիրք 1, Երևան, 1979, 460 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Հետադարձ հայացք, գիրք 2, Երևան, 1981, 464 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Իմ Օթելլոն, Երևան, 1982, 456 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Համլետը ինչպես տեսա…, Երևան, 1983, 408 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Լիր արքա, Երևան, 1983, 384 էջ։
  • Թանձրացումներ, Երևան, 1988, 136 էջ։

Մամուլ

  • Թո՛ղ լինի, ողջունում եմ։ «Գարուն», 1967, № 2, էջ 10։
Thumb
Վահրամ Փափազյանի կիսանդրի (Երևան)

Պարգևներ, մրցանակներ

Գրականություն

  • Վահրամ Փափազյան (ժողովածու), Երևան, 1959։
  • Հայ սովետական թատրոնի պատմություն, Երևան, 1967։
  • Ռուբեն Զարյան, Վահրամ Փափազյան, Երևան, 1972, 158 էջ։
  • Շեքսպիրական, հատ. 4, Երևան, 1974։
  • Գառնիկ Ստեփանյան, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հատ. 3, Երևան, 1975։
  • Գառնիկ Ստեփանյան, Վահրամ Փափազյանի հետ (հուշեր), Երևան, 1979, 102 էջ։
  • Լևոն Հախվերդյան, Հայ թատրոնի պատմություն (1901-1920), Երևան, 1980։
  • Ռուբեն Զարյան, Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երևան, 1981, 326 էջ։
  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 565։
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երևան, 1986, էջ 326-327։
  • Գևորգ Աբաջյան, Վահրամ Փափազյան, Երևան, 1988։
  • Գևորգ Աբաջյան, Հայոց ցեղասպանության անդրադարձը Վահրամ Փափազյանի արվեստում, Ե., 1997, 52 էջ։
  • Գրիգորյան Վ., Մեր Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը, Երևան, 2002։
  • Գևորգ Աբաջյան, Վահրամ Փափազյանի գրչի սխրանքը, Ե., Մաշտոց, 2004, 46 էջ։
Remove ads

Աղբյուրներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads