Մեծ Հայքի գավառների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia

Մեծ Հայքի գավառների ցանկ
Remove ads

Սույն ցանկում ներկայացված են Մեծ Հայքի գավառների ցանկը մանրամասն նկարագրությունով[1]։

Thumb
Մեծ Հայք

Մեծ Հայքի աշխարհագրական սահմանները․

  1. Հարավային սահման` սահմանակից է Միջագետքին՝ անցնում է Հարավային Տավրոս լեռներով, Եփրատի արմունկով (որով սահմանազատվում էր Կիլիկյան Տավրոսից), Եփրատ և Տիգրիս գետերով ու Նիփատես (Նպատական) լեռով։ Վերջիններս սահմանազատում էին Մեծ Հայքը Ասորեստանից։
  2. Արևմտյան սահման՝ սահմանակից է Կապադովկիային՝ Եփրատ գետի գծած մի մասով, Կապադովկիական Պոնտոսի այն մասով, որը հասնում է մինչև Կողքիս՝ Մոսքական լեռների գծած գծով։
  3. Արևելյան սահման՝ սահմանակից է Հիրկանյան ծովի այն մասին, որը Կուր գետի գետաբերանից սկսում և հասնում է մինչև Արաքս գետի գետաբերանը, և Մարաստանին՝ այստեղից մինչև Կասպիական լեռներ։
  4. Հյուսիսային սահման՝ սահմանակից է Կողքիսի մի մասին՝ Ճորոխ գետի ստորին հոսանքում գտնվող Եգր «փոքր աշխարհին», ապա Վիրքին և Աղվանքին՝ Կուր գետով։
Remove ads

Մեծ Հայք նահանգներն իրենց գավառներով

Աղձնիք նահանգ

Thumb
Մեծ Հայքի Աղձնիք նահանգ

Մեծ Հայքի հարավարևմտյան նահանգը։ Ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույց» քարտեզների ժողովածուի՝ հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևերով։ Հայտնի է նաև Ալսե, Ալզինենե անուններով[2]։ Ասորեստանյան սեպագիր արձանագրություններում երբեմն կոչվում է Աղզիս[3]։ Այստեղ էր հաստատված սահմանները պահպանող չորս բդեշխներից մեկը, որի սահմանների մեջ ներառվում էր նաև Միջագետքի մի մասը՝ Մծբին քաղաքով (Արվաստան), ինչպես նաև հայկական հարավային նահանգները մինչև Ուրմիա լճի սահմանները[4]։ Աղձնիքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի և Հայկական Տավրոսի միջև՝ մոտ 18 000 կմ² տարածությամբ։ Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հյուսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, և հարավային, որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային։ Դաշտային մասում էին Անգեղտուն (Քեղ), Նփրկերտ և Աղձն (Արձն, Արզն), իսկ լեռնային մասում՝ Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնաձոր և Սանասունք (Սասուն) գավառները։ Արտաշեսյանների և Արշակունիների օրոք Աղձնիքը Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր։ Աղձնիքի խոշոր կենտրոն Տիգրանակերտը «արքունի քաղաք» էր և ունեցել է ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը՝ «շահապը»։ Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով (հատկապես Անգեղտուն և Ազնվաց ձոր գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։ Կազմված էր 10 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Արշակունյաց թագավորության ժամանակ Աղձնյաց բդեշխությանն էին վերաբերում մի քանի գավառներ կամ երկրներ ևս, որոնք հետո խլվել էին հայերի կողմից[5]

  1. Նոշիրական կամ Նոր Շիրական
  2. Նիխորական
  3. Մահկերտան
  4. Դասան
  5. Ծավդեք
  6. Արզնարղյուն
  7. Ռեիմենա։

Այրարատ նահանգ

Thumb
Մեծ Հայքի Այրարատ նահանգ

Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։ Հայկական մատենագրության մեջ Այրարատ անվան տակ հասկացվում է Արաքսի հովիտը, Մասիս և Արագած լեռների մեջ, սկսած մոտավորապես Ախուրյան գետի բերանից մինչև Նախճավան։ Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտկունք գագաթից մինչև Շարիանի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դեպի արևելք՝ Թոնդրակ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները, այս մասում նրա մեջ է մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչվող լեռնաշղթաներով։ Այրարատն այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհների» մեջ ամենաընդարձակներից է։ Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Շիրակավանը, Կարսը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։ Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «Աշխարհացույցի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններս ծանոթ են Բասեն, Շիրակ, Բագրևանդ գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարատյան հարթությունը՝ Ախուրյանի գետախառնուրդից մինչև Շարուրի դաշտը։ 5-րդ դարի մեր պատմիչներն Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացույցում» նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին, իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր Արշակունիների ոստանը՝ արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին Բագրատունիները, Արշարունիքում և Շիրակի մի մասում՝ Կամսարականները, Շիրակի մյուս մասում՝ Դիմաքսյանները, Վանանդում՝ Վանանդի իշխանները։ Կազմված էր 23 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Արցախ նահանգ

Thumb
Մեծ Հայքի Արցախ նահանգ

Մեծ Հայքի տասներորդ նահանգը, կոչվում էր նաև Փոքր Սյունիք։ Տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունը զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ։ Արցախի նախարարական տունը սերված էր Հայկ նահապետի ժառանգ Սիսակից։ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ։ 5-ից 6-րդ դարերում Արցախը մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ։ Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի այրուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձել է Արցախ և այն պաշտպանել պարսիկներից։ Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից՝ Արցախի Առանշահիկները 5-րդ դարի վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծել են Աղվանից թագավորությունը, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը։ Կազմված էր 13 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Բարձր Հայք նահանգ

Thumb
Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգը

Մեծ Հայքի առաջին նահանգը։ Անունը ստացել է իր սարահարթի բարձրությունից։ Ունեցել է նշանավոր դեր հատկապես կրոնական տեսակետից։ Այստեղ են գտնվել հեթանոս հայերի գլխավոր մեհյաններից որոշները։ Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ունեցել է ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Բարձր Հայքը հայտնի էր իր սառնորակ աղբյուրներով, ոսկով, պղնձով, աղահանքերով, քարածուխով, նավթով, երկաթով։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Բարձր Հայքի արևմտյան շրջանները մտել են խեթական պետության մեջ։ Մ.թ.ա. 15-րդ դարից Բարձր Հայքը, Տայքի մի մասը Փոքր Հայքի հետ միասին կազմում էին Հայասա-Ազզի հայկական ցեղային միության տարածքը։ Մ.թ.ա. 189 թվականից Բարձր Հայքը մտել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ։ Հայտնի էր հեթանոսական հավատքի կենտրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի Երիզա ավանում էր գտնվում Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նույն գավառի Թիլ ավանում էր գտնվում պտղաբերության աստվածուհի Նանեի մեհյանը։ Կազմված էր 9 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Գուգարք նահանգ

Thumb
Մեծ Հայքի Գուգարք նահանգում

Մեծ Հայքի հյուսիսային սահմանագլուխ տասներեքերորդ նահանգն է։ Հույն պատմիչները հիշատակում են Գոգարեն անվանաձևով։ Նահանգն անունն ստացել է գուգարացիներից, որոնք կազմում էին առանձին ցեղ։ Տիգրան Մեծը, Հայաստանի և Վրաստանի մեջ սահման հաստատելով Կուր գետը, Գուգարք նահանգը դարձրեց բդեշխություն։ 4-րդ դարում Գուգարքը հայկական մյուս ծայրագավառների հետ ապստամբեց, բայց նորից նվաճվեց։ Սակայն նույն դարի վերջերում Գուգարքն անցավ Վրաստանին և մնաց նրա կազմի մեջ մինչև 6-րդ դարը։ Վրացիներն այդ կողմերն անվանում են «Սոմխեթի» (սոմեխի նշանակում է հայ)։ 652 թվականի հայ-արաբական պայմանագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ 8-րդ դարում Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, 9-րդ դարի կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970 թվականներին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065 թվականին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123 թվականներին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը` 1177 թվականին վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185 թվականից՝ Զաքարյաններին։ 12-13-րդ դարերում Գուգարքում կալվածքներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, փայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։ Կազմված էր 14 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Ծոփք նահանգ

Thumb
Մեծ Հայքի Ծոփք նահանգ

Հայտնի է նաև Չորրորդ Հայք անվամբ։ Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Բարձր Հայք, հարավից՝ Աղձնիք, արևելքից՝ Տուրուբերան նահանգներին, արևմուտքից՝ Փոքր Հայքին։ Արածանի գետով բաժանվում էր երկու մասի, որոնցից հարավայինը կոչվում էր Մեծ Ծոփք, հյուսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Հավաստի պատմության սկզբներում այս նահանգը կարևոր դեր է կատարել որպես նահանգ, որտեղ կազմակերպվել է Հայաստանի քաղաքական անկախությունը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Ծոփքի տարածքում ձևավորվել են առաջին ցեղային միավորումները։ Խեթական թագավոր Սուպիլուլիումա I–ի արձանագրություններում հիշատակվում է Ծոփքի միասնական իշխանության մասին, որը ընդդիմացել է խեթական հզոր պետության։ Մ.թ.ա. 13-9-րդ դարերում, պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քարորդից Ծոփքը, ընդգրկելով Վանի թագավորության կազմում, նոր վերելք է ապրել։ Մ.թ.ա. 5-րդ դարի սկզբից Ծոփքը եղել է Երվանդունիների հայկական պետականության կազմում։ Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին՝ Ծոփքն ապրել է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Մ.թ.ա. 3-րդ դարի կեսին Ծոփքը Սելևկյան պետության միջամտությամբ անջատվել է Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն։ Նույն դարի վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեզիայի ճակատամարտում Անտիոքոս III Մեծի պարտություից հետո Զարեհը Ծոփքը կրկին հռչակել է անկախ թագավորություն։ Արտաքին քաղաքականության հարցերում Զարեհը դաշնակվել է Մեծ Հայքի թագավորին՝ Արտաշես Ա–ին։ Զարեհին հաջորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրաքաղաք Արկաթիակերտը։ Արկաթիոսը սպանվել է Սելևկյան Անտիոքոս IV թագավորի դեմ կռվում։ Ծոփքի գահն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝ Արտանեսին։ Մ.թ.ա. 94-ին Տիգրան Բ Մեծը հաղթել է Արտանեսին և Ծոփքը վերամիավորել Մեծ Հայքին։ 7-9-րդ դարերում Ծոփքը դարձել է արաբա–բյուզանդական պատերազմների ասպարեզ և գտնվել տարբեր տերությունների կազմում։ 9-րդ դարում Ծոփքի արևելյան գավառներն անցել են հայ Բագրատունիներին, իսկ արևմտյան գավառները՝ մտել Բյուզանդիայի Միջագետք բանակաթեմի մեջ։ 1555 և 1639 թվականներին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքված պայմանագրով Ծոփքը զավթել են օսմանյան թուրքերը։ Ծոփքի հայությունը բնաջնջվել է 1915 թվականին տեղի ունեցած Մեծ եղեռնի ժամանակ։ Կազմված էր 8 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Կորճայք նահանգ

Thumb
Մեծ Հայքի Կորճայք նահանգը

Մեծ Հայքի վեցերորդ նահանգը՝ Արևելյան Խաբուր և Մեծ Զավ գետերի վերին հոսանքների շրջանում։ Արևելքից ձգվել է մինչև Զագրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Տիգրիս գետը։ Հարավից սահմանակից էր Ադիբենեին (Ասորեստան), արևմուտքից՝ Հայոց Միջագետք, հյուսիս-արևմուտքից՝ Աղձնիք, հյուսիսից՝ Մոկք և Վասպուրական, արևելքից՝ Պարսկահայք նահանգներին։ Աղբյուրներում Կորճայքը հաճախ իր ամենաընդարձակ գավառի՝ Կորդուքի անունով կոչվել է «Կորդվաց աշխարհ»։ Արտաշես Ա-ի օրոք (մ.թ.ա 189-160) հայկական հողերի վերամիավորումից հետո Կորճայքը մտել է Մեծ Հայքի մեջ, Արշակունիների ժամանակ եղել Մեծ Հայքի չորս բդեշխություններից կամ սահմանակալ զորաթևերից մեկը, որի բդեշխը, ըստ Ագաթանգեղոսի, կոչվել է «Երկրորդ սահմանակալն յԱսորեստանեայց կողմանէն»։ Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև Մեծ Հայքի 387 թվականի բաժանումից հետո Կորճայքը անջատվել է։ 5-6-րդ դարերում Սասանյան Պարսկաստան Կորճայքը միացրել է Ադիաբենե-Հեդայաբին և մտցրել Խորավարան քուստակի մեջ։ Սակայն այդ վարչաքաղաքական բաժանումը չի խոչընդոտել Կորճայքի և կենտրոնական Հայաստանի ազգային միասնությանը, տնտեսական և մշակութային կապերին, մանավանդ, որ Կորճայքը կրոնա-եկեղեցական առումով մնում էր Հայոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանության ներքո։ Այդ դարերում հայերի կողքին Կորճայքում հաստատվել էին զգալի թվով ասորական, հատկապես՝ նեստորական համայնքներ։ Արաբական տիրապետության ժամանակ Կորճայքի զգալի մասը մտել է Զազիրա կուսակալության մեջ։ 9-րդ դարում Տմորիքի հյուսիսային մասը՝ Ալկի կամ Ալկեքար ամրոցով, և Մեծ Զավի հովտի գավառները՝ Ջլմար, Սրինգ և Ագարակ ամրոցներով, մտել են Վասպուրականի Արծրունյաց իշխանության կազմում։ Սելջուկյան նվաճումների ժամանակ Կորճայքի հարավային շրջաններում գերիշխող են դարձել քրդական վաչկատուն ցեղերը։ Որոշ ուսումնասիրություներ «քուրդ» անվան ծագումը կապում են «Կորճայք» կամ «Կորդուք» անունների հետ։ Այլ ուսումնասիրողներ մերժում են այդ ենթադրությունները՝ պատճառաբանելով, որ հասարակական զարգացման համեմատաբար ցածր մակարդակում ապրող վաչկատուն ու խաշնարած քրդերը ցեղակցական որևէ կապ չեն ունեցել բարձր քաղաքակրթության հասած, երկրագործ կորճայեցիների կամ կորդվացիների հետ։ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Կորճայքը մտել է Վանի փաշայության՝ Հեքյարի սանջակի, իսկ նրա Կորդուք գավառը՝ Դիարբեքիրի վիլայեթի մեջ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորճայքը հիմնականում դարձել է քրդաբնակ։ Կազմված էր 11 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Մոկք նահանգ

Thumb
Մեծ Հայքի Մոկք նահանգ

Մեծ Հայքի հինգերորդ նահանգը։ Հայտնի է նաև Մոկս անվամբ։ Հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Վասպուրականի, արևմուտքից՝ Աղձնիքի, հարավից՝ Կորճայքի հետ։ Նահանգի կենտրոնն էր Մոկս բերդաքաղաքը։ Հանդիսանում է Մեծ Հայքի հարավային ծայրագավառ։ Այստեղ տարածվում են Տավրոսի լեռները։ Լեռներով ու ամրություններով հարուստ նահանգ է։ Նրա մասին շատ քիչ տեղեկատվություն կա։

451 թվականի Ավարայրի ճակատամարտում Մոկքի մեծ իշխանը եղել է հայոց առաջին զորագնդի հրամանատարի օգնական։ Հայոց Արշակունի թագավորության անկումից հետո Մոկքի իշխանները պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ 8-րդ դարի սկզբին Բագրատունիների մի ճյուղը հաստատվել է Մոկքում։ 9-րդ դարի 2–րդ կեսին Մոկքը ենթարկվել է Վասպուրականի Արծրունյաց իշխաններին։ 10-րդ դարի 2–րդ կեսին Բյուզանդիան ցանկանում էր նվաճել Մոկքը՝ Վասպուրականի նվաճումը հեշտացնելու նպատակով։ Վասպուրականի թագավորության անկումից հետո Մոկքը միացվել է Բյուզանդիային, սակայն այնտեղ Արծրունիները շարունակում էին ճանաչել Վասպուրականում մնացած Արծրունիների շառավիղներ Խեդենեկյանների գերակայությունը։ 16-րդ դարի սկզբից Մոկքի տարածքը նվաճել է օսմանյան Թուրքիան։ Վերջինիս կազմում այն մտնում էր Վանի էյալեթի մեջ՝ որպես առանձին սանջակ՝ Մոկս անունով։ 16-19-րդ դարերում Մոկքում շարունակում էին գոյատևել հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրդերը։ Մոկքում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Մոկքի 49 բնակավայրերի հայ բնակչությունը, ավելի քան 900 ընտանիք, 1915 թվականին տեղահանվել են։ Փրկվածներն անցել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Թալինի, Աշտարակի շրջաններում, Սևանի ավազանում և այլուր։ Կազմված էր 9 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Պարսկահայք նահանգ

Thumb
Մեծ Հայքի Պարսկահայք նահանգ

Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից էր Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին, արևելքից՝ Կասպից ծովին։ Փայտակարան նահանգն, ըստ մ․թ․ա․ 63 թ․ - մ․թ․ 24 թ․ ապրած փոքրասիական հույն աշխարհագէտ և պատմիչ Ստրաբոն Ամասիացու՝ հայերը խլել են Ատրպատականից։ Փայտակարանը Մեծ Հայքի թագավորության կազմում է եղել մ․թ․ա 165 թվականից մինչև մ․թ․ 385 թվականը՝ այսինքն 550 տարի, այլ կերպ ասած՝ ավելի քան կես հազարամյակ։ Նահանգն իր անունը ստացել է Փայտակարան քաղաքի անունից։ Մյուս անունն էր Կասպեից կամ Կազբեից աշխարհ։ Այլ տվյալներ շատ քիչ են պահպանվել։ Կազմված էր 13 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Սյունիք նահանգ

Մեծ Հայքի իններորդ նահանգը։ Արևմուտքում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում էր Այրարատին, հյուսիս-արևելքում և արևելքում՝ Արցախին, հարավում և հարավ-արևելքում՝ Վասպուրականին։ Ուրարտական արձանագրություններից մեկում կարդացվում էր Սուինիա երկրանունը։ Սյունիքում տիրող նախարարական տոհմը կոչվում էր Սիսիական, որի անունով էլ պարսիկները նահանգը կոչում էին Սիսիական, իսկ արաբները՝ Սիսաջան։ Կազմված էր 12 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Վասպուրական նահանգ

Thumb
Մեծ Հայքի Վասպուրական նահանգ

Մեծ Հայքի ութերորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս-արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Կենտրոնական նահանգներից և ամենամեծը իր տարածությամբ։ Անունը գրականության մեջ հիշատակվում է սկսած 6-րդ դարից։ Անունը հայկական չէ և վերցված է պահլավերենից։ «Վասպուր» էին կոչվում Սասանյան թագավորների ժամանակ Պարսկաստանի յոթ ամենաբարձր ազնվական տոհմերի անդամները։ Ելնելով դրանից երկիրը խոչվում էր «Ազնվականների երկիր» կամ «Ազնվականների գնդիր երկիր»[35]։ Վասպուրական նահանգը կոչվում էր նաև «Երկիր Արծրունյաց», քանի որ այստեղի գլխավոր նախարարական տոհմը Արծրունիներն էին։ Կազմված էր 36 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Տայք նահանգ

Thumb
Մեծ Հայքի Տայք նահանգ

Տայքը Դայաենի և Դիաուեխի անվանումներով հիշատակվում է ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում։ Մ.թ.ա. 401 թվականին անցնելով Հայաստանով՝ հույն զորավար Քսենոփոնը հիշատակում է «տայոխների» երկիրը։ Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։ 230–ական թվականներին հայոց արքա Խոսրով Ա Մեծը Տայքի մեծագույն մասը հատկացրել է Մամիկոնյանների նախարարությանը՝ որպես ժառանգական կալվածք։ 5-6-րդ դարերում Տայքը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ մղված ազատագրական շարժումների կենտրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներում՝ Մամիկոնյաններն ու նրանց համակիր ուժերը հաջողությամբ պայքարել են պարսկական նվաճողների դեմ։ 591 թվականին Հայաստանի նոր վերաբաժանմամբ Տայքն անցել է Բյուզանդական կայսրությանը։ Մորիկ կայսեր կողմից Հայաստանի վարչական բաժանման ժամանակ ստացել է «Խորագույն Հայք» անվանումը։ 7-րդ դարի կեսից Տայքը մտել է արաբական արշավանքների ժամանակ բյուզանդական զորքերից լքված և Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ առժամանակ ինքնուրույնությունը վերականգնած Հայաստանի Էմիրության կազմում։ 7-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին մի շարք հայ իշխանական տներ ապաստանել են Տայքի լեռնավայրերում՝ խուսափելով արաբական նվաճողներից։ Տայքը դարձել է հակաարաբական պայքարի կենտրոն՝ Մամիկոնյանների գլխավորությամբ։ Անհավասար կռիվներում թուլացած և Հայաստանի քաղաքական ասպարեզից հեռացած Մամիկոնյանների կալվածները, այդ թվում՝ Տայքը, 8-րդ դարի վերջին անցել են Բագրատունիներին։ 10-րդ դարում Տայքի Բագրատունյաց ճյուղն ընդունել է բյուզանդական գերիշխանությունն ու քաղկեդոնական դավանանքը, կառավարել կայսեր շնորհած բարձր տիտղոսներով։ 1001 թվականին Տայքը նվաճել Է Բյուզանդական կայսրությունը, որը վարել է տեղի հայ բնակչությանը քաղկեդոնականություն պարտադրելու և նրանց ռազմական ուժերը թուլացնելու քաղաքականություն։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում սելջուկյան թյուրքերից պարտված Բյուզանդիան հայկական հողերի հետ Տայքը զիջել է նրանց։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Տուրուբերան նահանգ

Thumb
Մեծ Հայքի Տուրուբերան նահանգ

Մեծ Հայքի չորրորդ նահանգը։ Արևմուտքից սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք, հյուսիսից՝ Այրարատ, արևելքից՝ Վասպուրական, հարավից՝ Մոկք և Աղձնիք նահանգներին։ Տուրուբերանի բնական սահմաններն արևմուտքում կազմում էին Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան հատվածից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները, հյուսիսում՝ Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պատնոց գետերի ջրբաժան լեռները, հարավում՝ Հայկական Տավրոսը։ Ընդգրկել է հիմնականում Արածանու վերին և միջին, ինչպես նաև Արաքսի վերին հոսանքների ավազանը։ Այստեղ է գտնվում երրորդ մեծ և բարեբեր հովիտը՝ Մուշի դաշտը (Արածանիի վրա)։ Կազմված էր 16 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Ուտիք նահանգ

Thumb
Մեծ Հայքի Ուտիք նահանգ

Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգ։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տափարակում և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հյուսիսում և արևելքում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արևմուտքում՝ Դեբեդի և Աղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հյուսիս-արևմուտքում Մրղուզի և Սևանի լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հարավ-արևմուտքում՝ Արցախին, հարավում Երասխ գետով՝ Փայտակարանին` Արցախի և Կուր գետի մեջ։ Այստեղ ապրում էին ուտիացիները, գարդմանացիները, գարգարացիները և այլ ցեղեր։ Կազմված էր 8 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...

Փայտակարան նահանգ

Thumb
Մեծ Հայքի Փայտակարան նահանգ

Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից էր Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին։ Այն հայերը խլել են Ատրպատականից, սակայն այն հայերի իշխանության տակ երկար ժամանակ չմնաց։ Անունն ստացել է Փայտակարան քաղաքի անունից։ Այլ տվյալներ շատ քիչ են պահպանվել։ Կազմված էր 13 գավառներից։

Մանրամասն տեղեկատվություն #, Պատկեր ...
Remove ads

Տես նաև

Գրականություն

  1. Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 .
  2. Հայ ժողովրդի պատմություն, Հ. 2. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984 .
  3. Հայոց պատմություն, հ. II. Միջին դարեր (IV դ. - XVII դ. առաջին կես), գիրք երկրորդ (IX դարի կես-XVII դարի առաջին կես), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2014, 800 էջ + 24 ներդիր։
  4. Լեո, Հայոց պատմություն, Առաջին հատոր, Հին պատմություն, «Երկերի ժողովածու տասը հատորով, Առաջին հատոր», «Հայաստան», Եր․ 1966։
  5. Լեո, Հայոց պատմություն, Երկրորդ հատոր, Լեո ” Հատոր 2։ «Հայոց պատմություն» երկրորդ հատորը պետք է ընդգրկեր 5-15-րդ դարերը, կամ հեղինակի խոսքերով ասած՝ միջին դարերը, հայկական միջնադարը։ Սակայն Լեոն չկարողացավ ամբողջովին իրականացնել իր ծրագիրը. այս հատորում նա շարադրեց միայն 5-11-րդ դարերի պատմությունը։
  6. Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 518 էջ։
  7. Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 2-րդ հրատ., Երևան, ԵՊՀ հրատ., 1968, 509 էջ։
  8. Հարությունյան Բ.Հ․, «Աշխարհացոյցը» և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։
  9. Հարությունյան Բ.Հ․, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի», մաս Ա, Երևան, 2001։
  10. Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Ա հատոր, Երևան, 2003։
  11. Հարությունյան Բ.Հ․, Հայոց պատմության ուսումնական ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։
  12. Հարությունյան Բ.Հ․, Ազգային ատլաս, Բ հատոր, Երևան, 2008։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads