Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2
From Wikipedia, the free encyclopedia
«Հարրի Փոթերը և Մահվան պարգևները՝ մաս երկու», 2011 թվականին «Warner Bros. Pictures»-ի կողմից արտադրված ֆանտաստիկ ժանրի ֆիլմ, որը հանդիսանում է Հարրի Փոթերի մասին պատմող ութերորդ՝ եզրափակիչ տեսաժապավենը և Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» վեպի էկրանավորման երկրորդ հատվածամասը։ Ինչպես նախորդ երեք էկրանավորումներում, այնպես էլ այս դեպքում, ֆիլմի ռեժիսորը եղել է Դեյվիդ Եթսը, իսկ պրոդյուսերը՝ Դեյվիդ Հեյմանը։ Դիպաշարային առումով այն համարվում է «Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը» ֆիլմի և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» թողարկման առաջին մասի շարունակությունը, որտեղ բովանդակված է գլխավոր հերոսի և վերջինիս ընկերների պայքարը ընդդեմ Խավարի լորդի՝ Վոլդեմորտի իշխանության տապալման և առհավետ ոչնչացման։
Ֆիլմում Դենիել Ռեդքլիֆը մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Հարի Փոթերի կերպարը, Ռուպերտ Գրինթը՝ նրա լավագույն ընկեր Ռոնալդ Ուիզլիին, իսկ Էմմա Ուոթսոնը՝ եռյակի իգական անդամ Հերմիոնա Գրեյնջերին։ Հիմնական նկարահանման աշխատանքները սկսվել են 2009 թվականի փետրվարի 19-ին և ավարտվել 2010 թվականի հունիսի 12-ին՝ ֆիլմի առաջին թողարկումից ավելի քան 10 տարի անց։ «Հարրի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի երկրորդ մասի նորամուտը բրիտանական կինոթատրոններում տեղի է ունենեցել 2011 թվականի հուլիսի 13-15-ն ընկած ժամանակահատվածում՝ հանդիսանալով «Հարի Փոթեր» ֆիլմաշարի առաջին դեպքը, երբ տեսաժապավենը թողարկվել է 3D ձևաչափով։
Ֆիլմը բավականին մեծ հաջողություններ է գրանցում համաշխարհային կինոշուկայում՝ դառնալով 2011 թվականի լավագույն ֆիլմերից մեկը (ըստ վարկանշային արդյունքների)։ Կինոքննադատները բարձր գնահատականի են արժանացրել հերոսների դերասանական խաղը, վիզուալ էֆեկտները, կինեմատոգրաֆիան, գործողությունների հաջորդականությունը և դիպաշարի գոհացնող ավարտը։ Ընդհանուր հաշվով, ֆիլմը դառնում է 13-րդ ամենաբարձր վարկանիշն ունեցող ֆիլմն ամբողջ աշխարհում՝ ավելի քան 1 միլիարդ ամերիկյան դոլարի համախառն շահույթի ցուցանիշով։
«Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի երկրորդ մասը մրցանակակիր էր «Օսկար»-ի (կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակաբաշխություն) լավագույն դիմահարդարման և վարսահարդարման, լավագույն վիզուալ էֆեկտների և լավագույն բեմադրող նկարչի անվանակարգերում։