From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։
Ֆուտբոլ | |
---|---|
Տեսակ | sport industry? և գնդակով խաղ |
Այլ անուններ | սոկեր, ֆութի, «գեղեցիկ խաղը», «համաշխարհային խաղը» |
Մարմին | ՖԻՖԱ |
Ծագման երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Թիմ մեծ | 7[1] |
Թիմ փոքր | 22[2] |
Սեռ | արական |
Կարգավիճակ | թիմային, գնդակով խաղ |
Հարմարանք | Ֆուտբոլի գնդակ |
Վայր | 120 x 90 մ, Ֆուտբոլային դաշտ |
Առաջին առաջնություն | 1863 թվական, Անգլիա (Անգլիայի ֆուտբոլային միության ձևավորումը) |
Օլիմպիական խաղեր | սկսած 1900 թվականից |
Տարբերվում է | Ֆուտբոլ |
Պորտալ | Պորտալ:Ֆուտբոլ |
Association football Վիքիպահեստում |
Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է Հյուսիսային Կորեայում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական։
Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։
• Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին,
• Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի,
• Խաղացողներին արգելվում է կոշիկների վրա կրել մեխեր, երկաթե թիթեղներ կամ ռետինե կոշիկներ,
• Ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև 15 րոպեով դադար,
• Խաղին մասնակցում են երկու թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։
Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։
Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։
Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն մի խաղի ընթացքում երեք անգամ։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են 14 հոգու
Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։
Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։
Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։
Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։
Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։
Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում։ 1904 թվականին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թվականին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ։ Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թվականից։ 1930 թվականից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թվականից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թվականից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թվականից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։
Տարի | Ռմբարկուներ | Գոլեր |
---|---|---|
1930 | Գիլերմո Ստաբիլե (Արգենտինա) | 8 |
1934 | Օլդրժիխ Նեեդլի (Չեխոսլովակիա), Սկիավիո (Իտալիա), Կոնեն (Գերմանիա) | 5-ական |
1938 | Լեոնիդաս դա Սիլվա (Բրազիլիա) | 8 |
1950 | Ադեմիր (Բրազիլիա) | 9 |
1958 | Շանդոր Կոչիշ (Հունգարիա) | 11 |
1962 | Ժյուստ Ֆոնտեն (Ֆրանսիա) | 13 |
1966 | Գարինչա, Վավա (Բրազիլիա), Լեոնել Սանչես (Չիլի), Դրաժան Երկովիչ (Հարավսլավիա), Ֆլորիան Ալբերտ (Հունգարիա), Վալենտին Իվանով (ԽՍՀՄ) | 4-ական գոլ |
1970 | Գերդ Մյուլլեր (ԳՖՀ) | 10 |
1974 | Գժեգոժ Լյատո (Լեհաստան) | 7 |
1978 | Մարիո Կեմպես (Արգենտինա) | 6 |
1982 | Պաոլո Ռոսսի (Իտալիա) | 6 |
1986 | Գարի Լինեկեր (Անգլիա) | 6 |
1990 | Սալվատորե Սկիլլաչի (Իտալիա) | 6 |
1994 | Օլեգ Սալենկո (Ռուսաստան), Խրիստո Ստոիչկով (Բուլղարիա) | 6-ական |
1998 | Դավոր Շուկեր (Խորվաթիա) | 6 |
2002 | Ռոնալդո (Բրազիլիա) | 8 |
2006 | Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) | 5 |
2010 | Միրոսլավ Կլոզե (Գերմանիա), Դավիդ Վիլյա (Իսպանիա), Ուեսլի Սնեյդեր (Հոլանդիա), Թոմաս Մյուլլեր (Գերմանիա), Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ) | 5-ական |
2014 | Խամես Ռոդրիգես (Կոլումբիա) | 6 |
2018 | Հարի Քեյն (Անգլիա) | 6 |
Էդսոն Արանտես Դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento), ով հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։
Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։
Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկաի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։
Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13:0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950 թվական-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում։ 1956 թվական-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվական-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։
Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում:Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում։ Դրանք էին՝ «Բալթա–Լիման», «Արաքս», «Տորք», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ» և այլն։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներ։ Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում։ 1920 թվականին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թվականին Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերի միջև։ 1939 թվականից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թվականներ՝ Դինամո, 1963 թվականից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցելու համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ Արարատը 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ 1991 թվականից սկսած՝ անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ։
Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆուտբոլային հայկական ակումբներ են ստեղծվել նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի խոշոր քաղաքներում։
1911 թվականին Կ․Պոլսի «Հայաստան» ակումբը դարձել է Հունաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարի հաղթողը, իսկ 1913 թվականին Օսմանյան կայսրության ուսումնական հաստատությունների մրցաշարում «Կիլիկիան» զբաղեցրեց առաջին տեղը։
Հայերի և թուրքերի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1906 թվականի ամռանը, որի ժամանակ Կ․Պոլսի «Բալթա–Լիման» 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրքական «Գալաթասարայ»–ի նկատմամբ, որից հետո «Բալթա–Լիման» բաժանվեց «Արաքս»–ի և «Տորք»–ի։ «Արաքսը դարձավ լավագույն հայկական ակումբը, որը իր մարզումներն անցացնում էր Կ․Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»։ Թիմը մեծ համբավ էր ձեռք բերել և հաճախ ուրախացնում էր իր երկրպագուներին հաղթանակներով։
1918 թվականից Հայաստանի Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ և Երևան քաղաքներում սկսեցին գործել ֆուտբոլային ակումբներ։
Հայկական թիմերի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1920 թվականի մայիսի 28-ին Երևանի և Ալեքսանդրապոլի միջև՝ Երևանի Անգլիական այգում։
Մեր ժամանակների ճանաչված հայազգի ֆուտբոլիստներից է Հենրիխ Մխիթարյանը, ով 2013-2016 թվականներին հաջողությամբ հանդես էր գալիս Գերմանիայի առաջնությունում «Բորուսիա Դորտմունդ» ակումբում։ 2016 թվականի ամռանը նա Բորուսիայից տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» , որտեղ հասավ մեծ հաջողությունների, և դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը կարողացավ նվաճել Եվրոպայի սուպերգավաթը։ 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ, ներկայումս հանդես է գալիս իտալական Ռոմա ՖԱ-ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.