Եվրոպա
մայրցամաք / From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպա, Երկրագնդի վեց աշխարհամասերից մեկը, որն ամբողջությամբ գտնվում է Հյուսիսային և մեծամասամբ Արևելյան կիսագնդերում։ Աշխարհամասը հյուսիսում սահմանակից է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ հարավից՝ Միջերկրական ծովին։ Համարվում է Եվրասիա մայրցամաքի ծայրարևմտյան հատվածը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպա (այլ կիրառումներ)
Եվրոպա | |
---|---|
Տեսակ | աշխարհամաս և մայրցամաք |
Ամենաբարձր կետ | Էլբրուս |
Ամենացածր կետ | Կասպից ծով |
Մակերես | 10 186 000 կմ²[1] |
Կազմված է | Հյուսիսային Եվրոպա[2], Northeastern Europe?[2], Հարավային Եվրոպա[2], Հարավ-արևելյան Եվրոպա[2], Արևելյան Եվրոպա[2], Արևմտյան Եվրոպա[2], Կենտրոնական Եվրոպա[2], Southwestern Europe?, Northwestern Europe?[2], Իտալիա և Բելգիա |
Հյուսիսային կետ | 71° հս․. լ. 24° ավ. ե.HGЯOL |
Հարավային կետ | 36° հս․. լ. 6° ամ. ե.HGЯOL |
Արևելան կետ | 56° հս․. լ. 41° ավ. ե.HGЯOL |
Արևմտյան կետ | 52° հս․. լ. 10° ամ. ե.HGЯOL |
Մասն է | Եվրասիա, Ostfeste? և Երկիր |
Աշխարհագրական տեղադրություն | Հյուսիսային կիսագունդ |
Հայտնաբերում | մ.թ.ա. 200 հազարամյակ և մ.թ.ա. 1200 հազարամյակ |
Անվանված է | Եվրոպա |
Սկսած մոտ 1850 թվականից՝ Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական ջրբաժանը համարվում են Ուրալյան և Կովկասյան լեռները, Ուրալ գետը, Կասպից և Սև ծովերը, ինչպես նաև Սևծովյան նեղուցները[3]։ Չնայած «մայրցամաք» տերմինը ասոցացվում է ֆիզիկական աշխարհագրության հետ՝ ցամաքային սահմանը որոշակի առումով կամայական է և մի քանի անգամ վերաձևավորվել է՝ սկսած առաջին ձևավորումից, որն իրականացվել է դեռ անտիկ դարաշրջանում։ Եվրասիայի բաժանումը երկու աշխարհամասերի արտացոլում է արևելք-արևմուտք մշակութային, լեզվական և էթնիկ տարբերությունները, որոնք տարբերվում են տարածաշրջաններով, այլ ոչ բաժանարար գծով։ Աշխարհագրական սահմանը հաշվի չի առնում նաև քաղաքական սահմանաբաժինը, քանի որ Թուրքիան, Ռուսաստանը և Ղազախստանը համարվում են միջաշխարհամասային երկրներ։ Սահմանաբաժան հանդիսացող Կովկասյան լեռներն անցնում են նաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով, ինչը ենթադրում է, որ այս պետությունների տարածքների մի մասը նույնպես գտնվում է Եվրոպա աշխարհամասում։
Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կմ² կամ Երկիր մոլորակի մակերեսի 2%-ը (ցամաքային տարածքի 6,8%-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպան բաժանված է հիսուն ինքնավար պետությունների։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանի տարածքը կազմում է Եվրոպայի տարածքի 39%-ը, իսկ բնակչությունը՝ մոտ 15%-ը։ 2016 թվականի տվյալներով, Եվրոպայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության 11%-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում են Ատլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգ են, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռու գտնվող շրջաններում կլիմային սեզոնային տատանումներն առավել տեսանելի են, քան մերձափնյա հատվածներում։
Եվրոպան՝ հատկապես Անտիկ Հունաստանը, համարվում է Արևմտյան քաղաքակրթության բնօրրանը[4][5][6]։ 476 թվականին Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումը և Ժողովուրդների մեծ գաղթը արձանագրեցին հին պատմության ավարտը և ազդարարեցին միջնադարի մեկնարկը։ Վերածննդի դարաշրջանի հումանիզմը, արվեստը և գիտությունը դարձան ժամանակակից դարաշրջանի մեկնարկի հիմքը։ Սկսած Աշխարհագրական մեծ հայտնագործություններից, որի մեկնարկը տվել էին Իսպանիան և Պորտուգալիան, Եվրոպան դոմինանտ դեր ստացավ համաշխարհային քաղաքականության ասպարեզում։ 16-20-րդ դարերում եվրոպական գաղութատիրական իշխանությունը տարբեր ժամանակներում իր վերահսկողությունն էր իրականացնում Ամերիկա աշխարհամասում, Աֆրիկայում, Օվկիանիայում և Ասիայի մեծ մասում։
Լուսավորության դարաշրջանը, դրան հաջորդած Ֆրանսիական հեղափոխությունը և Նապոլեոնյան պատերազմները 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբ ձևավորեցին Եվրոպայի մշակութային, քաղաքական և տնտեսական սահմանները։ Արդյունաբերական հեղափոխությունը, որն սկսվել էր 18-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայում նպաստեց տնտեսական, մշակութային և սոցիալական արմատական փոփոխությունների, որոնք հետագայում տարածվեցին ողջ աշխարհում։ Համաշխարհային երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել Եվրոպայի տարածքի մեծ մասում, որի արդյունքում 20-րդ դարի կեսերին աշխարհում ավարտվեց Արևմտյան Եվրոպայի գերիշխանությունը և միջազգային հարաբերությունների համակարգը դարձավ երկբևեռ։ Պետությունների մեծ մասը հավաքվեց ԱՄՆ-ի շուրջ, իսկ մի մասն էլ միավորվեց սոցիալիստական ճամբարին[7]։ Սառը պատերազմի ընթացքում՝ ընդհուպ մինչև Բեռլինի պատի փլուզում (1989 թվական), Եվրոպան Երկաթե վարագույրով բաժանված է եղել արևմուտքում ՆԱՏՕ-ի և արևելքում՝ Վարշավյան դաշինքի երկրների միջև։
1949 թվականին հիմնադրվել է Եվրոպայի խորհուրդը։ Այն ստեղծվել է Ուինսթոն Չերչիլի հանրահայտ ճառից հետո, որի հիմնական էությունը կայանում էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ Եվրոպայի միավորումը։ Եվրոպայի խորհրդի անդամ են եվրոպական բոլոր երկրները՝ բացառությամբ Բելառուսի, Ղազախստանի և Վատիկանի։ Եվրոպական խորը ինտեգրման աճող տեմպերի արդյունքում ձևավորվեց Եվրոպական միությունը (ԵՄ), որն անկախ քաղաքական միավոր է և իր կառուցվածքով գտնվում է դաշնության (ֆեդերացիա) և համադաշնության (կոնֆեդերացիա) միջև[8]։ Եվրոպական միությունը ձևավորվել է Արևմտյան Եվրոպայում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականից, ինտեգրացիոն ընդլայնումը շարժվել է դեպի արևելք։ Եվրոպական միության անդամ պետությունների մեծ մասի դրամական միավորը եվրոն է, որն ամենաշատ կիրառվող դրամական միավորն է ողջ Եվրոպայի տարածքում։ ԵՄ Շենգեն գոտին վերացրել է անդամ պետությունների միջև առկա սահմանները և հսկում է էմիգրացիոն գործընթացները՝ անդամ պետությունների տարածքներում։ Եվրոպայի օրհներգը Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան է, իսկ օրը՝ մայիսի 5-ը (Եվրոպայի Խորհրդի օր) կամ մայիսի 9-ը (ԵՄ օր)։ Այդ օրը նշվում է, այսպես կոչված, Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։